Մատչելիության հղումներ

logo-print

Ոստիկանապետը Գորիսի միջադեպում հանցակազմ չի տեսնում


Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փոխանցմամբ, կիրակի օրը Գորիսում տեղի ունեցած միջադեպում քրեական հանցակազմ պարունակող երևույթներ չկան:

«Չեմ ուզում կանխավ կարծիք հայտնել, բայց լրատվամիջոցներում գոյություն ունեցող բոլոր վարկածները՝ խոսքը գնում է առևանգման, ծեծի ենթարկելու, դանակահարության, չեն համապատասխանում իրականությանը», - պատասխանելով Ազատության հարցին, թե ինչու ոստիկանությունը քրեական գործ չի հարուցում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր որդու մասնակցությամբ դեպքի առթիվ, ասաց ոստիկանապետը, - «Հենց առաջին պահից, երբ ոստիկանությունը իմացել է լրատվամիջոցներից, բոլոր ուղղություններով ճշտված է»:

Մինչդեռ ավելի վաղ ոստիկանությունը պաշտոնապես հաստատել էր, որ նախկին մարզպետի եղբորորդի Էյներ Խաչատրյանը ծեծի է ենթարկել գորիսեցի Հարությունյան եղբայրներին: Դեպքի մի ականատես էլ «Ազատությանը» պատմել էր, թե Էյներ Խաչատրյանը տասը ընկերների հետ հարձակվել է գորիսեցի եղբայրների վրա, դանակով ու երկաթե ձողով հարվածներ հասցրել նրանց:

Վերջին օրերի մեկ այլ աղմկահարույց միջադեպի՝ Վերնիսաժում հնչած կրակոցների գործով ներգրավված բոլոր անձինք իրավապահներին հայտնի են, Վլադիմիր Գասպարյանը հաստատեց, որ դեպքի վայրում եղել է նաև ոստիկանության քննիչ: Գասպարյանին հիշեցրինք նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի խոսքերը, թե ինքն էլ կկրակեր, եթե հայտնվեր նույն իրավիճակում, ինչ Կարո Կարապետյանի՝ յուվեցի Կարոյի փեսան էր: Գործող ոստիկանապետից հետաքրքրվեցինք՝ ի՞նքն էլ կկրակեր:

«Դուք պատկերացնո՞ւմ եք ինձ նման իրավիճակում․ ամեն ինչ հանդարտ կարգի կգար, նորմալ, ոչ մի բան չէր լինի», - ասաց նա:

Վլադմիր Գասպարյանը հրաժարվեց մեկնաբանել այժմ նախագահի խորհդականի պաշտոնը զբաղեցնող Ալիկ Սարգսյանի հայտարարությունը, բայց ասաց՝ կհետևի նախկին ոստիկանապետի առաջարկին՝ մյուս կողմի վարքագիծն էլ քննության առնել, բացատրեց նաև, թե ինչու չի շփվում Ալիկ Սարգսյանի հետ․ - «Ինքը հիմա շատ ազատ ժամանակ ունի, իսկ ես շատ զբաղված եմ»:

Դիտարկմանը, թե արդյոք հերթական արյունալի միջադեպերը վկայում են, որ կյանքի չեն կոչվում ոստիկանապետի խոստումները՝ առանց զոռբայության, օրենքի երկիր կառուցելու մասին, Վլադիմիր Գասպարյանն արձագանքեց․- «Երբեք չեմ փորձել բացառել: Ասել եմ, որ չի լինի սա բնականոն ընթացք՝ երբեք չի լինի: Եվ եթե դուք ուշադիր եք լրատվամիջոցներին, ինքներդ տեսնում եք ինչ արագությամբ և ինչ քանակի զենք և զինամթերք է առգրավվում»:

Քանի որ քաղաքական իրավիճակը երկրում հանդարտ է, իրավապահների թիրախում հիմա կրիմինալն է՝ թաղային հեղինակություններ, գողեր․- «Շատ վատ բաներ ենք անում մենք․ ոստիկանությունը հիմա բավականին ուժ, հնարավորություն ունի՝ թակարդներ դնելու ցանկացած նման երևույթների համար: Մի կրիմինալիստ սերնդի հետ մենք աշխատում ենք, փորձում ենք շտկել, ի մի բերել՝ տակից աճում է մի ուրիշը: Մենք այս իրավիճակում ինչ կատարվում է՝ դրա դեմը կառնենք: Մեզ պետք է, որ եկող սերունդը ուրիշ մտածելակերպ ունենա: Եվ հենց դրա համար է՝ դպրոցական ոստիկաններ և այլն, և այլն»:

Իր պաշտոնանկության մասին շրջանառվող տեղեկությունները ոստիկանապետը «դմբո բաներ» է որակում:
XS
SM
MD
LG