Մատչելիության հղումներ

Գորիսյան միջադեպ․ ոստիկանությունը պնդում է ծեծի, «ծեծվածները»՝ վեճի մասին


Գորիսյան միջադեպ․ ոստիկանությունը պնդում է ծեծի, «ծեծվածները»՝ վեճի մասին
please wait

No media source currently available

0:00 0:04:51 0:00
Գորիսում երկու օր առաջ տեղի ունեցած դեպքի կապակցությամբ դեռ հետաքննությունը շարունակվում է: Ոստիկանությունն առայժմ քրեական գործ չի հարուցել:

Ուշագրավ է տեղի ունեցածի գնահատականների տարբերությունը:
Գորիսի բնակիչ Գոռ Հարությունյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, թե Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Էյներ Խաչատրյանը ոչ թե ծեծել է իրեն ու եղբորը, այլ եղել է «մի թեթև վիճաբանություն»։

Մինչդեռ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը պաշտոնապես հաստատեց ծեծի մասին պնդումները.- «Մեր տեղեկատվության համաձայն՝ Էյներ Խաչատրյանը մայիսի 25-ին, ժամը 23։00-ին Սյունիքի փողոցի թիվ 169 տան մոտ ծեծի է ենթարկել Գոռ և Արթուր Հարությունյաններին»։

Ինչո՞ւ է Գոռ Հարությունյանը ոստիկանության տեղեկություններին հակասող պնդումներով հանդես գալիս: Նա իրենց և Էյներ Խաչատրյանի ընտանիքների հարաբերությունները բնութագրեց հնարավորինս սերտ և ջերմ: Ասաց՝ ոչ միայն հարևաններ են, այլև բարեկամ ու ընկեր։

Մոտիվը

Գոռ Հարությունյանն ու եղբայրը՝ Արթուր Հարությունյանը, զբաղվում են ավտոմեքենաների վերանորոգմամբ և առուվաճառքով: Ըստ Գոռ Հարությունյանի, իր և Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու միջև վեճը եղել է ավտոմեքենայի առուվաճառքի շուրջ: Ըստ Գոռի վարկածի, իրենք պարտք են եղել Էյներ Խաչատրյանին։

«Փողը ուշացրել ենք, մի թեթև վիճաբանություն է էղել, ուրիշ ոչ մի բան։ Մի տաս օր ենք ուշացրել։ Մեզ չեն ծեծել, մենք էդքան անճար չենք, որ մեզ ծեծեն։ Զեր ԶԼՄ-ները ինչ, որ հրապարակել են, էդ ըտենց չի, մենք էդքան անճար չենք, ոչ էլ կորած մարդ ենք։ Ամեն օր մենք միասին ենք, հնարավոր չէ մեր մեջ ծեծկռտուք լինի։ Կանգնած խոսում էինք, ուղղակի տոնայնության բարձրացում է եղել խոսակցության։ Ընդամենը մի հատ հրել է ձեռքով, էն էլ ինքը մի քիչ խմած է էղել, էդ է էղել պրոբլեմը, ուրիշ ոչ մի բան»,- ասաց Գոռը՝ հերքելով, որ եղբայրը կոտրվածքներ ունի, իրեն էլ դանակահարել են։

«Նշված էր, որ ինձ էլ դանակով խփել են, բա ո՞ւր է, ես մեռել եմ, հա՞։ Մենք բարեկամ մարդիկ ենք։ Խի՞ եք ըտենց խառնված իրար»,- հարցրեց երիտասարդը։

Գոռ Հարությունյանը մեր մի շարք ճշտող հարցերից հետո անգամ հայտարարեց, թե այնքան լավ հարաբերությունների մեջ է երկու օր առաջ իրենց տան տարածք ներխուժած Էյներ Խաչատրյանի հետ, որ մեր զրույցից քիչ առաջ Էյներ Խաչատրյանենց տանը միասին թեյ են խմել, հետո էլ եկել են իրենց տուն՝ սուրճ խմելու։

Գոռ Հարությունյանն ասաց՝ առերես հարցաքննել են իրեն և Էյներ Խաչատրյանին: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, այսօր ոստիկանությունում բացատրությւոն է տվել նաև Գոռի եղբայրը՝ Արթուր Հարությունյանը:

Անցած օրերին լուրեր էին շրջանառվում, որ ծեծից հետո Սուրիկ Խաչատրյանի կնոջ քրոջ ամուսինը Էյներ Խաչատրյանի հետ ավտոմեքենայի մեջ են նստեցրել Հարությունյան եղբայրներին և տարել անհայտ ուղղությամբ: Այս տեղեկությունն այսօր չհաստատեց Գոռ Հարությունյանը: Իսկ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը չհստակեցրեց, թե ինչ է պարզել ոստիկանությունը՝ ի վերջո տղաներին տարել են անհայտ ուղղությա՞մբ, թե՝ ոչ։

Իսկ ի՞նչ եղավ պարտքը

Գորիսյան հերթական աղմկահարույց միջադեպի վերաբերյալ տուժող կողմի՝ տվյալ դեպքում, Հարությունյանների ընտանիքի անդամների պատմածների արժանահավատությունն ուշագրավ երանգ է ստանում, երբ համեմատում ենք նույն իրավիճակի վերաբերյալ երկու վկայություն: Գոռ Հարությունյանը այսօր պատասխանելով «Ազատության» հարցին, թե ինչո՞ւ էին մայիսի 25-ին մարդիկ հավաքվել իրենց տան մոտ, ասաց.- «Մեր հայաթում ոչ մեկ էլ չի հավաքվել, մենք արհեստավոր մարդիկ ենք, մեր կլիենտներ են, գալիս են, առնում»։

Իսկ Գոռի մայրը՝ Սոֆյա Հարությունյանը երեկ «Ազատությանը» ասել էր՝ իրենց տան մոտ շատ մարդիկ էին հավաքվել կռվի պատճառով։

«Ճիշտն ասած, ես որ եկել եմ, վերջում եմ եկել, մեր դռանը շատ մարդ է եղել, ասում էին, որ կռիվ է եղել, բայց ես չեմ տեսել»,- ասել էր մայրը։

Հանրության պարտությունը

Գորիսում Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորների հետ կապված տասնյակ աղմկահարույց պատմություններ են հայտնի հանրությանը: Նույն Էյներ Խաչատրյանը, ըստ մամուլի հրապարակումների, 2004-ին մեղադրվել է 34-ամյա մի երիտասարդի սպանության մեջ, սակայն դատապարտվել է ընդամենը 1.5 տարվա ազատազրկման:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը հիշեցնում է Սուրիկ Խաչատրյանի և նրա շրջապատի անձնվեր ծառայությունները՝ իշխանության օգտին քվեներ ապահովելու գործում։

«Այդ քրեական հանցագործներն են զարմանում, որ հայտնվում են մամուլի կամ հասարակության ուշադրության կենտրոնում, որովհետև նրանց թվում է, թե ոչինչ չեն արել։ Նրանք ի սկզբանե գնել են իրենց՝ ամեն ինչ ազատ անելու իրավունքը։ Հիմա այսօր պարզ է, որ պետք է զարմանան, նույնիսկ վրդովվեն, որ մենք նրանց դատապարտում ենք»,- ասաց Հարությունյանը։

«Առաջին դեպքը չէ, երբ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի հետ կապված տուժողները հայտարարում են կամ պարտադրված, ստիպված են լինում հայտարարել, որ իրենց հետ ոչ մի բռնություն չի կատարվել»,- նկատեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ այս իրավիճակում հանրությունը պարտվում է, քանի որ իշխանությունից բացի հանցավոր կլանի գործիք է դառնում նաև տուժող կողմը:
XS
SM
MD
LG