Մատչելիության հղումներ

Գորիսում ծեծված երիտասարդների մայրն ասում է՝ չի տեսել միջադեպը


Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր որդին՝ Էյներ Խաչատրյանը և Գոռ Հարությունյանը այսօր բացատրություն են տվել ոստիկանությունում՝ Գորիսում տեղի ունեցած վերջին միջադեպի կապակցությամբ:

Այլ մանրամասներ ոստիկանությունից առայժմ չեն հաղորդում: Ավելի վաղ, սակայն, ոստիկանությունը հաղորդել էր, որ երեկ ուշ երեկոյան նախկին մարզպետի եղբորորդին ծեծի է ենթարկել երկու անձանց, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Դեպքի ականատեսներից մեկը, ով խնդրեց չհրապարակել իր անունը և խոսեց միայն ձայնը փոխելու պայմանով, «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին մոտ տասը ընկերների հետ, երեկ մտել են Գորիսում հայտնի «Կուլակ» մականունով Գուրգեն Հարությունյանի տուն ու ծեծի ենթարկել նրա երկու որդիներին՝ 23-ամյա Գոռին և 33-ամյա Արթուրին:

Ընդ որում, ըստ ականատեսի, ծեծի ենթարկողները չեն թույլատրել, որպեսզի տուժածներին հիվանդանոց տանեն, փոխարենը՝ Սուրիկ Խաչատրյանի կնոջ քրոջ ամուսինն է վիրավոր երիտասարդներին սեփական մեքենայով տեղափոխել, սակայն ուր, հայտնի չէ:

«Տղաներից Գոռին դանակով խփել են, իսկ Արթուրի ոտքը ու կողքը ջարդվել է: Երկաթ մանտիրովկաներով են ծեծել», - ասաց մեր զրուցակիցը:

Ծեծի ենթարկված եղբայրների մայրը՝ Սոֆյա Հարությունյանը «Ազատությանը» փոխանցեց, որ միջադեպի պահին՝ երեկոյան ժամը 10-ի սահմաններում տանը չի եղել և չգիտի՝ արդյոք որդիներին ծեծել են, թե՝ ոչ:

«Ես ոչինչ չեմ տեսել, ես տանը չեմ եղել, ես որ եկել եմ, ամեն ինչ վերջացած է եղել, ես չգիտեմ ինչ է եղել: Ճիշտն ասած, ես որ եկել եմ վերջում եմ եկել, մեր դռանը շատ մարդ է եղել, ասում էին, որ կռիվ է եղել, բայց ես չեմ տեսել»,- ասաց մայրը։
Հարցին, թե գիտի՝ որտե՞ղ են այժմ իր որդիները, Սոֆյա Հարությունյանը նախ պատասխանեց, որ չգիտի, հետո էլ ուղղեց ինքն իրեն. - «Իմ տղաները գնացել են Լեռնային Ղարաբաղ, էնտեղ ավտո ունենք, բերեն: Գնացել են երեկ ժամը 10-ի սահմանում են»։

Այն, որ ականատեսները խուսափում են իրենց անունը հայտնելուց, իսկ երիտասարդների մայրը ընդհանրապես հերքում է, որ տեսել է միջադեպը, վկայում է այժմ Գորիսում տիրող վախի և անպատժելիության մթնոլորտի մասին, «Ազատությանը» փոխանցեց Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը: Չնայած Սուրիկ Խաչատրյանը հրաժարական տվեց Գորիսում իր տան մոտ տեղի ունեցած սպանությունից հետո, բայց միևնույնն է Խաչատրյանների կլանը շարունակում է սարսափի մեջ պահել սյունեցիներին, ասում է նախկին քաղաքապետը:

«Սա Սուրիկ Խաչատրյանի գերդաստանի հերթական «սխրագործությունն» է: Ես չեմ բացառում, որ այս ոճրից հետո շատ կարճ ժամանակում շատ բարձր պաշտոնի արժանանա Սուրիկ Խաչատրյանը», - հավելեց Սամվել Հարությունյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG