Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները չեն բացառում, որ Գորիսում ինքնաբացարկները ճնշման արդյունք են


Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

ԱԺ-ում ներկայացված ոչ իշխանական ուժերից առնվազն երկուսը չեն բացառում, որ հունիսի 8-ին նշանակված Գորիսի քաղաքապետի ընտրություններում չորս թեկնածուներից երկուսի ինքնաբացարկը կարող է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ճնշումների հետևանքը լինել:

Գորիսի քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու հայտ էին ներկայացրել նախկին մարզպետի աջակցությունը վայելող, ՀՀԿ-ի թեկնածու Վաչագան Ադունցը, անկուսակցական Հրայր Յոլյանը, Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը` Արա Բուդաղյանը և Տիգրան Կարապետյանը: Վերջինները, սակայն, քարոզարշավի մեկնարկից մի քանի օր առաջ ինքնաբացարկ հայտարարեցին:

ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը (ՀԱԿ) ինքնաբացարկները պայմանավորում է նախկին մարզպետի ճնշումներով. - «Իշխանությունը ինչպես կար քրեաօլիգարխիկ, այդպիսին էլ շարունակում է մնալ և սովորաբար խրախուսում է միայն նրանց, ովքեր պատրաստ են իրենց հրահանգով կամ սեփական նախաձեռնությամբ մշտապես իրավիճակը ապակայունացնել և եթե պետք է` նույնիսկ հանցագործությունների գնալ: Տվյալ դեպքում Սուրիկ Խաչատրյանը իրենց լրիվ բավարարում է: Սուրիկ Խաչատրյանը այնքան երկար ժամանակ Գորիսը պահել է ահաբեկման մեջ»:

Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում ընդդիմության պասսիվությունը պատգամավորը բացատրում է ոչ բավարար լծակներով ու ընտրողներին մոբիլիզացնելու դժվարությամբ. _ «Եթե գործում է փողի ընտրությունը, եթե գործում են քրեաօլիգարխիկ համակարգի արատավոր բարքերը, որոնք ներդրված են բոլոր փոքր քաղաքներում, փոքր համայնքներում: Ահի մթնոլորտը, վախի մթնոլորտն այնքան մեծ է, որ այստեղ ժողովրդի մոբիլիզացիան համարյա թե անհնար է»:

Դաշնակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի խոսքով` միայն այն, որ Հանրապետական կուսակցության թեկնածուն գրեթե միայնակ մնաց ընտրապայքարում, արդեն մտահոգվելու ու համապատասխան եզրակացություններ անելու առիթ է. - «Չեմ կարող պնդել, բայց նաև որոշ հանգամանքներից կարծես թե պարզ է դառնում, որ ինքնաբացարկ հայտնելը եղել է որոշակի կա'մ պայմանավորվածությունների, կա'մ ճնշումների, կա'մ այլ մեխանիզմների արդյունք: Ինքնին որ Հանրապետական կուսակցության երաշխավորած թեկնածուն մնաց, իսկ Հանրապետականի կառույցի ղեկավարը կարծեմ նախկին մարզպետն է այդ տարածաշրջանում, և ավելին` այն, որ ինքնաբացարկ հայտնած թեկնածուներից մեկն այսօրվա մարզպետի կարծես թե մտերիմներից է, որոշ մտորումների առիթ տալիս է»:

Վարդանյանը հավելեց, որ Հայաստանում գործող ընտրական տեխնոլոգիաները, մեթոդները շատ դեպքերում անիմաստ են դարձնում մասնակցությունը. - «Երբ տեսնում ես, որ ընտրություններում դերակատար է ոչ թե անհատի հատկանիշները, ոչ թե տեղական ինքնակառավարում իրականացնելու կարողությունները, այլ ուրիշ ֆակտորներ, զուտ ձևի համար մասնակցել և արդյուքն չունենալ, մենք բացառում ենք»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը «Ազատության» հարցին, թե կիսում է արդյոք մամուլում շրջանառվող այն կարծիքը, որ Սյունիքը շարունակում է մնալ նախկին մարզպետի տիրապետության տակ, արձագանքեց. - «Ես այնքան չէի անձնավորի: Որովհետև համակարգը յուրաքանչյուր մարզում, յուրաքանչյուր քաղաքում ունի իր խորհրդանիշը (նայած թե տվյալ պահին ով է դառնում խորհրդանիշը), որը պետք է ամբողջությամբ ներկայացնի համակարգի էությունը: Իսկ համակարգը, կրկնում եմ, հակահամակարգ է թե' որևէ նորմալ ընտրության, թե' որևէ նորմալ ծրագիր իրականացնելու համար»:

Հակոբյանի փոխանցմամբ` «Ժառանգություն»-ը ընտրություններին մասնակցել է այնքանով, որքանով կարողացել է: Նա հավելեց, որ իշխանությունները վերարտադրվելու համար զիջումների չեն գնում:

«Բարգավաճ Հայաստան»-ի խորհրդարանական խմբակցության անդամ Վահան Բաբայանի կարծիքով, ՏԻՄ ընտրություններում տարածված պրակտիկա է, երբ առաջադրվում են թեկնածուներ, սակայն վերջին պահին հրաժարվում են պայքարից ու դաշտը թողնում իշխող կուսակցության ներկայացուցչին:

«Սա խոսում է այն բանի մասին, որ մեր երկիր կամաց-կամաց վերածվում է կամ արդեն վերածվել է մեկ կուսակցության պետության: Գյուղապետ, մարզպետ, կոճակային մեծամասնություն, կառավարություն. բոլոր տեղերում մի կուսակցության որոշման հիման վրա է կայացվում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բաբայանը:

Հունիսի 8-ին ընտրություններ կանցկացվեն ավելի քան 70 համայնքներում:
XS
SM
MD
LG