Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանը Մոսկվայում մասնակցել է գիտաժողովի, ուր քննարկվել են «գունավոր» հեղափոխությունները


Ռուսաստան – Արտգործնախարար Սերգեյ Լավրովը (ձախից) և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում անցկացվող Միջազգային անվտանգության երրորդ կոնֆերանսի բացման ժամանակ, Մոսկվա, 23-ը մայիսի, 2014թ․

Ռուսաստան – Արտգործնախարար Սերգեյ Լավրովը (ձախից) և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում անցկացվող Միջազգային անվտանգության երրորդ կոնֆերանսի բացման ժամանակ, Մոսկվա, 23-ը մայիսի, 2014թ․

Մոսկվայում տեղի է ունեցել անվտանգության հարցերով միջազգային գիտաժողով, որին մասնակցել է նաև Հայաստանի պաշտպանության նախարարի ղեկավարած պատվիրակությունը:

Սա Ռուսաստանի պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ անցկացվող երրորդ գիտաժողովն է: Միջոցառմանը մասնակցել են Բելառուսի, Պակիստանի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Չինաստանի, Իրանի և Հայաստանի ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչները:

Գիտաժողովին բացման խոսքով հանդես է եկել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ով իր ելույթում անդրադարձել է նաև «գունավոր» հեղափոխությունների թեմային: Մասնավորապես, իր հակաամերիկյան ճառում Շոյգուն հայտարարել է, որ ժողովրդավարության անվան տակ արևմտյան երկրները գունավոր հեղափոխություններ են տարածում տարբեր երկրներում, այդ թվում՝ հետխորհրդային տարածքում:

«Ազատության» հարցմանն ի պատասխան Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ով նույնպես մասնակցել է մոսկովյան գիտաժողովին, պատասխանել է․ - «Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է մայիսի 23-ից 24-ը Մոսկվայում տեղի ունեցած Միջազգային անվտանգության երրորդ համաժողովին առաջին հերթին այն պատճառով, որ այդ համաժողովի օրակարգը ներառում էր Հայաստանի համար առաջնահերթ կարևորություն ունեցող թեմաներ, ինչպիսիք են գլոբալ անվտանգությունը և տարածաշրջանային կայությունունը, որպես պլենար նիստի թեմա, ինչպես նաև Մերձավոր Արևելքում, ներառյալ՝ Սիրիայում և Հյուսիսային Աֆրիկայում իրադրության կայունացման ուղիները և Աֆղանստանում տիրող իրադրությունը»:

«Ինչ վերաբերում է Ձեր մատնանշած «գունավոր» հեղափոխությունների դեմ պայքարի խնդրին, ապա մամուլում տեղ գտած հրապարակումներում այդ թեմային արված շեշտադրումները հավանաբար պայմանավորված են այն հանգամանքով, որ մի քանի պաշտոնյաներ և վերլուծաբաններ պլենար նիստի իրենց ելույթներում քննարկվող թեմաների համատեքստում անդրադարձել են նաև այս հարցին, սակայն կարծում եմ՝ նման համաժողովների լուսաբանման ընթացքում անհրաժեշտ է հստակորեն տարանջատել հնչեցվող ելույթները և վերլուծությունները Հայաստանի համար դրանց կարևորության տեսանկյունից», - հավելել է Դավիթ Տոնոյանը:

«Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ բացի այս համաժողովից Մոսկվայում Հայաստանի պաշտպանության նախարարն ունեցել է նաև երկկողմ հանդիպումների հագեցած օրակարգ», - նաև ասված է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պատասխանում:
XS
SM
MD
LG