Մատչելիության հղումներ

Կիրակի օրը Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող օդանավը թռիչքից 40 րոպե անց տագնապի ազդանշանի պատճառով վերադարձել է «Շերեմետևո» օդանավակայան:

Ուղևորների թվում է եղել նաև Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այս լուրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց ՊՆ մամուլի քարտուղարը:

«Ինտերֆաքսը» հաղորդում է, որ արտակարգ վայրէջքի պատճառը օդանավի բեռնախցում ծխի առկայությունն էր:

Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տրանսպորտի հարցերով վարչության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ տուժածներ չկան:

«Այսօր ծամը 11:23-ին «Աէրոֆլոտ» ընկերության օդանավը Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից թռիչք է կատարել դեպի Երևան: Քառասուն րոպե անց աշխատել է տագնապի ազդանշանը, ցույց տալով ծխի առկայություն բեռների հատվածում»,- կիրակի օրը «Ինտերֆաքսին» ասել է մամուլի ծառայության աշխատակիցը:

Նա նշել է, որ օդանավի անձնակազմը վերադառնալու որոշում է կայացրել:

«Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել: 161 ուղևորներից ու անձնակազմի 8 անդամներից ոչ մեկը չի տուժել»,- հայտնել է տրանսպորտի ոստիկանության ներկայացուցիչը:

Նա ավելացրել է, որ հիմա օդանավը ստուգվում է և անսարքությունը վերացնելուց հետո օդանավը կշարունակի թռիչքը:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG