Մատչելիության հղումներ

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխություններն ընդունվեցին ամբողջությամբ


Բացառապես Հանրապետական խմբակցության ջանքերով խորհրդարանն այսօր ամբողջությամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում կառավարության նախաձեռնած փոփոխությունները:

Պարտադիր կուտակային համակարգին դեմ արտահայտվող քառյակի տեսակետը քվեարկության ժամանակ կիսվեց. «Բարգավաճ Հայաստան»-ն ու ՀՅԴ-ն ձեռնպահ արտահայտվեցին, «Ժառանգություն»-ն ու ՀԱԿ-ը` դեմ: Վերջիններիս միացավ նաև «Օրինաց երկիր»-ը. իշխանությունը չէր ընդունել բառացիորեն մի քանի օր առաջ կոալիցիան լքած քաղաքական ուժի ներկացուցիչների առաջարկը:

Քվեարկության արդյունքները հրապարակեց ԱԺ նախագահը. - «Կողմ` 67, դեմ` 18, ձեռնպահ` 29»:

Երբ Սերժ Սարգսյանի ստորագրությամբ խորհրդարանում ընդունված այս նախագիծն օրենքի ուժ ստանա, գործատուին գրած համապատասխան դիմումի դեպքում աշխատակիցը կազատվի կուտակային վճարներ կատարելու, իսկ գործատուն` դրանք հաշվարկելու և փոխանցելու պարտավորությունից:

Կառավարության առաջարկած և այսօր խորհրդարանում ընդունված նախագիծը հնարավորություն է տալիս չմասնակցել պարտադիր կուտակային համակարգին, սակայն չի լուծում հունվարի 1-ից գանձված գումարների վերադարձի հարցը:

Ոչ իշխանական ուժերը կառավարության այս նախաձեռնությունը հակասահմանադրական են համարում: «Սահմանադրական դատարանի որոշման փիլիսոփայությունը այն է, որ չի կարող իշխանությունը տնօրինել քաղաքացիների սեփականությունը: Իսկ հիմա նորից բերում են նախագիծ, որը ըստ էության տնօրինում է դա», - «Ազատության» հետ զրույցում ասաց ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Պետությունը տարեկան ավելի քան 20 մլրդ դրամ է փոխանցում ֆոնդերին՝ անկախ այն հանգամանքից, թե քաղաքացին ցանկանում է կուտակել, թե՝ ոչ: Իշխանության այս բարի կամքը Զուրաբյանին կասկածելի է թվում: Նա չբացառեց, որ դրա հիմքում կարող են թաքնված լինել կոռուպցիոն գործընթացներ․ - «Նրանք խոստացել են գումար բերել: Եվ հիմա, փաստորեն, պետական բյուջեից հարկատուների հաշվին այդ գումարները մատուցում են միջազգային ֆոնդերին: Ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մենք գործ չունենք տնտեսության առողջացման ծրագրի հետ, այլ գործ ունենք տարրական թալանի հետ»:

Զուրաբյանի խոսքով՝ նախագիծը որևէ քննադատության չի դիմանում: Նա համոզված է, որ չնայած իշխանության ընտրած լուծմանը` դժգոհությունը չի մարելու: Գործատուին դիմումներ են ներկայացնելու 5-10 հազար համարձակներ համակարգի 250 հազարից ավելի մասնակիցներից․ - «Ստացվում է, որ նախագծի կարևորագույն խնդիրը դա ակտիվիստների չեզոքացումն էր: Ըստ էության ասում են՝ դուք պայքարել եք ձեր գրպանի համար, դե լավ: Եթե դուրս եք եկել փողոց, եկեք ձեր փողերը ստացեք, բայց մենք այս համակարգը կպահպանենք մնացածի համար, մեծամասնության համար»:

Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ իրենք ամենևին էլ իրավիճակային լուծման չեն գնացել, չեն ցանկացել դժգոհողներին բավարարել. - «Սա որևէ ճնշման արդյունք չէ: Ըստ Սահմանադրական դատարանի որոշման կատարման անհրաժեշտ քայլ»:

Ոչ իշխանական ուժերը պարտադիր կուտակայինը կասեցնող սեփական նախագիծ էլ ունեն, որը ցանկանում էին քննարկման առարկա դարձնել արտահերթ նիստում: Հովիկ Աբրահամյանի առաջարկը, սակայն, խափանեց նրանց ծրագրերը:

Լևոն Զուրաբյանի խոսքով՝ գործընկեր ուժերը համաձայն են պարտադիրը կասեցնող նախաձեռնությամբ հանդես գալ: Ժամանակի ընտրության հարցն է մնում:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ եթե արտահերթ նիստ հրավիրելու առաջարկ լինի, «Բարգավաճ Հայաստան»-ը կմիանա դրան, բայց՝ ոչ մոտ ապագայում․ - «Փորձենք տեսնել՝ եթե իրապես կգործի համակարգը, եթե որևէ ճնշում չի լինի աշխատողների վրա, և ով որ կամավոր կգրի, համակարգից դուրս կգա, և միայն նրանք, ովքեր կցանկանան օգտվել այս համակարգից, նրանք կմնան, այդ ժամանակ նոր մենք կմտածենք արտահերթի մասին: Իսկ հիմա կանխավ ասել, որ միևնույն է չի գործելու, եկեք հրավիրենք արտահերթ, ես չեմ կարծում, որ ճիշտ է»:
XS
SM
MD
LG