Մատչելիության հղումներ

Պարտադիր բաղադրիչի վերացումը «քննարկումների առանցքում է»


ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:

ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:

Ոչ իշպանական քառյակի երեք ուժերը` ԲՀԿ, «Ժառանգություն» և ՀՅԴ, ընդունել են վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերը և, միանալով Կառավարության ստեղծած աշխատանքային խմբին, կմասնակցեն «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի լրամշակմանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից խմբի աշխատանքներին կմասնակցի պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Ազատության» հետ զրույցում նա ասաց, որ քննարկումների առանցքում շարունակում է մնալ պարտադիր բաղադրիչի վերացումը, ինչպես նաև ՊԵԿ-ի ինքնաշխատ հաշվիչի անջատումը:

Շատ հարցեր, նրա խոսքով, կհստակեցվեն ԱԺ-ում երկուշաբթի օրը մեկնարկող արտահերթ քննարկման ժամանակ. - «Բայց մենք գտնում են, որ պետք է այս փուլային կոմպրոմիսին գնալ, որով ըստ էության լուծվում է այդ պարտադիրի հարցը: Ընդամենը մյուս խնդիրը կմնա` արդեն իսկ ֆոնդերին փոխանցված գումարները, որի ճակատագիրը կորոշվի հետագայում»:

Մինչդեռ վարչապետի հրավերը մերժած ՀԱԿ խմբակցությունը, թեպետ պահպանում է քառյակի ֆորմատը և կուտակայինի մասին Կառավարությանը ներկայացրած առաջարկներին միացել է վերապահումով, անարդյունավետ է համարում այս քննարկումները:

Խմբակցության անդամ Արամ Մանուկյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե չի հավատում, որ նախագիծը կընդունվի. - « Ձևական է նաև այդ առաջարկների ներկայացումը: Պարտադիր կուտակայինը ո’չ ուզում են հանել, ո’չ էլ փորձելու են հանել: Որովհետև կրկնում եմ` կա Սերժ Սարգսյանի քաղաքական հրահանգը Հովիկ Աբրահամյանին` շատ չխառնվել»:

Միքայել Մելքումյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե հասկանում է, որ մի կողմից Կառավարությունը փորձում է ձեռք բերել հասարակության վստահությունը, բայց մյուս կողմից` իշխանություններին կաշկանդում է միջազգային կառույցների նկատմամբ ունեցած պարտավորությունը:

Երեկ, հիշեցնենք, վարչապետ Աբրահամյանը հանդիպել էր միջազգային կառավարիչների ղեկավարներին և ասել, որ ունենալու ենք կենսաթոշակային այնպիսի համակարգ, որն ընդունելի կլինի հանրության լայն շերտերի համար:

«Չէ՞ որ բավականին ծախսեր են կատարվել բարեփոխումների համար, չէ՞ որ այդ բյուջեները հետո մենք քննարկելու ենք… Բա լավ, որ դուք հրաժարվում եք սրանից, այդ բյուջե գնացած միլիարդավոր դրամների, այդ ծախսի արդյունավետությունը ո՞նց է հիմնավորվելու: Այսինքն հիմա Կառավարությունը փորձում է համատեղել այդ երկու բաղադրիչը, որ բավարարի և’ հանրությանը, և’ միջազգային ֆոնդերին ու միջազգային ֆինանսական կառույցներին: Ինչքանո՞վ կհաջողվի, ցույց կտա կյանքը», - հավելեց Մելքումյանը:

«Ժառանգություն»-ից այս հանձնաժողովի աշխատանքներին կմասնակցի Թևան Պողոսյանը: «Ազատության» հետ զրույցում նա ասաց, թե փորձելու են լուծել օրենքի շուրջ ստեղծված խնդիրները, ինչպես նաև` մշակել այնպիսի մի օրենք, որը խտրական չի լինի. - «Որտեղ տարբերություն չի անելու, թե դու 55 տարեկան ես, թե 18 տարեկան ես, դու նույն ձևով համաձայն ես: Այդ օրենքի շրջանակներում մեկ սցենար կլինի, երկու սցենար կլինի, երեք սցենար կլինի… աշխատես և դրա հետ միասին այդ օրենքը համարես քոնը»:

Հարցին, թե հավատում են արդյոք հանձնաժողովի աշխատանքներին իրոք արդյունավետ կլինի, և իշխանական մեծամասնությունը հերթական անգամ չի անտեսի ընդդիմադիրների պահանջները, Պողոսյանը պատասխանեց, թե պետք է պայքարել. - «Որովհետև եթե միայն սպասենք բարի կամքին ու ցանկությանը, որևէ բան տեղից չի շարժվելու»:

Դաշնակցության խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն ասաց, որ քննարկումներին մասնակցելու են, սակայն խմբի կազմը պարզ կլինի հաջորդ շաբաթասկբին:

Կառավարության կողմից հրավեր ստացած և այս փուլում այն մերժած «Դ!եմ եմ» շարժումը զերծ է մնում քաղաքական գնահատականներից:

«Հաղթանակ այս կտրվածքում համարում ենք, երբ կունենանք մի իրավիճակ, երբ որևէ մեկից հակառակ իր կամքի որևէ կուտակային վճար չի գանձվի, և որևէ մեկը հակառակ իր կամքի չի ընդգրկվի այդ համակարգի մեջ», - «Ազատությանն» ասաց շարժման անդամ Դավիթ Մանուկյանը: - «Եվ այսօրվա երթի իմաստը հենց դա է, որ մենք այլևս չենք ուզում լսել, ոչ մեկին չենք սպասում, որ ինչ-որ բան պիտի հայտարարի: Մենք միայն սպասում, ակնկալում ու պահանջում ենք կոնկրետ գործողություններ, ոչ թե գործողությունների իմիտացիա»:
XS
SM
MD
LG