Մատչելիության հղումներ

ՕԵԿ-ը պարտադիր բաղադրիչը հանող նախագիծը լայն քննարկման կներկայացնի


ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյան
ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյան
Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Կուսակցության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ քաղխորհրդի նիստում քննարկվել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող, ինչպես նաև կուսակցության կազմակերպչական հարցեր:

Քաղխորհուրդը, ընգծելով կենսաթոշակային բարեփոխումների անհրաժեշտությունը, միևնույն ժամանակ, հիմք ընդունելով պարտադիր բաղադրիչի անընդունելիությունը հասարակության լայն խավերի համար, իր կողմից բազմիցս հրապարակայնորեն բարձրացված կենսաթոշակային բարեփոխումների ոլորտում իրավական պատշաճ երաշխիքների բացակայությունը, ինչպես նաև կուտակային կենսաթոշակների մասին օրենքի պարտադիր կուտակային բաղադրիչի հակասահմանադրական լինելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը, անդրադարձ է կատարել ՕԵԿ պատգամավորական խմբակցության կողմից Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանական ուժերի լայն քննարկմանը ներկայացնելու մասին հարցին:

ՕԵԿ ներկայացրած օրինագիծը նախատեսում է օրենքից հանել պարտադիր կուտակային բաղադրիչը և նախատեսել վճարումներ կատարել կամավորության սկզբունքով:

Քաղաքական խորհուրդը մտահոգությամբ արձանագրել է նաև, որ կուսակցության` կոալիցիայից դուրս գալուց հետո, գլխավորապես ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության և որոշ այլ կառույցների մի շարք աշխատակիցներ «անհասկանալի, գուցեև հասկանալի պատճառներով տատանողական դիրքորոշումներ են արտահայտում իրենց հետագա կուսակցական գործունեության կապակցությամբ, ինչը քաղխորհրդի գնահատմամբ պայմանավորված է քաղաքական դրդապատճառներով և գնահատվում է անընդունելի»:

Ըստ այդմ, քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել կուսակցությունից հեռացնել ԱԻՆ աշխատակիցներ Արմեն Բադեյանին, Համլետ Հակոբյանին, Աշոտ Մկրտչյանին, Արսեն Կարապետյանին, Արմինե Գրիգորյանին, Սերգեյ Հայրապետյանին, Արմեն Կարապետյանին և հայտարարել, որ «նման դիրքորոշումը կշարունակվի առաջիկայում բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր կցուցաբերեն ոչ վայել մարդկային և քաղաքական վարքագիծ, քանի որ նրանք աշխատանքի են ընդունվել կուսակցության երաշխավորությամբ»:

Կուսակցության քաղաքական խորհրդ մեկ այլ որոշմամբ կուսակցության գլխավոր քարտուղար է ընտրվել Արտաշես Ավոյանը, աշխատակազմի ղեկավար` Արթուր Ղուկասյանը: Քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել իր հաջորդ նիստը գումարել մայիսի 15-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG