Մատչելիության հղումներ

ՍԴ-ն սկսեց պարտադիր կուտակայինի հարցով քննությունը


Հայաստանի Սահմանադրական դատարանն այսօր սկսեց քննել պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքի սահմանադրականությունը:

Վիճահարույց օրենքի հարցով անցած տարեվերջին Սահմանադրական դատարան են դիմել Ազգային ժողովի չորս ոչ իշխանական խմբակցությունները՝ «Բարգավաճ Հայաստան»-ը, Հայ ազգային կոնգրեսը, ՀՅ Դաշնակցությունը և «Ժառանգություն»-ը:

«Ուրիշից պիտի գնայինք վերցնենք, կառավարչից կվերցնենք», - բացեիբաց հայտարարեց ՍԴ-ում իբրև պատասխանող հանդես եկող ԱԺ ներկայացուցիչ Հակոբ Հակոբյանը (ՀՀԿ): - «Երբ որ մենք նայենք պայմանական ՀՀ ամբողջ արտաքին պարտքը, թե ինչի համար ենք վերցրել, մենք կտեսնենք, որ տնտեսության զարգացման համար արտաքին պարտքի քիչ մասն է: Հետևաբար եզրակացություն՝ մեզ ուրիշը փող չի տա, որ մենք մեր երկիրը զարգացնենք: Մենք մեր երկիրը պետք է զարգացնենք մեր խնայողությունների․․․ յուրաքանչյուր ազգաբնակչությամբ պետք է թողանք այդ խնայողությունների վրա, խնայողություն կատարողին պետք է փոխհատուցենք, որպեսզի կարողանանք մեր երկիրը զարգացնել: Այս ամբողջ փիլիսոփայության մեջ տեղավորվում է ամբողջ այս կուտակային համակարգը»:

Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, հիշեցնենք, ընդունվել է 2010 թվականի դեկտեմբերին, պարտադիր կիրառվում է այս տարվա հունվարի 1-ից 1974 թվականից հետո ծնված բոլոր քաղաքացիների համար: Կախված վաստակած գումարից՝ քաղաքացին իր աշխատավարձից նվազագույնը 5 տոկոսը պարտավոր է հատկացնել կենսաթոշակային վճարին: Պետությունն այդ գումարին ավելացնում է ոչ ավելի, քան 25 հազար դրամ:

ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների Սահմանադրական դատարան ներկայացրած հայցի հիմքում կուտակային կենսաթոշակային պարտադիր բաղադրիչից հրաժարվելն է: Կառավարության հայտարարած ռեֆորմը, ըստ հայցվորների, իրականացվում է ժողովրդի կամքին հակառակ, չի վայելում մասնակիցների վստահությունը, չի տալիս բարեկեցության երաշխիքներ:

Հայցվորները նշում են, որ օրենքի կիրառումը նաև տնտեսական առումով կվատթարացնի երկրի վիճակը` կնվազի տնտեսական աճը, կավելանա պետական պարտքը, կբարձրանա աղքատության մակարդակը, կավելանա տնտեսության ստվերայնությունը, կաճի արտագաղթը:

«Ճնշման տակ ընդունված միջոցառումները երկար կյանք չեն ունենում. միգուցե մինչև հաջորդ ընտրությունները», - դատարանում հայտարարեց ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ):

Անդրադառնալով համաշխարհային փորձին` հայցվողները նշեցին, որ Հայաստանում ներդրված կուտակային ռեֆորմը իր տեսակի մեջ աննախադեպ ռիսկային է, բեռ է դառնալու պետության վրա: Մինասյանը փոխանցեց, որ տվյալներն իրենց է ներկայացրել Վենտուրա քոլեջի տնտեսագիտության պրոֆեսոր Արա Խանջյանը, ում, ի դեպ, միջնորդելու են գործում իբրև փորձագետ ներգրավելու համար:

«Միջազգային փորձը, ըստ պարոն Խանջյանի, փաստում է, որ պարտադիր կուտակային համակարգը հղի է լուրջ դժվարություններով, որոնց հետևանքով Արգենտինան և Հունգարիան ամբողջությամբ հրաժարվեցին այս համակարգից: 2008-2011 թվականների ընթացքում Արևելյան Եվրոպայի բազմաթիվ երկրներ, ինչպիսիք են Լեհաստանը, Սլովակիան, Էստոնիան, Լիտվա և այլն, ևս վերանայել են պարտադիր կուտակային համակարգը: Մասնավորապես` ժամանակավորապես կասեցրել են պարտադիր վճարները, նվազեցրել են դրույքաչափերը և այլն: 2000 թվականների սկզբներին ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը փորձեց փոքր չափով պարտադիր կուտակային համակարգ ներդնել սերունդների միջև համերաշխության համակարգին զուգահեռ: Սակայն հասարակությունը դեմ եղավ, և փորձը ձախողվեց», - նշեց Արծվիկ Մինասյանը:

Պատասխանող ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը սպառնաց՝ կա՛մ պետք է հարկերն ավելացնեինք, կա՛մ կենսաթոշակային տարիքը բարձրացնեինք: Նրան ընդհատեց ՍԴ նախագահը․ - «Հարցադրումը արվում է հետևյալով՝ արդյո՞ք նպատակը միջոցներն արդարացնում է, արդյո՞ք այն ճանապարհով, որ փորձել ենք գնալ, մենք գնացել ենք սահմանադրական ճանապարհով՝ անկախ նրանից, թե ինչ նպատակ ենք մեր առջև դրել: Հիմա կողմը փորձում է հիմնավորել, որ մենք գնացել ենք ոչ սահմանադրական ճանապարհով: Խնդրեմ, Ձեր հակափաստարկները որո՞նք են դիմող կողմի դիմումում և այսօր բերված փաստարկների առնչությամբ: Իսկ ընդհանրապես, որ պետք է այդ խնդիրը լուծվի, որ պետք է ռեֆորմներ լինեն, դա, կարծեմ, այնքան պարզ է, որ այստեղ հատուկ այսքան ժամանակ դրան նվիրել այնքան էլ տեղին չէ»:

«Սահմանադրական դատարանի մեծարգո նախագահ, ես սկզբից ասացի, որ չէինք կարողանում մենք բանավեճ ծավալել և երեք տարի չկարողացանք դա անել: Եվ հարմար առիթ էր, որպեսզի կարողանանք այս բոլորը ներկայացնել», - արձագանքեց Հակոբյանը:

Քննարկման ժամանակ ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանն ասաց՝ անզիջում դիրքորոշում ունեցող Հանրապետականը հիմա երկխոսելու, փոփոխություններ կատարելու պատրաստակամություն է հայտնում:

«Թերություններ կան», - կրկնեց Հակոբ Հակոբյանը՝ հավելելով, որ փոփոխություններ նույնպես պատրաստ են անել, թեև չմասնավորեցրեց․ - «Էլի կլինեն փոփոխություններ, օրենքի փոփոխություններ: Կլինեն երկու անգամ․ մեկը որպես օրենք ինքը կունենա փոփոխություն, մեկը որպես համակարգ՝ նորաստեղծ համակարգը կայունացնելու և ամբողջական տեսքի բերելու համար: Այնպես որ, դեռ էլի կլինեն քննարկումներ: Ես կարծում եմ, ժամանակ կունենանք և՛ վարչապետի հետ կապված քննարկման, և՛ ԱԺ նախագահի հետ կապված քննարկման»:

Պատասխանողին հարցեր ուղղելիս ՍԴ անդամները չկարողացան մեկնաբանություններ չանել: Իսկ Կիմ Բալայանը, դիմելով Հակոբ Հակոբյանին, ասաց․ - «Դուք որպես պատասխանող կողմ հանդես չեկաք: Ինչո՞ւ․․․ Որովհետև պատասխանող կողմը Սահմանադրական դատարանում դուք ըստ երևույթին շփոթեցիք Ազգային ժողովի հետ: Որովհետև պատասխանող կողմը պետք է փաստարկներ բերեր․ եթե ոչ բանավոր ներակայցված, ապա գոնե դիմումում ներկայացված փաստարկների վերաբերյալ»:

Հայցի քննությունը կշարունակվի երկուշաբթի օրը:
XS
SM
MD
LG