Մատչելիության հղումներ

Կուտակային համակարգը «ուժային մեթոդներով երկրից գումարների դուրս բերում է»


«Սա ոչ թե բարեփոխում է, այլ ուժային մեթոդներով երկրից գումարների դուրս բերում», - կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման արդյունքում առաջացած խնդիրների քննարկման ժամանակ ասաց միջոցառման կազմակերպիչ, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Ամենալուրջ խնդիրը այսօր, որ առաջացել է այս դաշտում, այն է, որ գործատու-հաշվապահ-աշխատող այդպես էլ չկողմնորոշվեցին պարտադիր կուտակայինի համար պահումներ կատարել-չկատարելու հարցում: Կարեն Վարդանյանը, օրինակ, խոստովանեց, որ պահումներ արել էր հունվարի աշխատավարձից, հիմա հասկացել է, որ սխալվել է և արդեն փոխհատուցել է աշխատողների վնասները, իսկ փետրվարի աշխատավարձը տալու է ամբողջությամբ:

Այսօրվա քննարկման մասնակիցներից ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ) հերթական անգամ պնդեց, որ հաշվարկելը, պահում անելը և փոխանցելը երեք տարբեր գործողություններ են․ - «Եվ երեքն էլ, ըստ էության, կամավորության հենքի վրա պետք է լինի: Եվ եթե այսօր պարտադրված են եղել մեր հաշվապահները ստիպված հաշվարկումը կատարել, որովհետև դա իրենց կամքից անկախ է ստացվում, ապա որևէ ձևով սա չի նշանակում, որ նույն պարտադրանքի ներքո կամ ավտոմատ ձևով պետք է նաև գումարը պահել կամ փոխանցել: Դուք ազատ եք ձեր ընտրության մեջ»:

Հիշեցնենք, որ այս քաոսի պատճառն այն է, որ իրավաբանները, ՍԴ հունվարի 24-ի որոշմանը հղում անելով, պնդում են, որ աշխատավարձը պետք է ամբողջությամբ փոխանցել՝ առանց պահումների: Մինչդեռ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը գործատուներին հորդորում է լինել պարտաճանաչ, Ֆինանսերի նախարարը ակնարկում է կրկնակի վարչական պատասխանատվության մասին, իսկ ՊԵԿ-ը էլեկտրոնային հաշվետվության ձևից ոչ միայն չի հանում պարտադիր կուտակային դաշտը, այլ նաև տույժեր է հաշվարկում:

Այսօրվա քննարկմանը ներկա էին նաև այս գերատեսչություննների ներկայացուցիչները, սակայն բուռն քննարկումների ժամանակ պետական պաշտոնյաններն հստակ պատասխաներ չկարողացան տալ:

Հուզող հարցերից էր նաև, թե ինչ մեխանիզմով են կամուրջ հաշիվներին փոխանցած գումարները հետ գալու ընկերութուններին, եթե ՍԴ-ն օրենքը հակասահմանադրական ճանաչի: Ֆինանսների նախարարության շուկաների զարգացման վարչության պետ Նարինե Թիթիզյանը վստահեցնում էր, որ ոչ մի կոպեկ չի կորչի, սակայն հետո էլ ակնարկեց, որ ոչ ոք ոչ մեկին չի ստիպել պահումներ, փոխանցումներ կատարել․ - «Այդ գումարները հաստատ չեն կորչի: Դրանք բյուջեի հաշվին կան և դրանք կփոխանցվեն»:

Հաշվապահ Մանե Թանդիլյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ շարունակելու է պահումներ չկատարել, ավելին՝ չի վախենում պետական ճնշումներից․ - «Թեպետ հայտնի է արդեն՝ 80 տոկոսը դեմ է։ Գուցե այդ ձևով ուզում են ապացուցել, որ դա այնպես չէ․․․ Դրանով ընդամենը ժողովրդականություն վայելելու խնդիրն են լուծում»:

«Մենթոռ գրաֆիքս» ընկերության տնօրեն Իրինա Դումանյանը նույնպես պահումներ չի կատարել: Նրա կարծիքով, այս սպառնալիքները մեկ նպատակ են հետապնդում՝ աններդաշնակ մթնոլորտ ստեղծել․ - «Գանձեն աշխատողներից, փոխանցեն այդ միջանկյալ հաշիվների վրա՝ ցույց տալու համար, որ, տեսեք, այսքան ընկերություն կողմ է այս օրենքին՝ չնայած Սահմանադրանական դատարանի որոշմանը»:

ՊԵԿ-ի ներկայացուցիչը, որ նույնպես ներկա էր քննարկմանը, խուսափեց քննարկումից՝ լքելով դահլիճը:

Հավելենք, որ հարցին, թե կա արդյոք դահլիճում մեկը, որ կողմ է պարտադիր կուտակային կեսաթոշակային օրենքին, չարձագանքեցին անգամ պետական կառույցների երիտասարդ ներկայացուցիչները:
XS
SM
MD
LG