Մատչելիության հղումներ

logo-print

Նախարարը պնդում է, թե գործատուները պարտավոր են կատարել պարտադիր կուտակային վճարումները


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր այդպես էլ որևէ պարզաբանում չտվեց, թե Սահմանադրական դատարանի որոշումը գործատուին հնարավորություն տալի՞ս է մինչև մարտի 28-ը չպահել աշխատավարձերի 5 տոկոսը:

«Բոլոր լիազոր մարմինները այս ընթացքում պարզաբանեցին, և բացատրությունը շատ պարզ է․ պարտադիր կուտակային վճարները 2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են, և այն գործատուները, ովքեր պարտաճանաչ գործատուներ են, պահում են և փոխանցում են 5 տոկոս պարտադիր կուտակային վճարները», - «Ազատության» հետ զրույցում ասաց նախարարը:

Հարցին, թե, հաշվի առնելով Սահմանադրական դատարանի որոշումը, արդյո՞ք գործատուն իրավունք ունի աշխատավարձից պահում չանել, նախարարն արձագանքեց․ - «Գործատուները՝ որպես հարկային գործակալներ, պարտավոր են կատարել պարտադիր կուտակային վճարումները: Սահմանադրական դատարանն ասել է, որ սանկցիաներ չեն կիրառվի այն գործատուների նկատմամբ, ովքեր չեն անի դա»:

Պարտադիր կուտակային համակարգին վերաբերող օրենքը և դրա առնչությամբ Սահմանադրական դատարանի որոշումը այսօր քննարկվեց նաև ԱԺ - Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ:

Պատգամավոր Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ) կառավարությանը հիշեցրեց, որ ՍԴ-ի հունվարի 24֊ի որոշումը հնարավորություն է տալիս գործատուներին չկատարել պարտադիր կուտակային վճարումները, ինչը նշանակում է նաև չհաշվարկել և չպահել աշխատավարձի 5 տոկոսը: Պետական եկամուտների կոմիտեի կողմից հաստատված էլեկտրոնային հաշվետվությունները, սակայն, թույլ չեն տալիս քաղաքացիներին օգտվել այդ իրավունքից, ուստի Մինասյանը հետաքրքրվեց, թե արդյոք կառավարությունը չի պատրաստվում փոփոխություն կատարել այդ ծրագրերում: Այլապես, ըստ պատգամավորի, ստացվում է, որ կառավարությունը խոչընդոտում է ՍԴ-ի որոշման կատարմանը:

Ի պատասխան Արտեմ Ասատրյանն ասաց, թե ծրագրերում փոփոխություն կատարելու համար «ամիսներ են պետք»:

Արծվիկ Մինասյանը հայտարարեց․ - «Կառավարությունը հիմա թույլ է տալիս կոպտագույն խախտում: Քանի ժամանակն է, մենք առաջարկում ենք ձեզ, և գրավոր տեսքով էլ կներկայացնենք այդ առաջարկությունը՝ էլեկտրոնային համակարգում կատարեք փոփոխություն»:

Տիգրան Ուրիխանյանը (ԲՀԿ) ընդգծեց, որ գազի, էլեկտրաէներգիայի և կոմունալ այլ ծախսերից, տարբեր հարկերից ու տուրքերից բացի, այս ամսվանից կառավարությունը ժողովրդի ուսերին ևս մեկ ֆինանսական բեռ դրեց՝ պարտադիր կուտակային վճարների տեսքով, և քաղաքացիները փաստացի ավելի քիչ աշխատավարձ են ստանում:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG