Մատչելիության հղումներ

Կառավարությունը երկխոսության է հրավիրում «Դեմ եմ» շարժմանը


Վարչապետ Տիգրան Սարգսյանը երկխոսության է հրավիրում «Դեմ եմ պարտադիրին» շարժման անդամներին՝ ընդունելով, որ պարտադիր կենսաթոշակային համակարգին վերաբերող օրենքներում կարող են լինել թերություններ:

«Մենք հայտարարում ենք, որ պատրաստ ենք երկխոսության», - կառավարության նիստում այսօր ասաց Տիգրան Սարգսյանը: - «Որովհետև այն դիրքորոշումը՝ կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ, անընդունելի է ինչպես մեզ համար, այնպես էլ քաղաքացիական հասարակությունը ներկայացնող պատասխանատու երիտասարդների համար»:

«Ընդունում ենք, որ մեր օրենքները՝ մանավանդ ամենաբարդ ռեֆորմին վերաբերող օրենքները չեն կարող լինել առանց թերությունների: Բնականաբար, այդ օրենքներում կան թերություններ, որոնց վրա մատնանշում են նաև մեր ընդդիմախոսները: Մենք հայտարարում ենք, որ ճիշտ ճանապարհը երկխոսության ճանապարհն է, և հրավիրում ենք մեր երիտասարդ գործընկերներին՝ «Դեմ եմ» շարժման ներկայացուցիչներին այդ երկխոսությանը», - հավելեց Տիգրան Սարգսյանը:

«Մեզ ոգևորում է այս երիտասարդական ակտիվությունը: Հասկանալի է, որ տարբեր քաղաքական ուժեր փորձում են օգտագործել այն, շահարկել, բայց այն, որ երիտասարդները զերծ են մնում խնդիրների քաղաքականացումից, նույնպես վկայում է այն մասին, որ այս երկխոսությունը խիստ կարևոր է մեր պետության ապագայի համար», - նշեց վարչապետը՝ ևս մեկ ուշագրավ հայտարարություն անելով․ - «Հայաստանի Հանրապետությունում ձևավորվում է քաղաքացիական հասարակություն, որը թելադրում է իր կանոնները: Իսկ դա նշանակում է, որ մենք նույնպես՝ որպես կառավարություն, պետք է մեր գործունեությունը շտկենք և դարձնենք այնպիսին, որը հաշվի է առնում, որ մեր կարևորագույն խնդիրն է նպաստել և խթանել քաղաքացական հասարակության կայացմանը»:

Արդեն կառավարության նիստից հետո Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքվեցինք՝ ի՞նչ են նշանակում վարչապետի խոսքերը, արդյո՞ք կառավարությունը հետքայլ չի անում՝ մտադրություն ունենալով հրաժարվել կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչից:

«Կառավարությունը հետքայլ չի անում, կառավարությունն առաջ քայլ է անում», - ասաց նախարարը՝ հրաժարվելով մանրամասնել․ - «Ես այս պահին որևէ լրացուցիչ առաջարկություններ կամ որևէ դիտարկումներ չեմ կարող ներկայացնել»:

Արտեմ Ասատրյանը այդպես էլ չնշեց, թե ի՞նչ զիջումների է պատրաստ կառավարությունը՝ երկխոսության առաջարկ անելով «Դեմ եմ պարտադիրին» շարժման անդամներին: Նախարարը չնշեց նաև, թե ինչ թերություններ կարող են լինել պարտադիր կենսաթոշակային համակարգին վերաբերող օրենքներում:

Կառավարության նիստից շատ չանցած տարածվեց «Դեմ եմ պարտադիրին» շարժման հայտարարությունը․ - «Ողջունելով վարչապետի երկխոսության առաջարկը, հաստատակամ ենք, որ մեր պայքարը շարունակվելու է այնքան, մինչև իսպառ վերացվի օրենքից պարտադիր բաղադրիչը՝ անկախ նրանից՝ դա կլինի ՍԴ-ի որոշմամբ, թե առանց դրա: Երբ կլինի հստակ հաղորդագրություն այն մասին, որ կա պատրաստակամություն պարտադիր բաղադրիչը օրենքից վերացնելու, և կա ցանկություն երկխոսության օրենքի նոր տարբերակի շուրջ առանց պարտադիր բաղադրիչի, մենք պատրաստ կլինենք գնալ երկխոսության»:

«Մենք երկխոսության կգնանք, եթե ստանանք վարչապետի կամ օրենքի պատասխանատուների կողմից այնպիսի հաղորդագրություն, որտեղ հստակ կերևա մտադրությունը կամ պատրաստակամությունը, որ պարտադիր բաղադրիչի հանելը ևս դիտարկվում է որպես տարբերակ այս երկխոսության շրջանակներում: Այլապես, եթե պարտադիր բաղադրիչը պիտի մնա, քննարկման ցանկացած այլևս կետ մեզ համար ընդունելի չէ», - «Ազատությանը» ասաց «Դեմ եմ պարտադիրին» շարժման անդամ Դավիթ Մանուկյանը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG