Մատչելիության հղումներ

Կառավարությանը անվստահություն հայտնելը «կիսամիջոց է»


«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան

Կառավարությանը անվստահություն հայտնելը կիսամիջոց է, այս մասին անցած շաբաթ Կապանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ երկրում փոփոխություններ իրականացնելու համար անհրաժեշտ է ամբողջական իշխանափոխություն:

Այս հայտարարությունը Րաֆֆի Հովհաննիսյանն արել է անցած ուրբաթ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո: Ոչ իշխանական չորս ուժերը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, Դաշնակցությունը և «Ժառանգությունը» այս փուլում համաձայնել են համագործակցել կառավարությանը անվստահություն հայտնելու ԲՀԿ-ի նախաձեռնության շուրջ՝ հույս ունենալով, որ հետագա փուլերում արդեն կհամագործակցեն ամբողջական իշխանափոխության շուրջ:

«Եթե կառավարությանը անվստահություն հայտնելու հարցը երբևէ ներկայանա խորհրդարան, «Ժառանգությունը» երբեք դեմ չի քվեարկի: Մենք կողմ ենք, բայց դա կիսամիջոց է: Մի վարչապետ, մի նախարար, մի չինովնիկ փոխելով չի փոխվի․․․ մենք բոլորս գիտենք, որ մեր արատը ամենավերևից է»,- ասել է Հովհաննիսյանը:

Կապանցիների առջև ելույթ ունենալով Րաֆֆի Հովհաննիսյանը ընդգծել է, թե այսօր բոլորն են գիտակցում, որ այսպես շարունակել չի կարելի, և նրանք, ովքեր կարծում են, թե պետք է սպասել հերթական ընտրություններին, ապա պատրանքների մեջ են. երկրին անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, և եթե քաղաքական ու քաղաքացիական ուժերի լայն համախմբում տեղի չունենա, ապա մեղավոր կլինեն բոլորը: Հովհաննիսյանը, ի դեպ, չի մոռացել քաղաքական ուժերին հիշեցնել, թե ինչպես անցած տարի նախագահական ընտրություններում իրեն որևէ մեկը չսատարեց:

«Անցյալ տարի չուզեցին, որովհետև թեկնածուն ուրիշ տեղից էր, ուրիշ կուսակցությունից, քաղաքացիական հասարակությունից էր... ես քեն պահող, նեղացող մարդ չեմ։ Ժողովուրդը մի բան է պահանջում, միացեք, վերջացրեք այս մղձավանջը»,- ասել է «Ժառանգության» առաջնորդը։

Ինչպես Գագիկ Ծառուկյանն էր ԲՀԿ համագումարում հայտարարել, թե երկրում փոփոխություններ իրականացնելու ճանապարհին պատրաստ է զարգացման ցանկացած սցենարի և լավ հասկանում է սպառնացող վտանգները, Հովհաննիսյանը նույնպես հայտարարել է, թե պատրաստ է զոհողությունների։

«Պատրաստ եմ զոհողության, բայց ոչ երբեք էշ նահատակի, որ առանց օբյեկտիվ, առարկայական ռեսուրսի մենք ունենանք հարյուր թաղումներ մեր երկրում»,- ասել է նա։

Ի դեպ, կապանցիների հետ հանդիպման ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը անդրադարձել է նաև անցած տարի տեղի ունեցած նախագահական ընտրություններին և դրան հաջորդած հետընտրական իրադարձություններին, երբ ապրիլի 9-ին այլընտրանքային երդմնակալության օրը Բաղրամյան պողոտայում ոստիկանության հետ բախումներից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ գնաց Ծիծեռնակաբերդ աղոթելու: Այս աղոթքը շատերի կողմից միանշանակ չէր ընդունվել: «Ժառանգության» առաջնորդը իրեն քննադատողներին հակադարձել է՝ միայնակ արել են այն, ինչ կարողացել են:

«Ինչպես եղավ, որ «Սերժիկ, հեռացիր» կոչերի ներքո ոստիկանապետը մեր հետևից վազեց մոմով և ուզեց մեզ հետ լինել։ Դա իր հարգելի որոշումն էր, բայց թող ոչ մեկը հեքիաթներ չհյուսի մեր պայքարի մասին։ Մենք տարանք մեր պայքարը որքան հնարավոր է, առանց որևէ այլ քաղաքական ուժի զորակցության, առանց որևէ այլ օտար մայրաքաղաքի օգնության»,- ընդգծել է «Ժառանգության» առաջնորդը։

Րաֆֆի Հովհանիսյանի հետ միասին Կապան, Սիսիան և Գորիս այցելած «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանն «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց, որ Հովհաննիսյանը ոչ իշխանական ուժերի ղեկավարներին առաջարկել է հանդիպել՝ օրակարգում ունենալով ամբողջական իշխանափոխություն իրականացնելու հարցը: Նման առաջարկով Հովհաննիսյանը հանդես է եկել Կապանում ժողովրդի հետ ունեցած հանդիպման ժամանակ:

Ստեփան Սաֆարյանը, այսօր մեզ հետ զրույցում վերահաստատելով «Ժառանգության» մոտեցումը, ընդգծեց, որ իրենք դեմ չեն կառավարության հրաժարականի պահանջին, բայց «Ժառանգությունը» չի զլանա կրկին հայտարարել, որ կառավարության հրաժարականի պահանջը մասնակի լուծում է, կես քայլ է, և այն չէ, ինչին սպասում է հասարակությունը․- «Այդ դիտարկումները, ի դեպ, բարձրացրեցին հենց իրենք՝ հանդիպման եկածները, ովքեր նշում էին, որ չեն պատկերացնում, որ մասնակի կամ փուլային իշխանափոխությունը որևէ շանս ունի երկրում արմատական փոփոխության հանգեցնելու»:

Ի պատասխան մեր հարցին, թե կարող ենք ասե՞լ, որ եթե վստահություն չունենան, որ կառավարությանն անվստահություն հայտնելու քայլին կհաջորդի ամբողջական իշխանափոխության պահանջը, ապա «Ժառանգությունը» չի մտնի այդ գործընթացի մեջ, Ստեփան Սաֆարյանն ասաց, թե այդ հարցին սպառիչ պատասխան կարող է տալ կուսակցության ղեկավարը, բայց ամեն դեպքում կուսակցության գլխավոր քարտուղարը հետևյալ համոզմունքն ունի.- «Եթե ամբողջական իշխանափոխության շուրջ համախմբում չկա, բնականաբար, այդտեղ որևէ մեկը չի լինելու, ոչ միայն «Ժառանգությունը», այլև մյուսները»։
XS
SM
MD
LG