Մատչելիության հղումներ

logo-print

Ռուբեն Հակոբյան․ «Վստահում եմ մեր գործընկերային հարաբերության անկեղծությանը»


Ռուբեն Հակոբյան

Ռուբեն Հակոբյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը վաղն իր գրասենյակում կհյուրընկալի ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության ղեկավար կազմին: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին ԲՀԿ խմբակցության պատգամավորները:

Առայժմ պարզ չէ, թե արդյոք այդ հանդիպմանը կմասնակցի նաև Րաֆֆի Հովհաննիսյանը, ամեն դեպքում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե հրավերը կա և հանդիպումը վաղը կկայանա:

Նշենք, որ «Ժառանգությունը» բազմիցս է խոսել երկրում ամբողջական իշխանափոխություն իրականացնելու անհրաժեշտության մասին, բարձրացրել նաև Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը: Մինչդեռ քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնող Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի հրաժարականի խնդիր չի դնում , ԲՀԿ-ն երկրում ստեղծված իրավիճակի համար մեղավոր է համարում վարչապետին և ընդդիմադիր ուժերին փորձում է համախմբել կառավարությանն անվստահություն հայտնելու խնդրի շուրջ:

Ընդդիմադիր ուժերը, որոշակի զիջումների գնալով, համաձայնել են այս փուլում համագործակցել կառավարությանը անվստահություն հայտնելու հարցի շուրջ, հույս ունենալով, որ համագործակցության հաջորդ փուլերում հնարավոր կլինի նաև հասնել ամբողջական իշխանափոխության, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի հրաժարականին:

«Միանգամից դա հնարավոր չէ անել, շատ հասկանալի է, կամ կան ուժեր, որ այդպես են գտնում: Մենք միշտ դրել ենք ամբողջական իշխանափոխության հարց, միշտ ենք ասել այդ մասին, բայց թե փուլային տարբերակն է այսօր ընդունվում և փորձում ենք իրականացնել այդ հիմնական ծրագիրը, որը մենք ունենք», - «Ազատության» հետ զրույցում նշեց Հակոբյանը:

«Ազատության» հարցին՝ կարելի՞ է ասել, որ չորս ուժերը համաձայնել են «Բարգավաճ Հայաստանի» առաջարկին՝ առայժմ դնել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը, «Ժառանգության» ներկայացուցիչը պատասխանեց․ - «Ես այսպես կասեի՝ որովհետև պայմանավորվածություն ունենք, որ չխոսենք, թե ով ինչ սցենարով է ներկայանում քննարկումներին, ես ուղղակի կասեի՝ դա ավելի ընդունելի դարձավ բոլոր ուժերի կողմից՝ այդ մոտեցումը»:

Ինչ վերաբերում է հարցին, թե նպատակին հասնելուց՝ վարչապետի հրաժարականին հասնելուց հետո, երաշխիքներ ունե՞ն, որ ԲՀԿ-ն միանալու է նաև Սերժ Սարգսյանի հրաժարականի՝ «Ժառանգության», Հայ ազգային կոնգրեսի պահանջին, Ռուբեն Հակոբյանը ասաց․ - «Ես որևէ մեկի փոխարեն չեմ կարող պատասխանել: Ես այս պահին վստահում եմ մեր գործընկերային հարաբերության անկեղծությանը: Ես շատ պարզ եմ ասում, որ սա որևէ մեկին ընդդեմ չէ, սա հանուն պետության մեջ վիճակ փոխելուն է: Իսկ ով դեմ է այդ հանուն պետության մեջ վիճակ փոխելուն, նա պետք է հեռանա քաղաքական ասպարեզից»:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե կոնկրետ ե՞րբ ընդդիմադիր ուժերն ու այլընտրանքը անվստահություն կհայտնեն կառավարությանը, պահանջելով վարչապետի հրաժարականը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասաց, թե այդ հարցը կբարձրացնեն այն ժամանակ, երբ կունենան այլընտրանքային կառավարության ծրագիրը․ - «Դրա համար այս պահին այս չորս ուժերը աշխատում են պլատֆորմի կամ ծրագրի ձևավորման ուղղությամբ: [Մշակվում է] և՛ քաղաքական պլատֆորմ, թե ինչպես ենք պատկերացնում, ընդհանրապես կառավարության գործունեությունը, որպես գործադիր իշխանություն, և երկրորդը՝ ինչ տնտեսական ծրագիր ենք պատկերացնում, որը իսկապես պետք է տարբերվի եղածից»:

Մեր հարցին՝ կադրային հարցերն է՞լ են քննարկվում, «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը պատասխանեց․ - «Կադրային հարցերը դրանք հետագայում կքննարկվեն, եթե ծրագիրը պատրաստ լինի, որ տեսնենք թե ի վերջո այդ ծրագիրը ո՞վ կարող է իրականացնել»:

Այսպիսով քաղաքական ընդդիմադիր ուժերը այլընտրանքային «Բարգավաճ Հայաստանի» հետ համախմբվել են Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությանը անվստահություն հայտնելու խնդրի շուրջ: Այժմ հաճախ հնչող հարցն այն է, թե արդյոք ԲՀԿ-ն կպայքարի նաև ամբողջական իշխանափոխության համար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Բարգավաճ Հայաստանում» ընդգրկված են բազմաթիվ գործարարներ, ովքեր կարող են իրենց բիզնեսը կորցնելու վտանգի առաջ կանգնել: Անդրադառնալով այս հարցին՝ ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչտրյանը հակադարձեց, որ մարդիկ այսօր արդեն կորցնում են իրենց բիզնեսը, երկրում 4 հազար խանութ է փակվել: Այսինքն այլևս տարբերություն չկա բիզնեսը կկորցնես կառավարության սխալ քաղաքականության, թե քաղաքական ճնշումների արդյունքում:

«Մարդիկ առանց այդ էլ կորցնում են բիզնեսը, որովհետև այն չի աշխատում: Այնպես որ չեղած բանը չեն կորցնում: Եվ բիզնեսը կանգնել է, չի աշխատում: Ի՞նչ է նշանակում վախենալ կորցնել: Ընդհակառակը․․․», - մեզ հետ զրույցում ասաց Խաչատրյանը:

ԲՀԿ մեկ այլ պատգամավոր՝ Վահե Հովհաննիսյանը, հիշեցնում է իրենց ղեկավարի՝ համագումարում ունեցած ելույթը․ - «Որ ինքը պատրաստ է զարգացման ցանկացած սցենարի և պատրաստ է որոշակի կորուստներ ունենալու: Ես կարծում եմ, որ չի գա այն փուլը, որ այս երկրում ինչ-որ բան փոխելու համար պետք են լինելու ծանր կորուստներ: Ի վերջո մենք ուզում ենք, որ երկրում վիճակը փոխվի, երկրի հետ զարգացումը կասեցվի: Դա վատ ցանկություն չէ, և պետք չէ թշնամաբար վերաբերվել, ինչպես, ցավոք սրտի, այս պահին կա իշխանության տարբեր արբանյակների կողմից»:

Ի դեպ, անդրադառնալով «Բարգավաճ Հայաստանի» նախաձեռնած քաղաքական կոնսուլտացիներին, Վահե Հովհաննիսյանն ասաց, թե օրակարգում միայն կառավարությանը անվստահություն հայտնելու հարցը չէ, քննարկվող փաթեթը ավելի ընդգրկուն է և չի սահմանափակվում միայն մեկ մարմնի կամ անձի հրաժարականով:

«Այս փուլում ավելի շատ տեսակետների փոխանակման, իրար կարծիքներ լսելու փուլ է: Ֆիքսենք՝ այս պահին ինչ ունենք ընդհանուր, որտեղ են տարաձայնությունները: Ես օրինակ բերեմ, որ ավելի հստակ լինի՝ ՀԱԿ-ի հետ հանդիպման ժամանակ նրանք անմիջապես առաջ քաշեցին Սերժ Սարգսյանի հրաժարականի խնդիրը: Դաշնակցության հետ հանդիպման ժամանակ այդ խնդիրը այդքան սուր չէր դրված: Եթե չեմ սխալվում, վաղը պլանավորված է հանդիպում Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգության» հետ: Հիմա մենք ուզում ենք լսել մեր գործընկերները ինչպես են նայում», - պարզաբանեց պատգամավորը:
XS
SM
MD
LG