Մատչելիության հղումներ

ԲՀԿ պատգամավոր. «Քառյակի օրակարգում չկա նախագահի հրաժարական»


«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Ստեփան Մարգարյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Ստեփան Մարգարյան
«Բարգավաճ Հայաստան»-ի և Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների երեկվա հանդիպման ընթացքում, ինչպես այսօր «Ազատությանը» փոխանցեց ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը, նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարց չի քննարկվել:

Այդ հանդիպումից հետո, հիշեցնենք, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասել էր, թե խոսել են նաև «իշխանափոխության և նախագահի հրաժարականի անհրաժեշտության մասին»:

«Այդպիսի հարց հանդիպման ժամանակ չի քննարկվել: Դա օրակարգի ճշտման ժամանակ ասել է Լևոն Զուրաբյանը: Ասել է, որ իրենց համար օրակարգում մշտապես եղել է և կա այդ հարցը», - ասաց ԲՀԿ֊ական պատգամավորը` հավելելով. - «Որևէ մեկը դրանից հետո չի անդրադարձել արդեն [այդ հարցին]: Քառյակի օրակարգում չկա նախագահի հրաժարական»:

Անդրադառնալով ՀԱԿ-ի հայտարարություններին, թե իրենց նպատակը Սերժ Սարգսյանի հրաժարականն է` Մարգարյանը նշեց, թե այդ հարցը մշտապես բարձրացնող ՀԱԿ-ը համաձայնել է այս փուլում համագործակցել կառավարության հրաժարակի շուրջ. - «Միտինգում Տեր-Պետրոսյանի ասածը հենց սրա մասին էր: Իրենց համար սա նախընտրելի էր, բայց քանի որ իրենք ևս կարևորում են չորսի համագործակցության ձևաչափը, իրենք համաձայնվում են այս ուղով գնալուն»:

Հարցին, թե հնարավոր է, որ կառավարության հրաժարականին հասնելուց հետո ԲՀԿ-ն միանա ՀԱԿ-ի` Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջին, պատգամավորն արձագանքեց. - «Մենք ինքնանպատակ որևէ մեկի հրաժարականը պահանջելու խնդիր չենք դնում: Մենք դեմ ենք, համարում ենք վտանգավոր ցնցումներով որոշակի հարցեր լուծելը: Մենք գտնում ենք, որ այս փուլում կառավարությունը փոխելը երկրի համար շատ կարևոր է»:

«Ազատության» հարցին, թե նշանակում է արդյոք իր ասածը, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը կհանգեցնի ցնցումների, Մարգարյանը պատասխանեց. - «Ես չգիտեմ ինչ կլինի: Դա պիտի քննարկել: Բայց մենք գտնում ենք, որ անցնցում փոփոխություններ երկրի համար, հասարակության համար այս պահին հաստատ կառավարության փոփոխությունը ապահովում է»:

Իսկ հարցին, թե ինչպես է ՀԱԿ-ը հասնելու Սերժ Սարգսյանի հրաժարականին, երբ այս պահին ԲՀԿ-ի և մյուս ուժերի հետ քննարկում է միայն կառավարության հրաժարականի հարցը, Լևոն Զուրաբյանը պատասխանեց, թե կառավարությանը անվստահություն հայտնելու քայլը իրենք դիտարկում են որպես գործիք՝ քաղաքական ուժերին համախմբելու և ժողովրդական ուժերին համախմբելու համար, ինչից հետո արդեն հնարավոր կլինի հասնել նախագահի հրաժարականին:

Ի պատասխան «Ազատության» հարցին, թե ինչ երաշխիքներ ունեն, որ վարչապետին պաշտոնանկ անելուց հետո Գագիկ Ծառուկյանը կմիանա Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջին, Զուրաբյանն ասաց, թե միակ երաշխիքը երկրում ստեղծված իրավիճակն է և ժողովրդի պահանջը․ - «Կարևոր է սկսել պրոցեսը: Կարևոր է, որ ժողովուրդը դուրս գա փողոց: Կարևորն այն է, որ քաղաքական ուժերը սկսեն քայլեր կատարել իշխանությունների դեմ: Հենց որ առաջին քայլը կատարվի, երբ հասարակությունը ոտքի կանգնի, վստահ եղեք, որ դրան կհետևեն երկրորդ, երրորդ քայլերը»:

Հարցին, թե արդյոք կառավարության հրաժարականի պահանջը փողոց դուրս կբերի ժողովրդին, Զուրաբյանն արձագանքեց, թե իրենք ջանքեր են գործադրում, որպեսզի ժողովուրդը ընդունի ճանապարհային քարտեզով իշխանափոխություն իրականացնելու գաղափարը, քանի որ դա անցնցում իշխանափոխության լավագույն երաշխիքն է:

Գագիկ Ծառուկյանի կողմից առաջարկված այդ ճանապարհային քարտեզի մշակման առնչությամբ Ստեփան Մարգարյանը տեղեկացրեց, որ այժմ չորս ուժերը տնտեսագետների օգնությամբ աշխատում են այդ փաստաթղթի վրա և շուտով հանրությանը կներկայացնեն, թե ինչպիսի կառավարություն են պատկերացնում և ինչպիսի տնտեսական քաղաքականություն այն պետք է իրականացնի:

Մարգարյանը վստահեցրեց, թե այս պահին նոր կառավարության կադրային հարցերը չեն քննարկում․ - «Անիմաստ է կադրային հարց քննարկել: Մեզ հետաքրքրում են սկզբունքները, մեզ հետաքրքրում են այն փիլիսոփայությունը, տնտեսական քաղաքականությունը․․․ ի՞նչ է լինելու, ի՞նչ է սպասվում երկրին ապագայում: Որովհետև այսօրվա կառավարության ծրագրով դա չկա»:

Դիտարկմանը, որ հազիվ թե իրենք համաձայնեն, որ այդ նոր ծրագիրն իրականացնի Տիգրան Սարգսյանը, ուստի կադրային հարց է դա, պատգամավորն արձագանքեց․ - «Մենք հիմա, այս պահին չենք քննարկում այդ հարցը»:

Լևոն Զուրաբյանը նույնպես վստահեցրեց, թե այս պահին կառավարության կադրային հարցերը չեն քննարկում: Սակայն նա հաստատեց, որ կառավարությանն անվստահություն հայտնելու շրջանակներում այժմ քննարկվում է այլընտրանքային ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ծրագիր:

«Այսինքն՝ ինչով պետք է զբաղվի այն կառավարությունը, որը պետք է փոխարինի այս ներկա կառավարությանը: Իշխանափոխության ճանապարհային քարտեզը նորից շեշտում է՝ դա նշանակում է քաղաքական մի քանի էտապների անցկացում Հայաստանում: Առաջին էտապը լինելու կառավարությանն անվստահություն հայտնելը: Դրան կհետևեն այլ քայլեր», - պարզաբանեց Զուրաբյանը՝ չցանկանալով մանրամասնել:
XS
SM
MD
LG