Մատչելիության հղումներ

Ազատամարտիկները կրկին պահանջում են ազատ արձակել Վոլոդյա Ավետիսյանին


Ազատամարտիկները կրկին պահանջում են ազատ արձակել Վոլոդյա Ավետիսյանին
please wait

No media source currently available

0:00 0:04:05 0:00
Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներն ու նրանց համակիրներն այսօր ի պաշտպանություն կալանքի տակ պահվող ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի նախ հավաք անցկացրեցին Ազատության հրապարակում, իսկ հետո շարժվեցին դեպի նախագահական նստավայր՝ նամակ հանձնելու Սերժ Սարգսյանին։ Նրանք կրում էին նախագահ Սարգսյանին քննադատող և Ավետիսյանին պաշտպանող պաստառներ:

Ի պաշտպանություն վեց ամիս առաջ խարդախության մեղադրանքով կալանավորված պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի այսօրվա հավաքը ուղղված էր նաև Շանթ Հարությունյանի ու այդ գործով կալանավորվածների պաշտպանությանը։ Ազատության հրապարակում ազատամարտիկները հայտարարեցին, թե Հայաստանի իշխանությունների անօրինական գործողությունների արդյունքում են թե՛ Վոլոդյա Ավետիսյանը և թե՛ Շանթ Հարությունյանը հայտնվել ճաղերի հետևում։

«Մենք չեն կարող տարաջատել Վոլոդյա Ավետիսյանի կալանավորումը Շանթ Հարությունյանի և նրա ընկերների դեպքից: Որովհետև երկուսն էլ ընդվզում էին: Մեկը հարց էր բարձրացնում կառավարության դեմ, մյուսն էլ, համոզվելով, որ դա անհնար է, ընդամենը ելան ու կոչ արեցին հեղաշրջման», - ասաց ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը:

Ազատամարտիկներն իրենց ելույթներում սուր քննադատության ենթարկեցին իշխանություններին, հայտարարեցին, թե իշխանության ղեկին կանգնածները անօրինական ճանապարհով են այդտեղ հայտնվել։

Ակցիային մասնակցում էին նաև Շիրակի մարզի ազատամարտիկները։ Գյումրեցի ազատամարտիկ Յուրա Թորոսյանը զայրույթով հիշեց շուրջ մեկ ամիս առաջ Երկրապահ կամավորականների միության համագումարում նախագահ Սերժ Սարգսյանի՝ ազատամարտիկների հասցեին հնչեցրած արտահայտությունները։ Իր հրաժարականը պահանջող ազատամարտիկների մասին խոսելիս՝ Սարգսյանը նշել էր, թե նրանք նվնվում են առանձին հրապարակներում։

«Մենք նվնվող տղերք չենք: Մենք պայքարող տղերք ենք: Մենք ուզող ենք մեր եղբոր վերադարձը», - հայտարարեց Թորոսյանը:

Ազատամարտիկների զայրույթն ավելի է մեծացել հատկապես վերջին օրերին, երբ Վոլոդյա Ավետիսյանի գործի նախաքննությունն ավարտվեց՝ հաստատված համարելով նրա նկատմամբ առաջադրված մեղադրանքը։

Ելույթներից հետո ազատամարտիկներն ու Շանթ Հարությունյանի համախոհները շարժվեցին դեպի նախագահական նստավայր։

Հավաքն ու երթն անցան առանց բախումների։ Ցուցարարները նախագահական նստավայրի դիմաց ընթերցեցին նախագահին հանձնվող նամակը։ Նամակում նրանք պահանջում են ազատ արձակել ազատամարտիկին, հորդորում անօրինականության փոխարեն արդարություն ապահովել․ - «Որպես Հայաստանի Հանրապետության սահմանադրության երաշխավոր, Դուք պարտավոր եք ապահովել երկրում օրենքի գերակայությունը, դատարանների արդար վճիռ կայացնելը և իրավապահ մարմինների անաչառությունը։ Վոլորդա Ավետիսյանի նկատմամբ հետապնդումը պետք է դադարեցվի և նա ազատ արձակվի: Այս անօրինականությունների մասին տեղյակ լինելով և միջոցներ չձեռնարկելով՝ Դուք դառնում եք այդ ապօրինությունների մեղսակիցը»:

Նամակը նրանք հանձնեցին նախագահականի ներկայացուցչին, ով խոստացավ օրենքի սահմաններում արձագանքել։

Հավաքի կազմակերպիչ Գագիկ Սարուխանյանը նշեց, որ իրենք Սերժ Սարգսյանին չեն համարում Հայաստանի նախագահ, բայց քանի որ նա է այդ պաշտոնում, ստիպված նրան են դիմում՝ պատասխանի ակնկալիք, սակայն, չունենալով։ Այս կերպ փորձում են օգտագործել բոլոր հնարավորությունները։
XS
SM
MD
LG