Մատչելիության հղումներ

Երևանի կենտրոնում երեկ տեղի ունեցած բախումների հետևանքով ձերբակալվել է 20 մարդ: Ձերբակալվածների թվում է «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը, ով օրեր առաջ նստացույց էր սկսել «Ես հեղափոխություն եմ սկսում» պաստառի ներքո, երեկ էլ փորձեց մի քանի տասնյակ աջակիցների հետ երթով շարժվել դեպի Մաշտոցի պողոտա, որտեղ էլ սկսվեց ծեծկռտուք, և գործի դրվեցին պայթուցիկներ։

Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել 38 հոգի, որոնցից 18-ը գործով ներգրավվել են որպես վկա և ազատ են արձակվել։ Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի երկու հոդվածների հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչին բռնությամբ կամ բռնության սպառնալիքով դիմադրելը և գույքը հրկիզման, պայթյունի եղանակով դիտավորությամբ ոչնչացնելը։

Ձերբակալվածներին 72 ժամվա ընթացքում կառաջադրվեն մեղադրանքներ և կհստակեցվի՝ քանիսը կմնան անազատության մեջ և քանիսը խափանման այլ միջոցներով ազատ կարձակվեն։

Երկու տասնյակ ձերբակալվածներից, Շանթ Հարությունյանից բացի իրենց ակտիվությամբ հայտնի են ազատամարտիկների բողոքի ակցիաների մասնակից Վարդան Վարդանյանն ու երկու երիտասարդ ակտիվիստներ՝ Հովհաննես Ղազարյանն ու Դավիթ Մկրտչյանը։ Մյուսների անուն ազգանուններն առայժմ անծանոթ են։ Ոստիկանությունը երկու տասնյակ անձանց ձերբակալությունը պաշտոնապես հիմնավորում է այսպես.- ««Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը իր մի խումբ կողմնակիցների հետ մահակներով ու ձողերով զինված փորձել են երթ կատարել ազատության հրապարակից։ Ոստիկանության ներկայացուցիչները նրանց հորդորել են չխախտել հասարակական կարգը և ազատել Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածը, սակայն նրանք գրպաններից հանել են ինքնաշեն պայթուցիկներ և գետնին հարվածելով՝ սկսել են պայթեցնել, ապա մահակներով հարձակվել են իրենց կարգի հրավիրող ոստիկանների վրա»։

Չորս ոստիկան հիվանդանոցում է. ոստիկանության պնդմամբ, բերման ենթարկվածներից և ձերբակալվածներից ոչ ոք մարմնական վնասվածք չի ստացել: Ոստիկանության հասարակայնության հետ վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ կատարվում է նախաքննություն, և այս փուլում ոստիկանությունը ձեռնպահ կմնա մեկնաբանություններից։

Ակցիաների մասնակիցները պնդում են, որ բախումները հրահրել են սադրիչները։

Երեկ դեպքի վայրից բերման էր ենթարկվել նաև Շանթ Հարությունյանի 14-ամյա որդին՝ Շահեն Հարությունյանը, ում մինչ այդ բախումները Ազատության հրապարակում Շանթ Հարությունյանը զրահաբաճկոն էր հագցնում՝ «ինձ խփում են՝ թող խփեն, միլիցեքին՝ դուբինկով գլխներին» խոսքերով։ Շահեն Հարությունյանն այսօր առավոտյան ժամը 7-ին ազատ է արձակվել։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատանին ասաց, որ իրեն ոստիկանին հարվածելու կասկածանքով են տարել՝ ծեծելով։

«Շատ բաներ չեմ հիշում, մենակ հիշում եմ էն պահը, որ ոստիկանը, ինձ թվում էր, փորձում էր հարվածել ինչ-որ լրագրողուհու, ես այդ աղջկան գրկեցի, որ հարվածն ինձ կպնի, հարվածն ինձ կպավ, այդտեղ ինձ ծեծեցին, հետո նստեցրեցին տաքսի ու գնացինք բաժանմունք։ Ճանապարհին ոլորել էին ձեռքերս ու խփում էին։ Բաժնում տեսա հորս, հորս ընկերներին, շատ լարված էր իրավիճակը, ոստիկանները շատ ագրեսիվ էին տրամադրված, կոպիտ էին»,- ասաց Շահեն Հարությունյանը՝ հավելելով, որ ինքը որևէ կարգավիճակ չունի գործում, քանի որ անչափահաս է։

Երեկվա իրադարձություններից հետո բերման ենթարկված, ապա ազատ արձակվածներից ակտիվիստ Դավիթ Գևորգյանը «Ազատություն» ռադիոկայանին պատմեց, որ ոստիկանության բաժնում իրեն ձերբակալելու արձանագրություն են կազմել, հետո կարգավիճակը փոխել են և որպես վկա բաց թողել, այն դեպքում, երբ ինքը դեպքի պահին ընդհանրապես այդ տարածքում չի եղել. եղել է «Երիտասարդական» մետրոյի մոտակայքում, հետո պայթյունների մասին տեղեկանալով՝ ընկերոջ հետ վազել է Մաշտոցի պողոտայի ուղղությամբ։

«Պայթյունից, ոստիկանների հետ բախումից հետո ենք մենք հայտնվել Օպերայի շրջակայքում։ Տեսանք՝ ժողովուրդը բորբոքված, ոստիկանները ոչ պակաս բորբոքված ու ագրեսիվ վարքագծով՝ ժողովրդին բրդում էին, քաոսային վիճակ էր, ոստիկաններից՝ Ավետիսյան Խաչիկն ասաց՝ քայլեք, մարդկանց վրայով քայլելով պիտի գնայինք, տեղ չկար, մենք չէինք էլ պատրաստվում մայթը թողնել, որովհետև ոչ մի հիմնավորում չկար, թե ինչու պետք է մայթի վրա չկանգնեինք։ Դրանից հետո մեզ բռնի ուժով վերցրեցին 7-8 ոստիկանով շպրտեցին ոստիկանական մեքենայի մեջ. կարտոֆիլի պարկը այդպես չեն շպրտում, ոնց որ մեզ էին շպրտում»,- պատմեց ակտիվիստը.- «Մի քանի հոգու շպրտեցին մեքենայի մեջ, տարան ոստիկանություն ու անընդհատ մարդ էին բերում, ոստիկանությունում ոչ ոք տեղյակ չէր, թե մեզ ինչի համար էին բերում։ Երեքուկես ժամ ոստիկանությունում էի, ասացին, որ ես կասկածյալ եմ և ձերբակալվում եմ։ Ասացի՝ ինչի՞ համար եմ ձերբակալվում, բա՝ 316 հոդվածի 2-րդ մասով (այդ տխրահռչակ հոդվածի այդ մասով, որ Հայաստանում միշտ քաղբանտարկյալներ են եղել այդ հոդվածով)։ Կազմված է արձանագրությունը, ես չեմ ստորագրում, արդեն իմ մոտի իրերը վերցրած, պատրաստ, որ ինձ պիտի տանեն համապատասխան վայրը՝ կալանավայր, ես քննիչին ասացի՝ որ մի ոստիկանն ասի, որ ինձ տեսել է, ես այդ ժամին էդտեղ մարդ եմ ծեծել, չի կարողանալու պատասխան տա, որովհետև փաստեր կան, որ ես այդ ժամին ուրիշ տեղ եմ գտնվել։ Դրանից հետո իմ քննիչը ասաց՝ լավ, սպասի, գնանք տեսագրությունները նայենք։ Մոտ ժամուկես, երկու ժամ նայելուց հետո եկավ ասաց՝ լավ քո կարգավիճակը փոխվում է, դու որպես վկա ես հիմա հարցաքննվում»։

Դավիթ Գևորգյանի փոխանցմամբ, բերման ենթարկվածների մեծ մասին իր պես ի սկզբանե փորձել են ձերբակալել, հետո են 18 հոգու կարգավիճակը փոխել, դրա համար էլ նրանք օրենքով սահմանված երեք ժամից շատ ավելի երկար են մնացել բաժնում:

«Ոնց որ ես հասկացա, հետո հրահանգ է եղել ավելի բարձր օղակից բոլորի կարգավիճակը փոխելու։ Որովհետև 17-18 հոգու կարգավիճակ մեկ րոպեի ընթացքում փոխվեց։ Մեկ րոպե առաջ նրանք կասկածյալ էին, մեկ րոպե հետո դարձան վկա բոլորը»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է միջադեպին, բերման ենթարկված ակտիվիստը չէր բացառում, որ բախումները կարող էին հատուկ նախապատրաստված սադրիչներ հրահրած լինել։

«Շանթ Հարությունյանը հայտարարում է, որ իրենք ունեն բրոնզ և մարգանցովկա, բոլորի աչքի առաջ գնում փայտերը վերցնում են, ոստիկանները նրանց կողքը կանգնած ոչինչ չեն ասում, կանխարգելիչ ոչ մի միջոցառում չեն ձեռնարկում...Մանավանդ եթե այդ փայտերն այնտեղ դրված էին, ո՞ւմ էր խանգարում, որ ինչ-որ ներդրված անձնավորություն գնա, այդ փայտը վերցնի, հարվածի ինչ-որ ոստիկանի, բախումներ հրահրի»,- ասաց Գևորգյանը։

Ազատամարտիկներն առայժմ չեն արձագանքում իրենց թիմակից Վարդան Վարդանյանի ձերբակալությանը։ Տեղեկացանք, որ երեկ մինչ այս իրադարձությունները նրանք դադարեցրել Վոլոդյա Ավետիսյանի ազատության պահանջով նստացույցը։ Ազատամարտիկ Տիգրան Հարությունյանը մեզ փոխանցեց, որ ակցան դադարեցնելը կապված չէ Շանթ Հարությունյանի հետ, պարզապես ընդառաջել են Վոլոդյա Ավետիսյանի խնդրանքին։ Բայց առաջիկա օրերին բողոքի ցույցերը վերսկսելու են։
XS
SM
MD
LG