Մատչելիության հղումներ

Դատարանը երկարաձգեց Վոլոդյա Ավետիսյանի կալանքի ժամկետը


Այսօր Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը՝ որոշում կայացնելով ազատամարտիկ, պահեստազորի փոխգնդապետ Վոլոդյա Ավետիսյանին ևս երկու ամիս պահել կալանքի տակ։

Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանի խոսքով՝ միջնորդության հիմքում պատճառաբանությունն էր, թե պահեստազորի փոխգնդապետը ազատության մեջ կարող է խոչընդոտել նախաքննությանը.- «Որ չեն վերացել Վոլոդյա Ավետիսյանին կալանքի տակ պահելու հիմքերը, դրա հետ մեկտեղ էլ ունի մի շարք քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտություն, որի համար անհրաժեշտ է ևս երկու ամիս»,- փոխանցեց Զաքարյանը։

Պաշտպանն ասաց, թե փակ դատավարության ընթացքում քննիչն այդպես էլ չի պատասխանել հարցին, թե ինչ նկատի ունի անհրաժեշտ քննչական գործողություններ ասելով, այն դեպքում, երբ անցած երկու ամսում Ավետիսյանի հետ որևէ քննչական գործողություններ չի կատարվել՝ այս գործով անցնող ոչ վկաները, ոչ էլ տուժողները մինչ այժմ Ավետիսյանի հետ չեն առերեսվել, պաշտպանին փաստաթղթեր չեն տրամադրվել։

«Չի պատասխանել քննիչը այդ հարցերին»,- ասաց Զաքարյանը։

Դատարան եկած Ավետիսյանի մարտական ընկերները ավելի քան 4 ժամ սպասեցին դատարանի շենքի առջև։ Հենակներով երկար ժամանակ լավ լուրի սպասող ազատամարտիկ Լևոն Կարապետյանը հույս ուներ գոնե այսօր ազատության մեջ տեսնել մարտական ընկերոջը։

«Էս դատավորը սխալ ճանապարհով է շարժվում, որովհետև խամաճիկ է, տիկնիկ է»,- ասաց Կարապետյանը։

Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանն էլ հավելում է, թե այսօրվա որոշումը առավել ամրապնդեց իրենց համոզմունքը, որ այս քրեական գործը շինծու է։

«Էնքան են սերտաճել արդարադատություն, քննչական մարմիններ, դատախազություն, այնքան անկախ չեն, որ ընդհանուր հանձնարարակ են կատարում՝ Վոլոդյա Ավետիսյանին մեկուսացնելու համար»,- ասաց Սարուխանյանը։

Ինչպես պաշտպան Զաքարյանն, այնպես էլ Ավետիսյանն ու ընկերները բազմիցս են հայտարարել, թե կալանավորումը կապ չունի իրավական խնդիրների հետ, այն քաղաքական հետապնդում է ազատամարտիկի գործունեության համար։ Վոլոդյա Ավետիսյանը մեկն է ազատամարտիկներից, ովքեր կես տարի առաջ բողոքի ակցիաներ սկսեցին՝ բարձրացնելով ղարաբաղյան պատերազմի մասնակիցներին սոցիալական հարցերը։

Կալանավորված ազատամարտիկի ընկերները խոստանում են շարունակել պայքարը նրա ազատության համար։ Փաստաբանը այսօրվա որոշումը բողոքարկելու է։
XS
SM
MD
LG