Մատչելիության հղումներ

Վերաքննիչը մերժեց Ավետիսյանի պաշտպանի դիմումը


Վոլոդյա Ավետիսյանը Ազատության հրապարակում: Մայիս, 2013 թ.

Վոլոդյա Ավետիսյանը Ազատության հրապարակում: Մայիս, 2013 թ.

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց ավելի քան 4 ամիս կալանքի տակ պահվող ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանքը, փոխելու մասին պաշտպանի դիմումը։

Դատարանի շենքի առջև հավաքված նրա մարտական ընկերները, հարազատներն ու պարզապես մտահոգ քաղաքացիներ դատավորի որոշումը դժգոհությամբ ընդունեցին։

«Եվ այսքանից հետո մենք պետք է հանդուժե՞նք: Նրանք փաստացի ուժային մեթոդներ են կիրառում մեր նկատմամբ», - վրդովված ասում էին նրանք:

Պահեստազորի գնդապետ Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը բողոքարկում էր առաջին ատյանի դատարանի` երկու շաբաթ առաջ կայացրած որոշումը կալանքի ժամկետը երկարացնելու մասին։ Նա այսօր վերաքննիչ դատարանում նշել էր, որ իր պաշտպանյալն ազատության մեջ գտնվելով չի խոչընդոտի նախաքննությանը: Մինչդեռ այս գործով քննիչն ու դատախազը հակառակն են պնդել՝ բացատրելով, որ իրենց ևս երկու ամիս է հարկավոր քննչական գործողությունների համար։

Զաքարյանը, սակայն, նշում է, որ անցած 4 ամիսներին պահեստազորի գնդապետ Ավետիսյանի հետ որևէ քննչական գործողություն չի կատարվել, որևէ առերեսում չի անցկացվել. միակ գործողությունը նրան ձերբակալելն ու կալանելն է եղել։

Թեև նախորդ բողոքարկումները ցանկալի արդյունքը չեն տվել, Զաքարյանը, այդուհանդերձ, վերադաս ատյանում բողոքարկելու է վերաքննիչի որոշումը։

«Սա ևս մեկ անգամ ապացույցն է այն հանգամանքի, որ մեզ մոտ որպես այդպիսին` անկախ դատական համակարգ գոյություն չունի, որ մեր դատական համակարգը ըստ էության կամակատար է», - նշեց նա:

Ավետիսյանի փաստաբանն ու մարտական ընկերները այսօրվա նիստի հետ հույսեր էին կապում. լավատեսության հիմք էին հանդիսացել առաջին ատյանի դատարանի վերջին որոշման ժամանակ դատավորի գնահատականները։ Վերջինս, թեև բավարարել էր քննիչի միջնորդությունը կալանքը երկարացնելու մասին, բայց և նշել էր, որ քննիչը անհրաժեշտ ջանասիրություն չի ցուցաբերել գործը քննելիս։

«Առաջին ատյանի դատարանը հաստատված էր համարել, որ քննիչը ջանասիրություն չի գործադրել գործը քննելիս, որի պարագայում պարտավոր էր մերժել քննիչի միջնորդությունը: Իսկ Վերաքննիչ դատարանը նույնպես այս հանգամանքը անտեսեց: Այս ամբողջը վկայում է այն մասին, որ Վոլոդյա Ավետիսյանին անազատության մեջ են պահում ոչ թե հանցագործություն կատարելու համար, այլ հետապնդում է իրականացվում նրա հայացքների համար: Դատարանների որոշմամբ փաստվում է, որ նա քաղբանտարկյալ է», - հայտարարեց Արա Զաքարյանը:

Ավետիսյանի մարտական ընկերներն ու հարազատները մինչև դատարանի որոշման հրապարակումը, կոչեր ու ելույթներ էին հնչեցնում դատարանի շենքի բակում։

«Արդարություն չկա: Մենք պահանջում ենք արդարություն: Մենք պահանջում ենք ազատություն Վոլոդյա Ավետիսյանին», - հայտարարում էին նրանք:

Նշենք, որ այսօր Ավետիսյանի կրտսեր որդուն՝ Ավետիս Ավետիսյանին զորակոչել են բանակ։ Այս մասին հենց դատարանի բակում հայտարարեցին ազատամարտիկները՝ միաժամանակ կասկածի տակ առնելով բուժզննման արդյունքները։ Նրանք պնդում են, թե Ավետիսը հիվանդ է ու նրան հարկավոր էր նախ բուժել:

«Երկու անգամ նրա զորակոչը հետաձգում էին հիվանդությունների պատճառով... Վոլոդյան մեկ տարվա ընթացքում իր երեխային ի վիճակի չի եղել իր գումարներով բուժել: Պետությունը, որը պարտավոր է հիվանդ զորակոչիկին բուժել և նոր տանել, ոչ մի բուժում չի իրականացրել», - նշեց Ավետիսյանի մարտական ընկերներից մեկը:

Վոլոդյա Ավետիսյանին մեղսագրվում է խարդախություն ու խարդախության փորձ։ Նրա գլխավորությամբ անցած տարի սկիզբ առան ազատամարտիկների բողոքների ակցիաները։ Նրանք պահանջում են իշխանություններից հարգել ազատամարտիկին ու ապահովել արժանապատիվ կյանք։
XS
SM
MD
LG