Մատչելիության հղումներ

Քաղաքական ուժերը մեկնաբանում են Մայդանի զարգացումները


Ուկրաինա - Կիևի Մայդանը գիշերային բախումներից հետո, 19-ը փետրվարի, 2014թ․

Ուկրաինա - Կիևի Մայդանը գիշերային բախումներից հետո, 19-ը փետրվարի, 2014թ․

Մինչ ընդդիմադիրները Հայաստանում հուզումներ են կանխատեսում, իշխող կուսակցությունը համաժողովրդական ընդվզման համար նպաստավոր պայմաններ չի տեսնում:

«Եթե Ուկրաինայում հեղափոխության ալիքը հաջողությամբ պսակվի, կարող է Հայաստան հասնել»,-կարծում է ուկրաինական իրադարձություններին հետևող Արմեն Մարտիրոսյանը։

Քանի որ Ուկրաինայում դրանք, ընդդիմադիր գործչի համոզմամբ, անմիջական կապ ունեն Հայաստանի հետ՝ երկրի ժողովրդավարացմանն են ուղղված․ - «2011 թվականին Արաբական գարունն էր աշխարհում տեղի ունենում: Հայաստանում ևս կարծեք թե ժողովուրդը մի պահ լավ արթնացել էր և հերթական անգամ միասնության պահանջ էր դնում: Ցավոք սրտի մենք այդ էտապը բաց թողեցինք, հիմա եկել է մեկ այլ էտապ: Եվս այս պահին հասարակությունը այդ պահանջը դնում է, որ միասնական ուժերով ոտքի ելնեն քաղաքական ուժերը և հասարակությանը տանեն դեպի հաղթանակ»:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահի համոզմամբ Հայաստանում ժողովրդի ընդվզման համար նույնիսկ հատուկ առիթ էլ հարկավոր չէ․ - «Եթե քաղաքական ուժերն իսկապես մեր քաղաքացիների տրամադրությունների կրողը լինեն, իրենք, բնականաբար, այսօր պետք է միասնական ձևով պայքարեն, որպեսզի երկրում իշխանափոխություն լինի: Մեր քաղաքացիների առաջին, և, ըստ էության, գլխավոր պահանջը դա է՝ իշխանափոխություն և արմատական բարեփոխումներ: Կուտակային համակարգ է, գազի խնդիր է, ծառ են կտրում, շենք են քանդում, նոր շենք են կառուցում, փայ են մտնում բիզնեսում․․․ բոլորը ընդամենը նույն հիմքը ունեն՝ անարդար կառավարում, ոչ ժողովրդավարական գործընթացներ և եկամուտների գերկենտրոնացում»:

ՀԱԿ-ից Վլադիմիր Կարապետյանը, սակայն, չի կիսում Արմեն Մարտիրոսյանի կարծիքը՝ ասում է ուկրաինական իրադարձությունները մեր ներքաղաքական իրավիճակի վրա չեն ազդի․ - «Ես ուղիղ կապ չեմ տեսնում ուկրաինական իրադարձությունների և հայաստան, ինչպես դուք ձևակերպեցիք, տեղափոխվելու այդ բողոքի ալիքի հետ: Կարծում եմ, որ մենք մեր խնդիրները ունենք և մեր խնդիրները մենք բարձրաձայնելու ենք և ժողովրդին էլ հնարավորություն ենք տալու, որ իրենք էլ իրենց դիրքորոշումը արտահայտեն, այդ թվում՝ հրապարակներում»:


Կարապետյանը կարծում է, որ Ուկրաինայում իշխանության դեմ պայքարի ելած ժողովուրդը կհաղթի․ - «Առաջնային պատասխանատուն, նման իրադարձություններում, անշո՛ւշտ իշխանությունն է: Ես փորձեմ մի զուգահեռ անցկացնել՝ ի տարբերություն հայաստանյան իրադարձություններին, 6 տարի առաջ մարտի 1-ին իշխանությունները հարձակվեցին քնած, անպատրաստ ժողովրդի վրա: Ուկրաինայում իրավիճակը մի փոքր այլ էր: Դրա համար մեր կոչը կուղղենք ոչ միայն իշխանություններին, այլև ընդդիմությանը, որ պատասխանատվությունը երկուսի վրա է՝ լուծումներ գտնելու»:

Հանրապետական Հովհաննես Սահակյանը ուկրաինացիներին նախ սթափության կոչ արեց՝ Երևանից։

«Ես պետք է նախ սթափության և հանդարտության կոչ անեմ ուկրաինացի ժողովրդին և իշխանություններին՝ առհասարակ: Եվ պետք է ասեմ, որ որևէ մի նման իրադարձություն, նման ողբերգություն, երբևէ որևիցե մի ազգի օգուտ չի բերել, եթե չասեմ վնասները, այն անդառնալի հետևանքները, որոնք կրում է ամբողջ ժողովուրդը», - նշեց նա:

Արմեն Մարտիրոսյանի տեսակետին անդրադառնալով էլ ասաց՝ մեզ մոտ համաժողովրդական ընդվզման համար նպաստավոր պայմաններ չի տեսնում, չնայած գիտի՝ կան մարդիկ, որոնք տենչում են նման իրավիճակ, ինչպես Հովհաննես Սահակյանը ձևակերպեց՝ նեղ հատվածական շահերը լուծելու համար․ - «Ես կարծում եմ, որ այսօրվա այն իրավիճակը, որը տիրում է և կա մեր երկրում, կապված սոցիալական խնդիրների, թե՛ այն բարեփոխումների արդյունքում, որ կան որոշակի դժգոհություններ, կան մարդիկ, ովքեր համամիտ չեն, կապված գազի պայմանագրի հետ՝ այս հիմնական այն խնդիրներն են, որոնց շուրջ կա որոշակի տարաձայնություն, ժողովրդի մոտ կա դժգոհություն որոշակի չափով․․․ ես կարծում եմ սրանք այն խնդիրները չեն, որոնց արդյունքում մեր ժողովուրդը պետք է ոտքի կանգնի և մենք ունենանք ուկրաինական օրինակը, ունենանք Մայդան»:

ՀԱԿ-ից Վլադիմիր Կարապետյանը հանրապետական Հովհաննես Սահակյանին այսպես հակադարձեց․ - «Ես հավատացած եմ, որ իրենք անկեղծ են: Իրենց շրջապատում, այն մարդկանց հետ, որոնց հետ իրենք շփվում են ամեն օր, հաստատ բունտի առիթներ չկան, հաստատ հանրապետականները չէ, որ պետք է բարձրաձայնեն այն խնդիրների մասին, որոնք մեր երկիրը պատել են: Ժողովուրդը կքած՝ պարտադիր պետք է դուրս գա փողոց և արտահայտի իր մոտեցումները»:
XS
SM
MD
LG