Մատչելիության հղումներ

Նախկին խորհրդային երկրներում տեղեկատվության ազատության իրավիճակը «մռայլ է»


Մամուլի ազատության վիճակը աշխարհում ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության

Մամուլի ազատության վիճակը աշխարհում ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության տարեկան զեկույցը:

Նախկին խորհրդային երկրներում տեղեկատվության ազատության իրավիճակը ընդհանուր առմամբ, դժբախտաբար, մռայլ է և տարեցտարի վատանում է: «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Յոհան Բիխրը:

Լրագրողական այս հեղինակավոր կազմակերպությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Փարիզում, հրապարակել է մամուլի ազատության այս տարվա զեկույցը: «Ազատություն» ռադիոկայանի` հեռախոսով անցկացրած հարցազրույցում Բիխրը դրական շեշտադրումներով է խոսել միայն Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ղրղըզստանի մասին:

«Այս երկրներում այլակարծությունը նշանակալից աստիճանի վրա է, և համեմատաբար փոքր է պետական գրաքննությունը: Բայց սա, իհարկե, չի նշանակում, թե խնդիրները վերացել են: Հատկապես սոցիալական բևեռացվածության արտացոլումը մամուլում մեծ է, ինչպես նաև այս երկրներում մեծ խնդիր է մնում խմբագրակազմերի անկախությունը», - ասել է Բիխրը:

Մանրամասնելով` նա նշել է, որ Ղրղըզստանում կարիք կա բարձրացնելու խոսքի ազատության աստիճանը: Վրաստանում և Հայաստանում ընտրությունները հանդարտ էին, քան նախորդը: Երկու երկրներում լրագրողների դեմ բռնությունները հազվադեպ էին, պետական հեռարձակող ընկերությունները առաջընթաց են ունեցել:

Գոհացուցիչ համարելով նաև Աֆղանստանի մամուլի բազմակածությունը՝ արևելաեվրոպական ու Կենտրոնական Ասիայի մյուս երկրների մասին Յոհան Բիխրը արտահայտվել է բավական բացասական գհահատականներով:

Ռուսաստանի մասին նա նշում է, որ 2013-ին Ռուսաստանը աչքի է ընկել ռեպրեսիվ օրենքների առատությամբ, որոնք տեղեկատվության ազատության ոլորտը ավելի ու ավելի են նեղացնում: Ավանդական արժեքները օգտագործվում են արդարացնելու համար նոր սահմանափակումները, օրինակ՝ հոմոսեքսուալիզմի քարոզչության քրեականացումը, կրոնի նկատամբ անհարգալից վերաբերմունքը արգելելը: Նա նաև նշում է, որ լրագրողներ են ձերբակալվում՝ կապված իրենց մասնագիտական աշխատանքի հետ:

Ուկրաինայի մասով ընդգծելով, որ վերջին սարսափելի զարգացումների գհահատականները զեկույցում ընդգրկված չեն, նա հավելում է՝ այնուհանդերձ, դրանց նախորդած վերջին ամիսները պարզորոշ ցույց են տալիս, որ առաջատար մամուլի սեփականությունը անցնում է կառավարամետ օլիգարխների ձեռքը, հաճախակի են դարձել լրագրողների դեմ անպատժելի բռնությունները, ինչպես նաև անկախ լրագրողներին վախեցնելու փորձերը:

Ադրբեջանի ու Ղազախստանի մասին Բիխրը նշում է , որ այդ երկրները կանգնած են մամուլի ցանկացած այլակարծությունը արգելելու եզրին:

Նա նշում է, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններից առաջ խստորեն ճնշվել են քաղաքական ընդդիմությունը, մարդու իրավունքների ոչ կառավարական կազմակերպությունները և անկախ մամուլը, ճնշումները շարունակվել են նաև ակնհայտորեն կեղծված ընտրություններից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG