Մատչելիության հղումներ

Եվրոպացի պաշտոնյաները դատապարտում են բռնությունները Ուկրաինայում


Ուկրաինա - Կիևի Անկախության հրապարակը՝ Եվրոմայդանը այսօր վաղ առավոտյան

Ուկրաինա - Կիևի Անկախության հրապարակը՝ Եվրոմայդանը այսօր վաղ առավոտյան

Եվրոպացի պաշտոնյաները դատապարտում են երեքշաբթի օրը Ուկրաինայում տեղի ունեցած մահացու բռնությունները և բոլոր կողմերին կոչ են անում հանդարտություն ցուցաբերել ու վերսկսել երկխոսությունը:

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը մտահոգություն է հայտնել «նոր լուրջ լարվածության» կապակցությամբ: Իր հայտարարությունում Էշթոնը դատապարտել է տեղի ունեցած բոլոր բռնությունները, ներառյալ՝ հանրային և կուսակցության շենքերի դեմ գրոհները:

Քեթրին Էշթոնի մամուլի խոսնակ Մայա Կոսիյանչիչը Բրյուսելում «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվյակին ասել է, թե քաղաքական որոշումը պետք է ընդունվի խորհրդարանում, և Ուկրաինան պետք է հրատապ վերադառնա խորհրդարանական գործընթացների:

«Քաղաքական գործիչները հիմա պետք է կիսեն պատասխանատվությունը՝ վերականգնելու համար վստահությունը, և պայմաններ ձևավորեն քաղաքական ճգնաժամը արդյունավետ լուծելու համար», - նշել է Կոսիյանչիչը:

Նա ասել է, որ առկա ճգնաժամի լուծումը պետք է ներառի նոր կառավարության ձևավորում, առաջընթաց սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ, ինչպես նաև նախապատրաստական աշխատանքներ թափանցիկ ու ժողովրդավարական նախագահական ընտրությունների համար:

Քեթրին Էշթոնի մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ այս գործընթացներում Եվրամիությունը պատրաստ է օգնել Ուկրաինային:

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը ասել է, որ ցնցված ու վշտացած է զոհերի մասին լուրերից:

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը Թվիթերի իր էջում գրել է․ - «Այսօրվա ողբերգական մահերից հետո Ուկրաինայում յուրաքանչյուրը պատասխանատու է խաղաղ լուծում ապահովելու համար»:

Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հանդարտության և քաղաքական փոխզիջումների կոչ է արել:

Երեքշաբթի օրը Կիևի կենտրոնում բախումներ տեղի ունեցան ոստիկանական ուժերի և ցուցարարների միջև: Երեկոյան ոստիկանությունը պաշտոնապես հաստատեց, որ բախումների արդյունքում քաղաքացիական հինգ մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Այսօր առավոտյան լրատվական գործակալությունները՝ վկայակոչելով Ուկրաինայի առողջապահության նախարարության տվյալները, հաղորդեցին, որ զոհվել է 25 մարդ, որոնցից 7-ը՝ ոստիկաններ: Հաղորդվում է նաև հարյուրավոր վիրավորների մասին, որոնց թվում, ըստ ոստիկանության, տասնյակ ոստիկաններ կան, նրանցից մի քանիսը վիրավորվել են հրազենային կրակոցներից:

Երեկ երեկոյան Ուկրաինայի անվտանգության ծառայությունն ու ներքին գործերի նախարարությունը պահանջեցին ցուցարարներից վերջ տալ անկարգություններին՝ սպառնալով լուրջ գործողությունների դիմել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG