Մատչելիության հղումներ

ՌԴ մաքսապետը Հայաստանի հետ հաղորդակցության լեզվի հարց է բարձրացնում


Ռուսաստանի մաքսային ֆեդերալ ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինով, արխիվ

Ռուսաստանի մաքսային ֆեդերալ ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինով, արխիվ

Անդրեյ Բելյանինովի խոսքերով՝ Հայաստանը «բաց սրտով» աշխատում է Մաքսային միության ապագա գործընկերների հետ:

Ռուսաստանի մաքսային ֆեդերալ ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովի կարծիքով` Մաքսային միությանը Հայաստանի միանալու գործընթացում հրատապ խնդիրներից մեկը տեղեկատվական գործակցությունն է: Չորեքշաբթի օրը Բելառուսում, Նովոպոլոցկում տեղի ունեցած նիստին հաջորդած ասուլիսում նա ասել է, թե իրեն ամենաշատը մտահոգում է տեղեկատվության փոխանակման խնդիրը:

«Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մաքսային ծառայությունների շփման լեզուն ռուսերենն է, իսկ Հայաստանում՝ հայերենը», - պարզաբանել է նա՝ հավելելով, թե պետք է շատ լուրջ աշխատանքներ տանել, «այլապես մեկս մյուսին չենք կարող հասկանալ»: «Շատ բան պետք է նորից յուրացնել», - հավելել է Բելյանինովը:

Նրա խոսքերով՝ Հայաստանը «բաց սրտով» աշխատում է Մաքսային միության ապագա գործընկերների հետ:

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ Անդրեյ Բելյանինովը նաև ասել է, որ ՄՄ-ին Հայաստանի միանալու խիստ ժամկետներ են սահմանված, ենթադրվում է, որ կես տարվա մեջ գործընթացը պետք է առավելագույնը մոտեցնել ավարտին:

Նովոպոլոցկում անցկացվել է ՄՄ-ի մաքսային ծառայությունների կոլեգիայի նիստ, որին դիտորդի կարգավիճակով մասնակցել են նաև Հայաստանի, Ղրղըզստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները:

Հայաստանի պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը Նովոպոլոցկի նիստում հավաստիացրել է, որ Հայաստանը Մաքսային միության ներկայումս գործող բոլոր ընթացակարգերը կկատարի պատշաճ կերպով: Խաչատրյանը հայտարարել է, որ Հայաստանը ցանկանում է միանալ Մաքսային միությանը, և կա քաղաքական որոշում՝ դա կատարել որքան հնարավոր է արագ:

Իսկ Երևանում Հայաստանի վարչապետը այսօր հայտարարել է, որ Մաքսային միությանը Հայաստանի միանալու պայմանագիրը պատրաստ կլինի մայիսին: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ կառավարությունում անցկացված խորհրդակցությունում Տիգրան Սարգսյանը աշխատանքային խմբերի ղեկավարներին հանձնարարել է խստորեն պահպանել Մաքսային միությանը միանալու գործողությունների գրաֆիկը:

«Մեծ աշխատանք է կատարվել: Մենք կարողացանք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային խմբի փորձագետների հետ համաձայնեցնել «ճանապարհային քարտեզը», ինչը երաշխավորում է, որ մենք կարող ենք մայիսին պատրաստել Մաքսային միությանը Հայաստանի միանալու պայմանագիրը», - ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը նշել է, որ այդ խնդիրը դրված է աշխատանքային 22 խմբերի առաջ, որտեղ ընդգրկված են Հայաստանի լավագույն մասնագետները: «Պատահական չէ, որ Մաքսային միության մեր գործընկերները բարձր են գնահատել մեր փորձագետների աշխատանքը», - ընդգծել է Սարգսյանը:

Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ խորհրդակցության ընթացքում աշխատանքային խմբերի ղեկավարները զեկուցել են Մաքսային միությանը անդամակցության «ճանապարհային քարտեզով» նախանշված միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG