Մատչելիության հղումներ

Դեսպան. Հայաստանն Իրանից գազ ներկրելու շուրջ չի բանակցել


Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսի

Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսի

Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին ուրբաթ օրը հայտարարեց, թե Հայաստանի իշխանությունները երբեք Իրանի հետ բանակցություններ չեն վարել գազ գնելու շուրջ՝ փաստորեն հերքելով Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հայտարարությունը, թե իրանական կողմն այսօր Հայաստանին գազ առաջարկում է ավելի թանկ գնով, քան Ռուսաստանից ներմուծվողը:

Դեսպանի պարզաբանմամբ` խոսքը ոչ թե «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքի, այլ սպառողների համար գազ գնելու մասին է: Այդ գործարքով, հիշեցնենք, Հայաստանը Իրանից ստացված գազը Երևանի ՋԷԿ-ում վերածում է էլեկտրաէներգիայի ու հետ ուղարկում Իրան:

«Մինչև այժմ Հայաստանի հետ բացի «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» բարտերի մասին խոսակցությունից, մենք գազի գնման, գնի մասին քննարկում չենք ունեցել», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռայիսին:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք Հայաստանի իշխանությունները իրանական կողմի հետ երբևէ քննարկե՞լ են գազ գնելու հարցը, դեսպանն արձագանքեց. - «Ինձ հետ նման խոսակցություն չի եղել»:

Մինչդեռ ընդամենը երկու օր առաջ Հայաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, թե իրանական կողմն այսօր Հայաստանին գազ է առաջարկում սահմանին 1000 խորանարդ մետրը 400 դոլար գնով` ավելի թանկ, քան Ռուսաստանից ներմուծվողը:

Հատկանշական է, որ Իրանի դեսպանի այսօրվա ասուլիսը երկրորդն էր վերջին երեք օրերի ընթացքում: Սովորաբար Մուհամադ Ռաիսին նման հաճախականությամբ ասուլիսներ չի տալիս և այսօրվա հանդիպումը լրագրողների հետ հաջորդեց Ազգային ժողովում Արմեն Մովսիսյանի այդ հայտարարությանը:

«Հայկական ժամանակի» տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի ներկայացմամբ, Իրանի դեսպանի հայտարարությունը նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները երբեք չեն փորձել այլընտրանք գտնել ռուսական գազին, արդյունքում՝ ժամանակի ընթացքում անընդհատ մեծացել է մեր կախվածությունը ռուսական էներգակիրներից:

«Դա կարծում եմ բոլորին է արդեն ակնհայտ, որ Իրանի հետ գազի մատակարարումների շուրջ բանակցություններ վարելու թույլտվությունը Հայաստանի իշխանությունները պետք է ստանան Ռուսաստանի իշխանություններից: Նման թույլտվություն Հայաստանի իշխանությունները պարզապես չեն ստանում», - «Ազատություն» հետ զրույցում մեկնաբանեց Գևորգյանը՝ եզրակացնելով՝ այլընտրանք չստեղծելով Հայաստանի համար՝ «իշխանությունները մեզ բոլորիս պարտադրել են գնել ռուսական թանկ գազը»:

Ռուսաստանի նախագահ Պուտինի օրերս Հայաստան կատարած այցի արդյունքում ստորագրվեց պայմանագիր, ըստ որի Հայաստանի կառավարությունը «Գազպրոմին» զիջեց «Հայռուսգազարդում» մեզ պատկանող բաժնետոմսերի վերջին 20 տոկոսը, որից հետո Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, թե գործարքի շնորհիվ մինչև 2018թ․-ը ռուսական գազը Հայաստանի սահմանին կարժենա 189 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց (թեև բնակարաններում մենք վճարում ենք 385 դոլար):

Այն հարցին՝ ո՞ր գազն է թանկ ռուսականը, թե՞ իրանականը, դեսպանը այսպես արձագանքեց․ - «Պետք է նստել, բանակցել, և գործարքը կնքելու պահին նոր կերևա, թե որ գազն է թանկ»:

«Մի բան էլ կա․ գուցե մի երկիր ինչ-որ մի երկրի հազար խորանարդ մետրը վաճառի 400 դոլարով, մեկ այլ երկրի ցանկանա վաճառել 100 դոլարով: Դա կախված է երկու երկրների միջև ձեռք բերված համաձայնությունից»,- շարունակեց Ռաիսին:

Եվ վերջում մեկ տեղեկություն․ ըստ Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի վերջին տվյալների, այս տարվա երրորդ եռամսյակում Հայաստան Իրանից ներմուծված գազը (գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց գործարքի շրջանակում) արժեցել է 181.7 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG