Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի իշխանությունները Ռուսաստանին կվաճառեն «Հայռուսգազարդում» մեզ պատկանող վերջին 20 տոկոս բաժնեմասը: Ընդ որում, այս մասին հայտնի դարձավ ոչ թե Հայաստանի պաշտոնյաներից, այլ «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերից:

Միլերը այդ մասին հայտարարեց այսօր Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի վերաբացման արարողության ժամանակ․ 5-րդ էներգաբլոկը նույնպես պատկանում է «Գազպրոմին»․ - «Այսօր իրոք պատմական օր է: Այսօր Երևանում կստորագրվեն շատ կարևոր փաստաթղթեր Ռուսաստանի և Հայաստանի միջև էներգետիկ համագործակցության ոլորտում: Փաստաթղթեր կստորագրվեն «Հայռուսգազարդում» [Հայաստանին պատկանող] բաժնետոմսերի 20 տոկոսը «Գազպրոմի» կողմից ձեռք բերելու մասին, և «Գազպրոմը» դառնում է «Հայռուսգազարդի» 100 տոկոս սեփականատերը, իսկ «Հառուսգազարդը» մուտք է գործում «Գազպրոմի» դուստր ձեռնարկությունների համերաշխ ընտանիք: Այսօր կստորագրվի Հայաստանի համար կարևոր՝ գազի մատակարարման մասին գործարքը: Այսօր կսահմանվի գազի նոր գին, և Հայաստան գազի մատակարարման այդ գինը կկապվի Ռուսաստանում առկա գազի ներքին գներին»:

Միլլերը որևէ թիվ չնշեց՝ չասաց, թե այսուհետ ի՞նչ գնով է վաճառվելու գազը Հայաստանին և այդ նոր գինը երբվանի՞ց է ուժի մեջ մտնելու:

Հունիսի 7-ից հետո, երբ Հայաստանում կտրուկ թանկացան բնական գազն ու էլեկտրաէներգիան, լրատվամիջոցներում տեղեկություն հայտնվեց, որ Հայաստանը ռուսական կողմին է զիջելու «Հայռուսգազարդում» իր վերջին բաժնեմասը՝ փոխարենը գազի գնի էլ ավելի թանկացումից խուսափելու համար: Հայաստանյան պաշտոնյաները ամռան ու աշնան ընթացքում խուսափում էին պատասխանել այս հարցին՝ նշելով, թե Մոսկվայի հետ բանակցությունները շարունակվում են:

Նշենք, որ 1997թ․, երբ ստեղծվեց «Հայռուսգազարդը», Հայաստանին էր պատկանում այդ ընկերության բաժնետոմսերի 45 տոկոսը, մյուս 45 տոկոսը պատկանում էր «Գազպրոմին», իսկ 10 տոկոսը ռուսական մեկ այլ՝ «Իտերա» ընկերությանը: Անցած տարիների ընթացքում «Իտերան» վաճառեց իր բաժնեմասը «Գազպրոմին»: Իր բաժնեմասը «Գազպրոմին» սկսեց վաճառել նաև Հայաստանի կառավարությունը․ այդ գործընթացը սկսվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք և ամեն անգամ Հայաստանի բաժնեմասը վաճառվել է ավելի էժան գազ գնելու նպատակով կամ գոնե այդպես է ներկայացվել պաշտոնապես:

Արդյունքում՝ Հայաստանը ամբողջովին զրկվեց իր գազի շուկայի մոնոպոլիստ-ընկերությունում սեփական բաժնեմասից, իսկ անցած տարիների ընթացքում այդպես էլ չստեղծվեց Հայաստանի համար գազի մատակարարման այլընտրանքային աղբյուր՝ Հայաստանը շարունակում է իր արդյունաբերության և բնակիչների համար գազը գնել միայն Ռուսաստանից, իսկ Իրանից եկող գազը, ինչպես հայտնի է, այստեղ՝ Երևանի ՋԷԿ-ում վերածվում է էլեկտրաէներգիայի, որը այնուհետև փոխանցվում է Իրանին:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Աշոտ Խորշուդյանի փոխանցմամբ, Ռուսաստանին ամբողջովին զիջելով «Հայռուսգազարդը»՝ Հայաստանի իշխանությունները անվտանգության խնդիր են ստեղծել մեր երկրի համար:

«Այդ 20 տոկոսը փոքր-ինչ հույս էր տալիս անկախության, այսինքն փոքր-ինչ հույս, որ որոշակի վերահսկողություն կա «Հայռուսգազարդում», թեպետ հումորով կասեմ հակառակը՝ երևի այդ 20 տոկոսը «Հայռուսգազարդի» տեսակետից նշանակում էր, որ իրենք նախարար ունեն այստեղ նշանակած: «Հայռուսգազարդը» շատ մեծ կազմակերպություն է: Եվ հարցը այսպես ձևակերպենք՝ մենք ունե՞նք վերահսկողություն Հայաստանի գազի համակարգի վրա: Ես ենթադրում եմ, որ ոչ՝ չունենք», - մեկնաբանում է փորձագետը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG