Մատչելիության հղումներ

logo-print

Մեղրիում արդեն 15 տարի սպասում են գազաֆիկացմանը


Իրան-Հայաստան գազատարի կառուցումից 15 տարի անց Իրանին սահմանակից Մեղրիի բնակիչներին ամենաշատը մտահոգող խնդիրը գազաֆիկացման վերաբերյալ չիրականացած պաշտոնական խոստումներն են։

«2011 թվին մեզ խաբել են, մինչև հիմա էդ գազը չկա, թանկ-կրակ բերում են բալոններով, դրանցից ենք վերցնում»,- ասում է մի զայրացած մեղրեցի։

«ՀայՌուսգազարդ»-ի սեփականատեր ռուսական ընկերությանը ձեռնտու չէ Հայաստանի հարավային դարպասի գազաֆիկացումը:

«Մենք ավարտել ենք մեր հիմնական ծրագիրը, և կան մի շարք համայնքներ, որտեղ ներդրումների տնտեսական արդյունավետությունը չի արդարացվում»,- ասաց ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը։

էներգետիկայի և բնական պաշարների նախարարը երեկ պնդում էր, թե Իրանը գազ է առաջարկում հազար խորանարդ մետրը 400 դոլարով, այն դեպքում, երբ Ռուսաստանը տրամադրում է 189 դոլարով:

Իրանական կողմը սահմանին գազի գնի մասին տեղեկություն հրապարակելուց հրաժարվում է: Հայստանում Իրանի դեսպանը երկու օր առաջ միայն ասաց, թե գազի գինը սահմանին միջազգային գներով է, իսկ թե որքան՝ չմասնավորեցրեց։

Եթե այդպես է, կառավարությունը խոստումները շարունակելով՝ ի՞նչ ակնկալիքներ ունի․ Հայաստանի կառավարությունը նախատեսում է Իրանի՞ց, թե՞ Ռուսաստանից Հայաստան հասնող խողովակաշարից գազ տրամադրել Մեղրիի տարածաշրջանին: Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանը չգիտի դա։ Նա ասաց՝ Հայաստանի բոլոր բնակավայրերում գազի գինը պետք է լինի նույնը։

Սյունիքի մարզպետարանից հայտնում են, որ 2014-ից պետք է սկսվի խողովակաշարի շինարարությունը: Մեղրիին գազով ապահովելու նախագծերն ու նախահաշվարկները շարունակվում են արդեն երեք տարի: Դեռ չեն հաստատվել: Այս անորոշությունների ֆոնին մեղրեցիները տարիներով չլուծվող խնդիրների վերաբերյալ գնահատական են հնչեցնում.- «Մեղրին արհամարհված շրջան է, ոչ մեկը ուշադրություն չի դարձնում»։

Մեղրիի բնակիչները բազմաթիվ այլ խնդիրների մասին են բարձրաձայնում, տարիներ շարունակ հիվանդանոց չկա, դժգոհում են նաև սոցիալական պայմաններից, աշխատատեղերի բացակայությունից, ասում են՝ մի կերպ յոլա են գնում։ Մեղրիի բնակիչները դժգոհում են նաև հանքային արդյունաբերության հետևանքներից։ «Ազատության» զրուցակիցներից մեկն էլ ասաց, որ տարիներով չլուծվող խնդիրների հետևանքով մարդիկ հեռանում են հարազատ բնակավայրից։
XS
SM
MD
LG