Մատչելիության հղումներ

logo-print
Ռուսաստանը արդեն իսկ քայլեր է ձեռնարկել, որպեսզի մինչև Մաքսային միությանը անդամակցելը Հայաստանի տնտեսության համար նպաստավոր պայմաններ ստեղծվեն: Այս մասին այսօր հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Հայաստանի նախագահի նստավայրում կայացած ասուլիսի ժամանակ:

«Մենք գործնական քայլեր ենք ձեռնարկել, որպեսզի Հայաստանի համար վիճակը լինի բարենպաստ անգամ մինչև անդամակցությունը։ Օրինակ՝ գազի գնի հաշվարկման այն մեխանիզմը, որի մասին խոսվեց՝ հազար խորանարդի դիմաց 189 դոլար: Մինչդեռ, պատկերացրեք՝ Եվրոպայում գինը 500 դոլար է: Սա՝ առաջինը: Երկրորդ՝ որպես ՀԱՊԿ անդամ Հայաստանը զենք կստանա Ռուսաստանի ներքին գներով: Նույնը վերաբերում է նաև նավթամթերքին․ մենք միակողմանիորեն հանում են 30 տոկոս կազմող արտահանման մաքսատուրքը», - մասնավորապես, ասաց Ռուսաստանի նախագահը:

Վլադիմիր Պուտինը նկատեց, թե այս ամենի արդյունքում Ռուսաստանի բյուջեն կզրկվի նշանակալի գումարներից, բայց փոխարենը՝ նպաստավոր պայմաններ կստեղծվեն Հայաստանի տնտեսության զարգացման համար:

Պատասխանելով ռուս լրագրողի այն հարցին, թե ե՞րբ կարող է Հայաստանը անդամակցել Մաքսային միությանը, Պուտինն ասաց, թե կոնկրետ ժամկետներ նշել չի կարող, բայց Ռուսաստանը իրենից կախված ամեն ինչ կանի, որպեսզի անդամակցությունը հնարավորինս արագ լինի․ - «Չեմ թաքցնի՝ ի զարմանս մեզ, հայկական կողմը գործում է շատ եռանդուն և ցույց է տալիս պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակ, ինչը, անկեղծ ասած, մեզ դնում է որոշակի ծանր դրության մեջ: Մենք նույնիսկ չենք հասցնում մեր հայ գործընկերների հետևից: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանի լիիրավ անդամակցությունը Մաքսային միությանը իրականություն դառնա հնարավորինս արագ: Ես կխուսափեի նշել հստակ ժամկետներ, քանի որ դա կախված է ոչ միայն մեզանից այլև մեր գործընկերներից՝ Ղազախստանից և Բելառուսից, բայց Ռուսաստանը իրենից կախված ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանի անդամակցությունը հնարավորինս արագ լինի»։

Հայաստանյան հեռուստաընկերություններից մեկը հարց հնչեցրեց, թե ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի արձագանքը, եթե Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները իրականություն դառնան: Վլադիմիր Պուտինը դիվանագիտորեն շրջանցեց այս հարցը, ասելով, որ եթե շատ այդ մասին խոսեն, ապա խաղաղ կարգավորման հնարավորությունները կնվազեն:

«Մենք կցանկանայինք, որ Ռուսաստանի սահմաններին այդքան մոտ գտնվող և Ռուսաստանի հետ այդչափ սերտ հարաբերություններ ունեցող այս տարածաշրջանում երբեք այլևս արյուն չթափվի՝ ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի քաղաքացիների: Մենք հենց դրա վրա էլ աշխատում ենք: Ենթադրաբար ասել, թե ինչ կանենք մենք, եթե սկսվի պատերազմ, իմ կարծիքով, լավ արդյունքների չի բերի: Կստացվի, որ մենք պատրաստվում ենք պատերազմի, իսկ մենք պետք է հասնենք նրան, որ, ինչպես Հայաստանի նախագահը նշեց, բոլոր վիճելի հարցերը լուծվեն բացառապես դիվանագիտության միջոցներով: Մենք դրան էլ ձգտելու ենք», - ասաց Վլադիմիր Պուտինը:

Ռուս լրագրողներից մեկն էլ ընդգծեց, որ թեև գտնվում են իր սիրելի Երևանում, բայց իր հարցը վերաբերում է մեկ այլ երկրի մայրաքաղաքին՝ Կիևին: Մասնավորապես, լրագրողը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է Ռուսաստանի նախագահը գնահատում Կիևում տեղի ունեցող իրադարձությունները, որտեղ ցուցարարները պետական շենքեր են գրավում, պատուհաններ կոտրում, հեղափոխության կոչեր հնչեցնում:

Վլադիմիր Պուտինն ասաց, թե այդ իրադարձություններն իրեն ավելի շատ հիշեցնում են ոչ թե հեղափոխություն, այլ անկարգություններ, կամ ինչպես ինքը ձևակերպեց՝ պոգրոմ․ - «Որքան էլ տարօրինակ հնչի, իմ կարծիքով, այդ ամենը քիչ կապ ունի Ուկրաինայի և Եվրամիության փոխհարաբերությունների հետ: Ուշադրություն դարձրեք՝ որևէ մեկը խորամուխ չի լինում՝ ինչ է գրված այդ [Ասոցացման] համաձայնագրերի նախագծերում, ոչ ոք ոչինչ չի տեսնում, ոչինչ չի լսում։ Ասում են, թե ուկրաինացիներից խլում են նրանց երազանքը, բայց եթե նայենք այդ համաձայնագրերի բովանդակությանը, ապա պարզ կդառնա, որ մինչև այդ երազանքի, այդ լավ երազանքի իրականացումը, շատերը պարզապես կենդանի չեն լինի, քանի որ պայմանները շատ խիստ են, և, իմ համոզմամբ, այն ինչ կատարվում է Կիևում՝ կապ չունի Եվրամիության հետ, դա ներքաղաքական գործընթաց է, ընդդիմության կողմից փորձ է խարխլել գործող՝ ուզում եմ ընդգծել՝ լեգիտիմ իշխանությունը։ Այն, ինչ կատարվում է, շատ լավ կազմակերպված ակցիա է, որը միտված է 2015 թվականին կայանալիք նախագահական ընտրությունների նախապատրաստմանը: Էկրաններից մենք տեսնում ենք, թե ինչպես է գործում լավ վարժեցված և պատրաստված գրոհայինների խումբը»:
XS
SM
MD
LG