Մատչելիության հղումներ

Դատախազը հաստատեց Սեդրակյանին ներկայացված մեղադրանքը


Վարդան Սեդրակյան
Վարդան Սեդրակյան
Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական վարչությունում ավարտվել է Հայաստանի նախագահի թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը, եւ դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Նախաքննական մարմինը համոզված է, որ հենց Սեդրակյանն է ընտրություններին մասնակցող մեկ այլ թեկնածուի՝ «Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը պատվիրել:

Նրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ քանի դեռ չեն ստացել մեղադրական եզրակացությունը, ապա չեն շտապի որեւէ կարծիք հայտնել: Բայց ինչպես նախկինում, փաստաբանն այժմ էլ պնդեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում մեղքը:

Ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Սիրունյանն անդրադարձել էր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձից հետո Սեդրակյանի հնչեցրած հայտարարություններին: Էպոսագետը այդ ժամանակ հայտարարել էր, թե ընտրություններից հետո իրեն կձերբակալեն, քանի որ սպանության փորձ կատարելու մեղադրանքով կալանավորված երկու անձինք` Խաչատուր Պողոսյանը եւ Սամվել Հարությունյանը իրեն ծանոթ են: Մեկը նրա հարեւանն է, ով Սեդրակյանի տունն է նորոգել, մյուսն էլ որպես տաքսու վարորդ սպասարկել է նորոգողներին։ Էպոսագետն ասել էր, թե ձերբակալվածները բավական խոցելի եւ կառավարելի մարդիկ են՝ մեկը թմրամոլ է, մյուսի եղբայրը բանտում է, եւ նրանց վրա հեշտ է ազդել ու ցանկացած ցուցմունք վերցնել:

Գլխավոր դատախազության այսօր տարածած հաղորդագրությունում նշվում է, որ հենց այդ երկու անձանց է Սեդրակյանը պատվիրել սպանել Հայրիկյանին` նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով:

Նախաքննական մարմինը նաեւ նշում է, որ զենք ձեռք բերելու համար Սեդրակյանը Հարությունյանին եւ Պողոսյանին գումար է տվել, որը նրանք կիսել են միմյանց միջեւ, իսկ հանցագործությունն իրականացնելու համար օգտագործել Պողոսյանի կողմից ապօրինի ձեռք բերված եւ պահված 7.62 մմ տրամաչափի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակը: Ըստ պայմանավորվածության` սպանությունն անմիջականորեն պետք է իրականացներ Պողոսյանը, իսկ Հարությունյանը` նրան սպասեր ավտոմեքենայում: Եվ արդեն հունվարի 31-ին ժամը 23:20-ի սահմաններում Հայրիկյանի տան շքամուտքի մոտ Պողոսյանը երկու անգամ կրակել է Հայրիկյանի կրծքավանդակին եւ դիմել փախուստի` չկարողանալով հանցագործությունն ավարտին հասցնել` իր կամքից անկախ պատճառներով:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Սեդրակյանը մեղադրվում է սպանության փորձը կազմակերպելու, Պողոսյանը` պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձի եւ ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու ու իրացնելու, իսկ Հարությունյանը՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձի համար:
XS
SM
MD
LG