Մատչելիության հղումներ

logo-print

Գալուստ Սահակյանը իր կարծիքը Սյունիքի մարզպետի մասին չի փոխել


ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյան

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյան

Գորիսում տեղի ունեցած միջադեպից հետո անգամ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը իր կարծիքը Սյունիքի մարզպետի մասին չի փոխել:

ՀՀԿ փոխնախագահը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք Խաչատրյանը օրինապա՞շտ հանրապետական է, ասաց, թե դրական մոտեցումներ ունի Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ, եւ որ վերջինս իր կյանքի ընթացքում լուրջ գործունեություն է ծավալել:

Հիշեցնենք, հունիսի 1-ի երեկոյան Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցներից տեղում մահացել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, 43-ամյա գործարար Ավետիք Բուդաղյանը: Իսկ նրա եղբայրը` Գորիսի զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հանցագործությունը կատարելու կասկածանքով արդեն իսկ ձերբակալվել են Սուրիկ Խաչատրյանի որդին եւ թիկնապահը:

«Ես կարծում եմ` Խաչատրյանը ոչ միայն մեզ համար, այլ իր կյանքի դրվագներով բավականին լուրջ գործունեություն է ծավալել, եւ գնահատականը կարելի է այդ սկզբունքով տալ: Ընդհանրապես դրական մոտեցումներ ունեմ, բայց դա չի նշանակում, որ յուրաքանչյուր անձ, եթե դրական է գնահատվում կամ որեւէ առավել գործողություն է կատարում, նրա հանցանքներ պետք է ներվեն: Եթե հանցանք գործած լինի, ես կարծում եմ, կլինեն նաեւ պատիժներ», - ասաց Սահակյանը:

Հարցին, թե ՀՀԿ-ին չի մտահոգո՞ւմ, որ հանրապետական մարզպետի անունը արդեն որերորդ անգամ կապվում է նման աղմկահարույց, սպանություններով ուղեկցվող միջադեպերի հետ, Սահակյանը պատասխանեց. - «Մեզ մտահոգում են ոչ միայն հանրապետականները, այլ ընդհանրապես Հայաստանի քաղաքացիները: Նրանք, ովքեր ապացուցելի հանցանք են կատարում, ադեկվատ պատիժներ պիտի ստանան»:

Սահակյանը, ի պատասխան հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ Խաչատրյանը ներգրավված լինի այս միջադեպին, ասաց. - «Բոլոր մարդկանց, այդ թվում` Ձեզ, հնարավոր համարում եմ, որ ինչ-որ առիթներ լինեն, որ զանցանքներ եւ հանցանքներ կատարեն»:

«Եթե [Սուրիկ Խաչատրյանը] կոնկրետ զանցանք կամ հանցանք է կատարել, պատիժները ադեկվատ կլինեն», - ասաց ՀՀԿ փոխնախագահը` վստահեցնելով, որ եթե ապացուցվի մարզպետի` հանցանք կատարելու փաստը, նա պաշտոնից անպայման կհեռացվի:

Արձագանքելով այն դիտարկմանը, թե սպանությամբ ուղեկցված միջադեպին մասնակից է եղել նաեւ մարզպետի թիկնապահը, Գալուստ Սահակյանը ասաց, թե ինքը չի տեսել, որ Խաչատրյանը թիկնապահներով շրջի կամ կուսակցություն գա թիկնապահներով:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Գորիսում տեղի ունեցած սպանությունը անպատժելիության մթնոլորտի արդյունք չէ, Սահակյանն ասաց, թե ինքը պատժելի է համարում նաեւ բամբասանքները, իսկ անպատժելիության մթնոլորտ նաեւ ամբողջ աշխարհում կա:

«Ո՞ւմ պիտի պատժեին, որ Գորիսի դեպքը չլիներ», - հարցրեց Սահակյանը:

Նշենք, որ մամուլը բազմիցս է անդրադարձել Սյունիքի մարզպետին եւ նրա ընտանիքի անդամներին առնչվող քրեական դեպքերին, սակայն մարզպետն, անկախ ամեն ինչից, հանգիստ շարունակում է պաշտոնավարել: Անգամ փաստացի կադրերը, որտեղ երեւում էր, թե ինչպես է Խաչատրյանը հարվածում գործարար Սիլվա Համբարձումյանին, հիմք չհանդիսացան նրան պաշտոնանկ անելու համար: Արձագանքելով այս աղմկահարույց միջադեպին` Գալուստ Սահակյանն ասում է. - «Եթե ծեծել էր, ուրեմն կինը [Սիլվա Համբարձումյանը] պիտի կարողանար բողոքարկել եւ խնդիրը մինչեւ վերջ տանել»:

Ուշագրավ է, որ Գորիսում տեղի ունեցած արյունալի միջադեպից հետո անգամ, ըստ լրատվական կայքերի, մարզպետը շարունակել է սպառնալիքներ հնչեցրել:

Սպառնալիքներ Խաչատրյանը հրապարակավ հնչեցրել էր նաեւ նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին` ասելով, թե նրա գլուխը կջարդի օձի գլխի պես: Սակայն իշխող Հանրապետականը հրապարակավ երբեք չի դատապարտել Սուրիկ Խաչատրյանին, ավելին` նախագահը վերջերս նրան պարգեւատրեց «Մարտական խաչ» շքանշանով:

Պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք սպանությամբ ուղեկցված այս միջադեպից հետո մարզպետը կրկի՞ն չոր դուրս կգա ջրից, ինչպես միշտ ՀՀԿ-ի մեկ այլ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ասաց, թե ցավալի եւ դատապարտելի դեպք է տեղի ունեցել, բայց նախ պետք է պարզվեն մեղավորները:

«Հետո այնպես անել, որ ոչ մի թաց մարդ չոր դուրս չգա, բայց այս պահին, երբ քրեական գործ է ընթանում, խոսել կամ ավելին ասել նպատակահարմար չեմ գտնում», - ասաց Աշոտյանը:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե իշխող ՀՀԿ-ն չի պատրաստվո՞ւմ քննարկել իր կուսակցին առնչվող արյունալի այս միջադեպը, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ ասաց, թե Հանրապետականը իրավական խնդիրներ չի քննարկում, այլ տալիս է քաղաքական գնահատականներ, իսկ այդ գնահատականը մեկն է` բոլոր մեղավորները պետք է պատժվեն, անկախ նրանից մեղավորը մարզպետ է, թե մարզպետ չէ:
XS
SM
MD
LG