Մատչելիության հղումներ

Թադեւոսյանը քարոզարշավը լարված է գնահատում


Զոյա Թադեւոսյան
Զոյա Թադեւոսյան
Երեւանի ավագանու ընտրություններում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես կուսակցության ընտրացուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Զոյա Թադեւոսյանը քարոզարշավը գնահատում է լարված՝ հայտարարելով, որ իշխանությունները խուճապի մեջ են:

«Այն գործողությունները, որ հետեւում են այդ վախի մթնոլորտ սերմանելուն, արդեն ակնհայտ հարձակումները քարոզիչների, լրագրողների վրա, վկայում են, որ խուճապի են մատնվել այս իշխանությունները, եւ իրենք գիտեն, որ չունեն ձայն», - լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Թադեւոսյանը:

Անդրադառնալով քարոզարշավին՝ ՀԱԿ վարչության անդամ Թադեւոսյանը նշեց, որ գործող քաղաքապետի թիմը շարունակում է սերմանել վախի մթնոլորտ` կարծելով, թե դա լավ արդյունք կտա:

Թադեւոսյանը վերհիշում է վերջին օրերին տեղի ունեցած բռնության դեպքերը ինչպես ՀԱԿ ակտիվիստների, այնպես էլ լրագրողներից մեկի նկատմամբ:

ՀԱԿ ներկայացուցիչը կարծում է, որ հասարակությունը Հանրապետականին չի վստահում: Նրա խոսքով` իշխող կուսակցության ընտրացուցակի առաջին տեղը զբաղեցնող, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանդիպումներին մասնակցողները Հանրապետականի կողմից ընտրված անձինք են, ովքեր չեն կարող «ավելորդ» հարցեր տալ նրանց:

«Մեր ուսումնասիրությունները, որոնք ավելի շատ ներքին օղակներում շփումների արդյունքում կարող ենք ստանալ, ցույց են տալիս, որ Հանրապետական կուսակցությանը չի վստահում ժողովուրդը, ավելին` ուզում են րոպե առաջ այդ իշխանություններից ազատվել», - ասաց Թադեւոսյանը:

Ավագանու անդամի թեկնածուն ասաց, որ Տարոն Մարգարյանը պարտավոր է հասարակությանը ներկայացնել իր եկամուտների աղբյուրների մասին տեղեկատվություն՝ հաշվետու լինելով երեւանցիների առջեւ: Մարգարյանի եկամուտների մասին վերջերս մամուլում հրապարակումներ եղան, երբ նա հայտարարագրեց դրանք: ՀԱԿ-ը հայտարարում է, թե նա դրանք ստացել է յուրացումների միջոցով:

«Նա պարտավոր է հանրությանը փաստերով, համապատասխան հիմնավորումներով ապացուցել, որ իր եկամուտները աշխատած, քրտնած եւ վաստակած եկամուտներ են», - ասաց նա:

ՀԱԿ ներկայացուցիչը դեռեւս ընտրակաշառքների բաժանման մասին վաղ է համարում խոսել: Այն կբաժանեն ընտրության օրը՝ ասում է նա, նշելով, որ ընտրակաշառք տալու նպատակով տարբեր ցուցակների կազմման վերաբերյալ ահազանգեր ստանում են:

Նա անդրադառնում է նաեւ այլ բնակավայրերի բնակիչներին Երեւանում հաշվառելու գործընթացին: Առայժմ ՀԱԿ-ը նմանատիպ 1000 դեպք է արձանագրել: Այդ ուղղությամբ ուսումնասիրությունների ավարտից հետո ՀԱԿ-ը կհրապարակի դրանց մասին տեղեկությունները: Այժմ կուսակցությունը հայտարարում է միայն, որ իշխանությունները նման քայլերի իսկապես գնում են:

«Երեւանի իրական ընտրողների թիվը չի համապատասխանում նախագահական ընտրությունների թվին, ուստի այս իշխանությունները խնդիր ունեն վերականգնելու այդ թիվը կրկնակի գրանցումների միջոցով», - հայտարարեց Թադեւոսյանը` հավելելով, որ ընդդիմադիր ուժերը համագործակցելու են միմյանց հետ կեղծիքները կանխելու, ձայները պահելու նպատակով:

«Ժառանգության» ընտրացուցակի առաջին տեղը զբաղեցնող Արմեն Մարտիրոսյանը երեկ հայտարարեց, թե ընտրակեղծիքների մեջ ներգրավված են նաեւ ոչ իշխանական ուժերը եւ «Ժառանգությունը» չի միանա Հայ ազգային կոնգրեսի առաջարկին` խորհրդարանական ընտրությունների օրինակով Դաշնակցության, «Ժառանգության» ու «Բարգավաճ Հայաստանի» հետ միասնական շտաբ ձեւավորել ընտրակեղծիքների դեմ պայքարելու համար:

Ի պատասխան Մարտիրոսյանի՝ Թադեւոսյանն ասաց, որ չի վստահում «Ժառանգությանը»:
XS
SM
MD
LG