Մատչելիության հղումներ

Իշխանությունը «սկսել է ընտրությունները կեղծելու գործընթացը»


ՀԱԿ ղեկավար անդամ Արման Մուսինյան
ՀԱԿ ղեկավար անդամ Արման Մուսինյան
Մայրաքաղաքի ավագանու ընտրություններում Հայ Ազգային Կոնգրեսի ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Արման Մուսինյանի պնդմամբ` իշխանություններն արդեն սկսել են «ընտրությունները կեղծելու գործընթացը»:

Լրագրողների հետ հանդիպմանը նա համոզմունք հայտնեց, թե հասարակությունը պատրաստ է ձայն տալ ոչ իշխանական ուժերին, թեեւ, Մուսինյանի ձեւակերպմամբ` շարունակաբար կեղծվող ընտրությունների պատճառով այս գործընթացի նկատմամբ հասարակական անտարբերություն կա:

Ընդդիմության ներկայացուցիչը, անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցած տհաճ միջադեպերին, ասաց. - «Հանրապետականը, իշխանությունը, նրա ընտրական շտաբը, նրա թեկնածուն հասկանում են, որ իրենք արդար ընտրությունների պարագայում պարտվելու են, եւ սկսել են ընտրությունները կեղծելու գործընթացը. հիմա բռնություններ կիրառելու փուլն է, ընտրությունների օրը, բնականաբար, կանցնեն կեղծման այլ մեթոդների` բազմակի քվեարկություններին, ցուցակային աճպարարություններին, եւ եթե դա էլ չօգնի, արդեն չեն խորշի նաեւ տեղամասերում նաեւ ընտրության օրը բռնություններ կիրառելուց»:

Մուսինյանը փոխանցեց, թե իրենց կատարած մակերեսային ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընտրացուցակներում կան ապօրինություններ. - «Հազարից ավելի քաղաքացիներ ենք հայտնաբերել, ովքեր 2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում հաշվառված չեն եղել Երեւանում, այլ հաշվառված են եղել մարզերում, բայց այժմ նրանք հաշվառված են Երեւանում եւ քվեարկելու են ավագանու ընտրություններում»:

Անդրադառնալով ոչ իշխանական ուժերի համագործակցության խնդրին` ՀԱԿ-ի ներկայացուցիչն ասաց, թե այս պահի դրությամբ ոչ իշխանական բոլոր կուսակցությունների հետ տարբեր ձեւաչափերով կոնսուլտացիաներ են ընթանում, փորձում են հասկանալ, թե որոնք են ամենաօպտիմալ մեխանիզմները ընտրությունների օրինականությունը վերահսկելու համար:

«Հիմա ես կխուսափեմ ավելի կոնկրետանալ, բայց կարծում եմ, որ ընտրությունների օրը մենք արդեն որոշակի մեխանիզմներ կունենանք», - նշեց նա:

Հարցին, թե արդյոք վերջին շրջանում նկատվող ՀԱԿ-«Ժառանգություն» հակամարտությունը չի խանգարի իշխանական թեկնածուների դեմ միասնական պայքար մղելուն, Մուսինյանը պատասխանեց, թե քարոզարշավի մեկնարկից ի վեր իրենք որեւէ քննադատական խոսք չեն հնչեցրել ոչ իշխանական որեւէ ուժի հասցեին, իսկ այն, ինչ ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ի համագումարի իր ելույթում, «ընդամենը գնահատական էր» հետընտրական գործընթացներին:

Հայ Ազգային Կոնգրեսը, Արման Մուսինյանի ձեւակերպմամբ` Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է հաղթելու համար: Ի տարբերությունը ավագանու նախորդ` 2009 թվականի ընտրությունների, այսօր պայքարում են չորս ընդդիմադիր ուժեր. - «Եվ սա մեծացնում է շանսերը, որպեսզի համատեղ ուժերով հնարավոր լինի ջախջախել Հանրապետականին քաղաքում: Իսկ եթե քաղաքում հնարավոր եղավ քաղաքապետի ոչ հանրապետական թեկնածու ունենալ, իրադարձությունները զարգանալու են շատ ավելի արագ, քան մենք բոլորս կարող ենք պատկերացնել»:

Անդրադառնալով քաղաքական ուժերի ցուցակները գլխավորող անձանց ունեցվածքի մասին հայտարարագրերին` Մուսինյանը ասաց, թե ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը հայտարարագրել է, մասնագետների գնահատմամբ` 6-7 միլիոն դոլարի ունեցվածք այն դեպքում, երբ Մարգարյանը զբաղեցրել է միայն պետական պաշտոններ. - «Որեւէ բացատրություն չունի, թե ինչպես են այդ միջոցները անցել նրա տիրապետության տակ: Մենք պատրաստվում ենք հաղորդում ուղարկել պատկան մարմիններին, որպեսզի նրանք ստուգեն այդ ունեցվածքի ծագումը»:

ՀԱԿ-ի ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը, Մուսինյանի փոխանցմամբ, հայտարարագրել է մեկ մեքենա եւ մեկ ավտոտնակ:
XS
SM
MD
LG