Մատչելիության հղումներ

Մարտիրոսյանը ոչ իշխանական ուժերին մեղադրում է ընտրախախտումների մեջ


«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյան

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյան

Ընտրակեղծիքների մեջ ներգրավված են նաեւ ոչ իշխանական ուժերը, հայտարարեց «Բարեւ, Երեւան» դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը` չցանկանալով, սակայն, անուններ հրապարակել. ասաց` զերծ կմնա սեւ փիար իրականացնելուց:

Պատճառներից մեկը հենց սա է, որ «Ժառանգությունը» չի միանա Հայ ազգային կոնգրեսի առաջարկին` խորհրդարանական ընտրությունների օրինակով Դաշնակցության, «Ժառանգության» ու «Բարգավաճ Հայաստանի» հետ միասնական շտաբ ձեւավորել ընտրակեղծիքների դեմ պայքարելու համար: Այդ ընտրություններից հետո ոչինչ չի փոխվել, հինգշաբթի լրագրողների հետ հանդիպմանը մեկնաբանեց քաղաքապետի թեկնածուն:

«Երբ դու ասում ես` միասին պայքարենք կեղծիքների դեմ ու նույն պահին քո կայքէջը, քո թերթը, քո հեռուստաընկերությունը ամենավերջին սեւ փիարն է իրականացնում «Բարեւ, Երեւան» դաշինքի նկատմամբ, կամ լսում ես, որ ցուցակագրում են գումարների համար, այդ դեպքում մասնակցենք այդ աշխատանքին, որ ի՞նչ անենք», - հեգնեց Մարտիրոսյանը:

Կեղծիքը միայն տեղամասում չի արվում, հիմա էլ ընտրակաշառք է բաժանվում, իշխանությունների հետ ստվերային պայմանավորվածություններ կան, ասում էր Մարիտիրոսյանը` հիշեցնելով, որ մեկ տարի առաջ էլ «Ժառանգությունը» չմիացավ միասնական շտաբին, քանի որ կուսակցությունների առաջին դեմքերը չստորագրեցին համատեղ հուշագիրը:

«Եթե մենք ընդամենը ինչ-որ ձեւական ստորագրություն պետք է դնենք, կամ ինչ-որ մեկի ձեռքերը ազատելու գործընթաց պետք է անենք, որ տեսեք, էս մեկը փողը տալիս է, դա կարելի է, բայց որ Հանրապետականն է փողը տալիս, դա չի կարելի… չի լինելու նման բան, «Ժառանգությունը» նման կրկնակի ստանդարտներով երբեք չի առաջնորդվել», - ասաց նա:

Մարտիրոսյանը մատնացույց է անում «Բարեւ, Երեւան» դաշինքի ցուցակը, որտեղ, ասում է, չկան օլիգարխներ, պաշտոնյաներ: Ավելին, քաղաքային իշխանությունը ստանձնելու դեպքում նոր ավագանին մտադիր է վերանայել նախկինում կայացված մի շարք որոշումներ:

«Անկախ նրանից, թե որ օլիգարխն ու պաշտոնյան է դրա ետեւում կանգնած, այդ բոլոր որոշումները անպայման դատական կարգով վիճարկվելու են», - խոստացավ Մարտիրոսյանը:

Դաշինքում առայժմ չեն քննարկում հետընտրական սցենարներ, մասնավորապես, հնարավոր է այլ ուժերի հետ կոալիցա կազմեն քաղաքապետարանում: Արմեն Մարիտիրոսյանը իրատեսական է համարում միայնակ մեծամասնություն կազմելը:

«Իրատեսական համարում եմ` հաշվի առնելով փետրվարի 18-ի ընտրությունները», - շեշտեց նա:

Քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն, հիշեցնենք, նախօրեին հարցաքննվել էր Հատուկ քննչական ծառայությունում` ապրիլի 9-ի միջադեպի կապակցությամբ, երբ ծեծի էր ենթարկվել մի խումբ ոստիկանների կողմից: Նրանցից առնվազն երկուսի ինքնությունը սոցիալական ցանցի օգտատերերը ճնշել են, նրանց պատասխանատվության ենթարկելու կամ չենթարկելու որոշումը պետք է կայացնի ՀՔԾ-ն:

«Ոչ ադեկվատ, սադիստական, գազանային հակումներով ինչ-որ մարդիկ կան իրենց մեջ, եւ եթե իրենք իսկապես ուզում են ժողովրդի կողմից վստահության արժանանան, ինչի մասին անընդհատ բարձրաձայնում են, ապա պետք է նմանատիպ կադրերից ուղղակի րոպե առաջ ազատվեն», - ասաց Մարտիրոսյանը:
XS
SM
MD
LG