Մատչելիության հղումներ

Բռնության ենթարկված լրագրողը պահանջում է քրեական գործ հարուցել


ilur.am կայքի լրագրող Հակոբ Կարապետյան
ilur.am կայքի լրագրող Հակոբ Կարապետյան
Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Նոր Նորքի փոխոստիկանապետ Գագիկ Ամիրջանյանն ազատվել է աշխատանքից:

Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն, այս պաշտոնանկությունը կապված է ապրիլի 23-ին Նոր Նորք համայնքում Հանրապետականի թեկնածու Տարոն Մարգարյանի քարոզարշավի ժամանակ ilur.am կայքի լրագրող Հակոբ Կարապետյանի դեմ կիրառված բռնության հետ:

Տարոն Մարգարյանի հանդիպման կազմակերպիչները, ըստ լրագրողի, խոչընդոտել էին իր լրագրողական աշխատանքը. նախ պահանջել էին հեռանալ դեպքի վայրից, իսկ երբ լրագրողը չէր հեռացել եւ շարունակել էր նկարահանել, նրան քաշքշել էին, պատռել հագուստը եւ հարվածել, իսկ ոստիկանները չեն միջամտել: Լրագրողին հաջողվել է լուսանկարել Հակոբ Կարապետյանին հարվածողին, ով, հետո պարզվել է, որ Երեւանի գործող ավագանու անդամ եւ ավագանու անդամի հանրապետականի թեկնածու ԱշոտՊապայանն է:

Ոստիկանապետի հրամանով ոստիկանությունում նշանակված ծառայողական քննության արդյունքներով հաստատվել է ներկա ոստիկանների կողմից իրենց պարտականություններում թերացած լինելու փաստը. տվյալ ծառայողին հայտարարվել է նկատողություն, նրա անմիջական ղեկավարին՝ խիստ նկատողություն, իսկ Նոր Նորքի փոխոստիկանապետը հեռացվել է այն հիմնավորմամբ, որ ղեկավար պաշտոն զբաղեցնող յուրաքանչյուր ոստիկան անձամբ է պատասխանատու իր ոլորտում արձանագրված թերացումների ու բացթողումների համար:

Ինչ վերաբերում է քրեական գործ հարուցելուն, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Գյումրիում լրագրողների հետ հանդիպմանը այս կապակցությամբ ասել է, որ գործով նյութեր են նախապատրաստվում, իսկ թե հիմքերը կան քրեական գործի, թե` չկան, դա քննիչները կորոշեն:

Լրագրող Հակոբ Կարապետյանին միայն ոստիկաններին պատժելը չի բավարարում.

«Դա, ի վերջո, իմ խախտված իրավունքին չի վերաբերում, դա ոստիկանության ներքին գործերն են», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց լրագրողը` հավելելով. - «Բավարարված լինելու մասին կարող է խոսք գնալ այն ժամանակ, երբ կհարուցվի քրեական գործ ինձ վրա հարձակվելու, մարմնական վնասվածք հասցնելու եւ իմ մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստի առիթով, կներգրավվեն այն մարդիկ, համենայնդեպս, ում դեմքերը ես շատ լավ ֆիքսվել եմ: Այսինքն ես ուզում եմ, որ գործը բացահայտվի այնպես, ինչպես եղել է, եւ հանրությունը դրա մասին տեղեկանա, իմ խնդիրը դա է: Կամ Աշոտ Պապյանը եւ մյուսները գործում կներգրավվեն որպես մեղադրյալներ իմ լրագրողական գործունեությունը խոչընդոտելու համար, կամ թող ինձ մեղադրեն զրպարտության համար»:

Լրագրողի աշխատանքը, իր պնդմամբ, խոչընդոտվել էր քարոզարշավի եկած անչափահաս երեխաների հետ զրույցից հետո` 11 համարի երթուղայինից դուրս բերվող փուչիկները նկարահանելու պահին. սկսվել էր քաշքշուկ, տեսախցիկը ձեռքից խլել էին, հետո տեսագրությունը ջնջած վերադարձրել: Հակոբ Կարապետյանը արժանահավատ չհամարեց Տարոն Մարգարյանի երեկվա այն հայտարարությունները, որ ինքը լրատվամիջոցներից է իմացել կատարվածի մասին:

«Կարող եմ պնդել, որ Տարոն Մարգարյանը հենց նույն օրը, հենց դեպքի ժամանակ արդեն տեղյակ էր կատարվածի մասին: Եվ ես գիտեմ նաեւ, որ Տուրբոն` Աշոտ Պապայանը, Տարոն Մարգարյանի մտերիմ ընկերն է, եւ հենց այս ամեն ինչն է ինձ հիմքեր տալիս մտահոգվելու, որ փորձելու են քնեցնել հենց քաղաքական դրդապատճառներով», - ասաց Կարապետյանը:

Իշխող Հանրապետական կուսակցությունը դատապարտում է կատարվածը, բայց Աշոտ Պապայանին պատասխանատվության ենթարկելու, կամ ավագանու անդամների թեկնածուների ցուցակից հանելու հարց կուսակցությունում չի քննարկվել:

«Պատասխանատվության կենթարկվի, եթե մեղավոր լինի: Համենայնդեպս, հետաքննչական, բացահայտումների գործընթաց է գնում, մեր դիրքորոշումը կապված կլինի այդ պարզաբանումների հետ: Թե չէ էդպես օդի մեջ ով ում մեղադրում են… վերջին հաշվով անմեղության կանխավարկած կա: Երկրորդն էլ, ես հակված եմ մտածելու, որ որեւէ բախում միակողմանի լինել չի կարող, ինչ-որ մի բան եղել է, որի հետեւանք է դա եղել: Հետո այդքան չի կարելի կուսակցություններին ասել, թե ինչ պիտի անենք, մենք դատախազական գործառույթներ չունենք», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց իշխող կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Լրագրողի նկատմամբ բռնության միջադեպը դատապարտող հայտարարություններ են տարածել մարդու իրավունքների պաշտպանն ու լրագրողական կազմակերպությունները: Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը, իր զորակցությունը հայտնելով լրագրողին, նշել է. - «Չնայած դեռեւս պաշտոնապես չեն բացահայտվել լրագրողի նկատմամբ բռնություն կիրառած անձինք, այդուհանդերձ, վստահաբար կարելի է նշել, որ փողոցային արժեքներով եւ քրեական կանոններով առաջնորդվող անհատներին դժվար է բացատրել խոսքի ազատության բարձրագույն արժեքը, ինչպես նաեւ լրագրողի առաքելության վեհությունն ու կարեւորությունը: Նման մարդկանց ավելի մատչելի են «դատվել», «նստել», այսինքն «պատժվել» հասկացությունները: Հետեւաբար նման հանցագործությունները կանխարգելելու միակ եղանակը իրավապահ մարմինների օպերատիվ խիստ եւ համաչափ արձագանքն է: Իրավունք չունենք միջամտելու քննությանը, սակայն հետեւելու ենք դրա ընթացքին եւ օրենքով թույլատրելի եղանակներով եւ ժամանակ այս միջադեպին եւ դրա իրավական հետեւանքներին տալու ենք մեր համարժեք գնահատականը»:

Իսկ լրագրողական կազմակերպությունները հայտարարել են, որ եթե մեղավորները չպատժվեն եւ հանցագործությունն անհետեւանք մնա, ոստիկանության ղեկավարության բազմաթիվ հայտարարությունները իրենց քաղաքական չեզոքության մասին կհամարեն «դատարկ խոսքերի շռայլում»:
XS
SM
MD
LG