Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը «համաչափ պատասխանատվության» կոչ է անում


Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյան, արխիվ
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյան, արխիվ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր հայտարարությամբ է հանդես եկել` կոչ անելով «համաչափ պատասխանատվության» ենթարկել այս ապրիլի 9-ին «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ տեղի ունեցած միջադեպի ժամանակ օրենքը խախտած բոլոր քաղաքացիներին:

Օմբուդսմենի հայտարարությունը նախ տեղեկացնում է, որ ոստիկանությունից Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին հայտնել են, թե ապրիլի 9-ի երեկոյան` ժամը 19:00-ի սահմաններում, Արմեն Մարտիրոսյանը փորձել է ճեղքել ոստիկանության շղթան եւ չի կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները` խախտելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջը, ինչի արդյունքում տեղի է ունեցել ընդհարում, որի հետեւանքով ոստիկանները, ղեկավարվելով նույն օրենսգրքի 258-րդ հոդվածով, Մարտիրոսյանին բերման են ենթարկել ոստիկանության համապատասխան բաժանմունք:

Արմեն Մարտիրոսյանը բերման է ենթարկվում, լուսանկարը` News.am-ի
Արմեն Մարտիրոսյանը բերման է ենթարկվում, լուսանկարը` News.am-ի
Պաշտպանի հայտարարությունը նաեւ տեղեկացնում է, որ ըստ Արմեն Մարտիրոսյանի` ինքն ապրիլի 9-ին իրավախախտում չի կատարել եւ ոստիկանների գործողությունները որակել է ապօրինի, հակասահմանադրական եւ հակաիրավական:

«Զանգվածային լրատվության միջոցներում լայնորեն տարածված տեսագրության մեջ կարելի է տեսնել, որ ոստիկաններին որոշակի դիմադրություն ցույց տալուց հետո Արմեն Մարտիրոսյանը վնասազերծվում է ոստիկանության մի խումբ աշխատակիցների կողմից, սակայն նույնիսկ դիմադրությունը դադարեցնելուց հետո ոստիկաններից մեկը շարունակում է ոտքով հարվածներ հասցնել Արմեն Մարտիրոսյանի դեմքին: Դարձյալ զանգվածային լրատվության միջոցներից հայտնի է դարձել, որ վնասազերծված եւ այլեւս չդիմադրող քաղաքացուն բազմակի հարվածներ հասցնող ոստիկանը 1990 թվականին ծնված Մերձավանի բնակիչ Արթուր Ղազարյանն է: Մինչդեռ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի համաձայն ֆիզիկական ուժի գործադրումը, որպես բացառիկ միջոց կարելի է կիրառել միայն այն դեպքերում, երբ այլ միջոցներով ոստիկանության ծառայողի պարտականությունների կատարումը հնարավոր չէ ապահովել», - հայտարարում է Մարդու իրավունքների պաշտպանը:

Օմբուդսմենը նշում է, թե ոստիկանությունից իրեն հայտնել են, որ տեղի ունեցածի կապակցությամբ «ոստիկանության պետի հրամանով միջադեպի ընթացքում ոստիկանության ծառայողի կողմից կիրառված ուժի իրավաչափության եւ համաչափության հարցը քննարկելու համար նշանակվել է ծառայողական քննություն»:

«Ողջունելի է ոստիկանապետի հատուկ ուշադրությունը նշված միջադեպի նկատմամբ, քանի որ մեկ ոստիկանի ոչ իրավաչափ գործողությունը եւ դա անհետեւանք թողնելը կարող էր ստվերել ապրիլի 9-ին ոստիկանության կողմից կատարված լայնածավալ եւ շատ առումներով դրական աշխատանքը: Ակնկալում ենք, որ Արմեն Մարտիրոսյանի միջադեպի ընթացքում օրենքը խախտած բոլոր քաղաքացիները` անկախ իրենց դիրքից եւ պաշտոնից, կենթարկվեն համաչափ պատասխանատվության», - իր հայտարարությունը եզրափակում է Կարեն Անդրեասյանը:

Հավելենք, որ նույն հայտարարության մեջ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը նշում է, որ ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտան փակելու ոստիկանության գործողությունն իրավաչափ էր: Նույն օրը ոստիկանության Երեւան քաղաքի վարչության տարբեր բաժիններ բերման ենթարկված 16 անձանց դեպքերի կապակցությամբ ասված է, թե «ընդհանուր առմամբ նման իրավիճակներում առանձին անձանց ոստիկանություն բերման ենթարկելը ինքնին ապօրինի չէ, սակայն առանձին դեպքերում ոստիկանության գործողությունների հետ անհամաձայնություն հայտնած քաղաքացիները կարող են ոստիկանության գործողությունները եւ որոշումները վիճարկել դատարանում»:
XS
SM
MD
LG