Մատչելիության հղումներ

Մարտիրոսյանի մասնակցությամբ միջադեպերի կապակցությամբ նյութեր են պատրաստվում


Ոստիկանները բերման են ենթարկում Արմեն Մարտիրոսյանին, 9-ը ապրիլի, 2013թ.

Ոստիկանները բերման են ենթարկում Արմեն Մարտիրոսյանին, 9-ը ապրիլի, 2013թ.

Ապրիլի 9-ին, առավոտյան ժամը 10-ի եւ երեկոյան 19-ի սահմաններում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում, եւ այդ երկու միջադեպերի առնչությամբ փաստական եւ իրավական հանգամանքների մասին հանրությանը պաշտոնապես տեղեկատվություն կտրամադրվի: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ոստիկանությունը պատասխանատվության ենթարկելո՞ւ է այն ոստիկանին, ով ծնկով հարվածում էր Մարտիրոսյանին` պատճառելով նրան մարմնական վնասվածքներ:

Արմեն Մարտիրոսյանը ապրիլի 9-ին դիմել է Արաբկիրի ոստիկանություն` պահանջելով բացահայտել եւ պատժել իրեն բռնության ենթարկած ոստիկաններին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Ժառանգության» փոխնախագահը ասաց, թե նմանատիպ սադիստական հակումներ ունեցող անձը ոստիկան կոչվելու եւ համազգեստ կրելու իրավունք չունի:

«Այդ ոստիկանը միայնակ չէր, մի քանիսը կային նաեւ, նաեւ մի հաստափոր ոստիկան, ովքեր իրենց գործողություններով ոչ միայն վարկաբեկում են ոստիկանի անունը, այլեւ ատելություն են առաջացնում ոստիկանի նկատմամբ», - ասաց Մարտիրոսյանը` ընդգծելով, թե հույս չունի, որ ոստիկանությունը կպատժի իրեն բռնության ենթարկած ոստիկաններին:

Ի դեպ, նշենք, որ Facebook սոցիալական ցանցի ակտիվիստներին հաջողվել է բացահայտել ապրիլի 9-ի երեկոյան Արմեն Մարտիրոսյանի դեմքին ոտքով հարվածող ոստիկանի ինքնությունը. Facebook-ում տարածված տեղեկատվության համաձայն` այդ ոստիկանը Մերձավանի բնակիչ 23 ամյա Արթուր Ղազարյանն է:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե Facebook-ում ստեղծված այդ շարժումը ինչ-որ արդյունք կտա՞, «Ժառանգության» փոխնախագահը պատասխանեց. - «Իր շրջապատի մարդիկ պետք է իմանան, թե ստորակարգ կենդանուն բնորոշ վարքագծով եւ գազանային հակումներ ունեցող ինչ մարդ է ապրում իրենց շրջապատում, որ զգուշանան նրանցից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG