Մատչելիության հղումներ

logo-print

Մարտիրոսյանը պահանջում է պատասխանատվության ենթարկել իրեն հարվածած ոստիկաններին


«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյան

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյան

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, Երեւանի ավագանու ընտրություններում «Բարեւ, Երեւան» դաշինքը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն:

Ինչպես տեղեկացրեց Մարտիրոսյանի փաստաբան Սեդա Սաֆարյանը, Մարտիրոսյանը պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել երեկ երեկոյան Բաղրամյան պողոտայում իր նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին, պարզել իրեն մարմնական վնասվածք հասցնելու պատճառներն ու հանգամանքները:

Ժամը 19-ի մոտակայքում նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի աջակիցների բողոքի երթի ժամանակ Բաղրամյան փողոցով դեպի նախագահի նստավայր ցուցարարների ընթացքը կասեցնող իրավապահների հետ բախումներում Արմեն Մարտիրոսյանը սալջարդեր է ստացել քթի եւ մարմնի այլ հատվածներում:

Արմեն Մարտիրոսյանը բերման է ենթարկվում, լուսանկարը` News.am կայքի

Արմեն Մարտիրոսյանը բերման է ենթարկվում, լուսանկարը` News.am կայքի

Միջադեպը պատկերող տեսանյութերում հստակ երեւում է, թե ինչպես է մահակներով, վահաններով եւ սաղավարտներով հանդերձավորված ոստիկանների խումբը Մարտիրոսյանին շրջապատում, հրում, քաշքշում, բռունցքներով ու ոտքերով հարվածներ հասցնում, այնուհետեւ երկու ոստիկաններ նրան արյունլվա դեմքով տանում, նստեցնում ոստիկանական մեքենան ու բերման ենթարկում ոստիկանության բաժին:

Ոստիկանության Արաբկիրի բաժնում մի քանի ժամ մնալու ընթացքում արձանագրություն է կազմվել եւ Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել ոստիկանության ծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելու հատկանիշներով, ինչի համար նրան կտուգանեն: Սակայն ընդդիմադիր կուսակցության փոխնախագահը, կատարվածը որակելով սադրանք, ոստիկանության գործողություններում է հանցակազմ տեսնում:

«Մեր «քաջարի» ոստիկանները հերոսաբար մարտնչում էին խաղաղ բողոք անողների դեմ, կրծքով ու վահաններով պաշտպանում էին Բաղրամյան 26-ը», - երեկ գիշերը ոստիկանական բաժնից դուրս գալուց եւ «Արմենիա» բժշկական կենտրոնում բուժօգնություն ստանալուց հետո «Ազատություն» ռադիոկայանին պատմեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը. - «Իրենք հրում էին, մենք պաշտպանվում էինք, իրենք հրում էին, մենք պաշտպանվում էինք, փորձում էինք խուսափել հրումից, ու հանկարծ ինչ-որ մի պահի զգացի, որ հետեւից ինչ-որ մեկը` «մորեգույն» բերետավոր հարվածեց դեմքիս, ես պատասխանեցի ստիպված: Հետո մի քանի հոգով թեքեցին իրանս, ինչից հետո ծնկով հարվածը զգացի քթիս»:

«Փաստորեն, պաշտոնական հիմնավորումն այն է, որ Դուք ոստիկանների օրինական պահանջին չեք ենթարկվել» դիտարկմանը, Մարտիրոսյանը հակադարձեց. - «Ես չգիտեմ, թե իրենք ինչ են ասում, ես գիտեմ, թե երկրում ինչ է կատարվում: Ես գիտեմ, թե իրենց գործողություններն ինչպիսին էին: Դրանք ապօրինի գործողություններ էին, հակասահմանադրական, հակաիրավական, որովհետեւ նմանատիպ վարքագծի համար ես որեւէ հիմք չէի տվել, որեւէ մեկին չէի հարվածել, չէի վիրավորել, ես ընդամենը փորձում էի իմ խաղաղ բողոքն իրականացնել, ինչն իրենց կողմից բիրտ ուժի արժանացավ»:

Փաստաբան Սեդա Սաֆարյանը ասաց, որ Մարտիրոսյանին ծեծելու փաստը հիմնավորված է:

«Քիթը կոտրել են ոստիկանները, եւ ոստիկանության խնդիրն է հանցագործության բացահայտումը: Այն, ինչ կատարվել է, հեռու է օրինականությունից, սա սազական չէ մեր երկրին, ուղղակի սազական չէ: Բռնություններով իշխանության գալը որեւէ լավ բանի մասին չի խոսում», - ասաց փաստաբանը:

Արմեն Մարտիրոսյանը չի բացառում, որ երեկոյան իր նկատմամբ այս բռնությունները կարող էին կապ ունենալ երեկ ավելի վաղ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի մոտ տեղի ունեցած միջադեպի հետ: Առավոտյան ժամը 10-ի մոտակայքում դեպի Ազատության հրապարակ խաղաղ երթի ժամանակ, Մարտիրոսյանի պնդմամբ, իրավապահները քաշքշել էին ակցիայի մասնակիցներին, հարվածել իր մորն ու 8-ամյա դստերը, ինչից վրդովված ինքը ինքնապաշտպանության դիմելով հակահարված էր ցույց տվել:

«Ինձ շատ հետաքրքիր կլիներ ցանկացած ոստիկանի արձագանքը, երբ իր աչքի առջեւ իր մայրիկին հարվածում են: Ինչ կոչումով ոստիկան ուզում է լինի, ինքն իրեն ինչպես կպահի՞», - ասաց Մարտիրոսյանը:

Այս միջադեպի առիթով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում. ըստ այդմ, կորոշվի քրեական գործ հարուցել-չհարուցելու հարցը: Ոստիկանությունը կատարվածը որակում է հասարակական կարգի պահպանության պարտականություններ իրականացնող ոստիկանի նկատմամբ գործադրված բռնություն` հիմնավորելով, որ Մարտիրոսյանը չի ենթարկվել փողոցի երթեւեկելի հատվածից դուրս գալու իրավապահների պահանջին, վիճաբանել, քաշքշել, հարվածել է ոստիկանին:

«Ժառանգություն» կուսակցությունը երեկվա լարված իրավիճակի համար մեղադրում է ոստիկանությանը: Ընդդիմադիր կուսակցության տվյալներով, օրվա ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանի ակցիաների ժամանակ ոստիկանության տարբեր բաժիններ տարված ընդդիմադիրների թիվն անցնում է երկու տասնյակից: Ձերբակալվածներ չկան, վարչական վարույթների հարուցումից հետո նրանք բոլորը դուրս են եկել: Կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը համոզված էր, որ այդ լարվածությունն իրավապահների կողմից արհեստականորեն է ստեղծվել:

«Բաղրամյան 26-ը գրավելու խնդիր հաստատ չկար, եւ Րաֆֆի Հովհաննիսյանը դրա մասին հայտարարել էր: Իրենք հանգիստ կարող էին թողնել, ուղղակի արհեստական փակելով ճանապարհը` հրահրվեց բախում, տապալել էին գետնին եւ Րաֆֆի Հովհաննիսյանին, եւ իր կնոջն ու որդուն, տիկին Արմենուհին վնասվածք ստացավ... մի խոսքով, այդ ամենն արհեստական էր, եւ կարծում եմ, համարժեք չէր ստեղծված իրավիճակին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Խուրշուդյանը. - «Կարծում եմ, ոստիկանությունը հրահանգ էր կատարում երկրի այսօրվա դե ֆակտո նախագահ Սերժ Սարգսյանից` ցույց տալ հերթական անգամ իշխանության դեմքը»:

ՀՀ ոստիկանությունը իրավապահների գործողությունները իրավաչափ է համարում` ընդդիմադիրներին մեղադրելով սադրանքներ եւ բախումներ հրահրելու մեջ: Դեպքերի կապակցությամբ պաշտոնական հաղորդագրության մեջ ոստիկանությունը հիշեցնում է, որ Բաղրամյան պողոտայով երթը արտոնված չի եղել, կազմակերպիչները զգուշացվել են հնարավոր հետեւանքների մասին, որից հետո պողոտայի տարածքից հեռացվել են «հակաիրավական վարքագիծ դրսեւորած մասնակիցները»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG