Մատչելիության հղումներ

logo-print

Քննարկվեց ՔԿՀ-ներում տիրող իրավիճակը


«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը Երեւանում

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը Երեւանում

«Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում չվերացող բազմաթիվ երեւույթներ կան, որոնք արմատական փոփոխություններ են պահանջում, իսկ դրա համար քաղաքական կամք է պետք», - ազատազրկման վայրերում մարդու իրավունքների վերաբերյալ Ազգային ժողովում այսօր կազմակերպված լսումների ժամանակ հայտարարեց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցը:

Նրա խոսքով, Հայաստանում դատապարտյալները պահվում են կենցաղային վատ պայմաններում. - «Լողանալը, հեռախոսից օգտվելը, զբոսանքը, տեսակցությունները, ամեն ինչը դեֆիցիտ է: Եվ այդ դեֆիցիտի պայմաններում միակ հնարավորությունը ձեռք բերելու, օգտվելու, դա փողն է կամ հովանավորչությունը: Պե՞տք է դա ապացուցելու համար հատուկ ուսումնասիրություն: Ոչ: Դա տնտեսական օրինաչափություն է` դեֆիցիտի պայմաններում կոռուպցիան աճում է»:

Դատապարտված անձինք, ըստ Սաքունցի, հիմնականում հարազատների, բարեկամների փոխանցածով են գոյատեւում. - «Դադարեցրեք հանձնուքները եւ այդ մարդիկ սովի կմատնվեն: Հացի գինը քրեակատարողական հիմնարկում կդառնա հազար դրամ»:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հավաստիացրեց, որ պետությունն աշխատում է ոլորտում առկա խնդիրների լուծման ուղղությամբ: Նա ոչ թե կոսմետիկ, այլ արմատական փոփոխությունների կողմնակից է, իսկ արմատական փոփոխությունների համար ժամանակ է պետք. - «Առաջիկա մի քանի տարիների ընթացքում ես լսելու եմ ոլորտի վերաբերյալ քննադատություններ, որոնք առավելապես նաեւ հիմնավոր են լինելու: Պաշտոնյաները կգան-կգնան, բայց լուծումները շատ ավելի առաջ պիտի գնան»:

Լսումների մասնակիցները եւս մեկ հարց բարձրացրին` Հայաստանում ընտրովի արդարադատություն է իրականացվում, դատապարտյալները բողոքում են անարդար դատավճիռներից:

Արդարադատության նախարարը ներկաներին խորհուրդ տվեց զգուշությամբ խոսել ազատազրկվածների մասին. - «Երբ խոսում ենք ազատազրկման դատապարտվածների մասին, մենք պիտի հստակ հասկանանք, որ մյուս կողմում որբ մնացած երեխաներ են, նրանք բռնաբարված անչափահաս աղջիկներ ու տղաներ են, մյուս կողմում` նաեւ սպանված Սպարապետի զինակիցներն ու հայրենակիցներն են: Մարդիկ են, որոնք նման մարդկանց համար մահապատիժն անգամ քիչ են համարում: Ես հասկանում եմ այդ մարդկանց»:

Իրավապաշտպան Սաքունցը նախարարի ասածը սկանդալային որակեց. - «Արդարադատության նախարարն ուղղակի ցնցեց ինձ: Տուժածների մասին չէ խոսքը: Մենք այսօր խոսում ենք ազատազրկված անձանց իրավունքների մասին: Որեւիցե նորմալ երկրում արդարադատության նախարարի նման արտահայտությունը համարվում է սկանդալ, անհապաղ հրաժարականի հարց կդրվեր»:

Անդրադարձ եղավ ազատազրկման վայրերում ինքնավնասման դեպքերին: Հրայր Թովմասյանը, խոսելով դրանց պատճառներին, ասաց, թե դատապարտյալները իրենց վնասում են հիմնականում ի նշան բողոքի` բողոքում են անարդար վճիռներից, այլ քրեակատարողական հիմնարկներ տեղափոխվելու որոշումներից, թմրանյութ ու հեռախոս են պահանջում:

«Հայտարարում եմ մեկ անգամ եւ վերջնականապես` երբեք նման պահանջներին ընդառաջ չեմ գնալու», - եզրափակեց նա:

Պատգամավոր Նաիրա Զոհրանյանը (ԲՀԿ) անդրադարձավ նախարարի հնչեցրած գնահատականներին, ինչն էլ կրքեր բորբոքեց. - «Տպավորությունն այնպիսին է, որ Դուք դա շարունակում եք համարել նորմալ երեւույթ: Դա Ձեզ համար առաջին հերթին պիտի լիներ աննորմալ երեւույթ եւ ոչ թե բանտային ռիտուալի մաս»:

«Ես ասել եմ, որ կան մարդիկ, որոնց համար դա սովորական է: Եթե ցանկություն ունեք, կարող եմ այդ մարդկանց հետ ծանոթացնել», - արձագանքեց նախարարը:

Նա ինքնախեղումները բացառելու միակ տարբերակ է համարում նոր քրեակատարողական հիմնարկների կառուցումը, որտեղ փորձելու են բացառել կտրող, ծակող գործիքների ներթափանցումը: Նախարարի կարծիքով, նոր շենքերը` նոր համակարգով եւ տեխնիկական հագեցվածությամբ, շատ հարցեր կլուծեն:

Այս կապակցությամբ Հայաստանի հելսինկյան ասոցիացիայի ղեկավար, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը նկատեց. - «Դուք խոսում եք բարեփոխումների մասին, խոսում եք, որ երկար ժամանակ սովետական համակարգ էր գործում, ապա ինչո՞ւ ձեր վարչության պետը սովետական սպա է: Գուցե պետք էր փոխե՞լ իրեն եւ բերել մի նոր, երիտասարդ մարդու, որը բարեփոխման աջակից կլինի Ձեզ»:

Խոսքը Հայաստանի նախկին ոստիկանապետ, Արդարադատության նախարարություն Քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Հայկ Հարությունյանի մասին է:

Քննարկման ընթացքում Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը հաստատեց, որ ազատազրկվածները վատ պայմաններում են պահվում: Նա խոսեց նաեւ «արդարադատության պակասից»` դա համարելով «հասարակության խոցը»:

Անդրեասյանի խոսքով, նախագահի կողմից ստեղծված վաղաժամկետ ազատ արձակման միջգերատեսչական հանձնաժողովը նույնպես վատ է գործում, եւ այդ պատճառով օմբուդսմենի ներկայացուցիչն այլեւս չի մասնակցում այդ հանձնաժողովի նիստերին:

Պատգամավոր Արամ Մանուկյանը (ՀԱԿ) հայտարարեց, թե նախագահական ընտրություններից առաջ մեծ թվով դատապարտյալներ վաղաժամկետ ազատ են արձակվելու եւ առաջարկեց օմբուդսմենին ուսումնասիրել այս տեղեկությունը: Այս հարցը Մանուկյանը Արդարադատության նախարարին ուղղելու հնարավորություն չունեցավ, քանի որ Թովմասյանը շտապում էր եւ արդեն հեռացել էր:

Լսումները կազմակերպել էին Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովները: Քննարկմանը նախորդել էին այս հանձնաժողովների անդամների այցերը Հայաստանի բոլոր քրեակատարողական հիմնարկները:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG