Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանները քննադատում են արդարադատության նախարարին


«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը «խիստ դատապարտելի» է համարում քրեակատարողական հիմնարկներում տեղ գտնող ինքնախեղման դեպքերի նկատմամբ «ցանկացած անտարբերություն»:

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում օմբուդսմենը նման հայտարարություն արեց` անդրադառնալով արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի երեկվա խոսքերին:

Երեկ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում արդարադատության նախարարը, արձագանքելով օրեր առաջ ի նշան բողոքի մատ կտրած եւ բերան կարած դատապարտյալների քայլին, ասել էր, թե դա «սովորական է, նոր բան չէ»։

«Ես գիտեմ մի բան, որ դա սովորական երեւույթ չպետք է լինի։ Առաջին հերթին արդարադատության նախարարությունը եւ նախարարը պետք է խստորեն մտահոգված լինեն, որ նման երեւույթները ոչ թե դառնան սովորական, այլ լինեն բացառիկ», - նշեց Անդրեասյանը՝ հավելելով․ - «Այդ ամբողջ դատաիրավական համակարգի արատավոր երեւույթները, որոնք կան, մարդկանց հասցնում են ծայրահեղ քայլերի։ Նորից եմ ասում՝ ցինիզմ, կամ անտարբերություն, կամ հանդուրժողականություն նման երեւույթների նկատմամբ ուղղակի հակաիրավական է եւ նույնիսկ մարդկային չէ»։

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հրայր Թովմասյանի երեկվա խոսքերը խիստ քննադատության ենթարկեցին նաեւ իրավապաշտպաններ Արթուր Սաքունցն ու Ավետիք Իշխանյանը` նշելով, որ արդարադատության նախարարի նման հայտարարությունը ցույց է տալիս, որ Հայաստանի արդարադատության համակարգում մարդու իրավունքները ոչ միայն պաշտպանված չեն, պարբերաբար ոտնահարվում են, այլեւ` իշխանություններն էլ մատների արանքով են նայում համակարգում մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքերին:

«2001 թվականից, երբ Հայաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ, այդ ուղղությամբ, որպեսզի այդպիսի դեպքերը բացառվեն կամ նվազագույնի հասցվեն, ըստ էության ոչինչ չի արվել», - նշեց Ավետիք Իշխանյանը, - «Եվ եթե արդարադատության նախարարը այդպիսի բան է ասում, ուրեմն համակարգը չի աշխատում»։

«Հրայր Թովմասյանի այդ խոսքերը ցույց են տալիս, որ Արդարադատության նախարարությունը հաշտվում է այն մտքի հետ, որ դատապարտյալները իրապես ունեն բողոքի պատճառներ, բայց նախարար Թովմասյանը միաժամանակ էլ գտնում է, որ բողոքի այդ դրսեւորումները իր համար որեւիցե նշանակություն չունեն եւ ինքն էլ իր համար այդ պարագայում անելիք չի տեսնում», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Արթուր Սաքունցը` հավելելով, որ «եթե Հայաստանը լիներ ժողովրդավարական պետություն եւ արդարադատության նախարարը նման հայտարարություն աներ, ապա նրան առնվազն կստիպեին հրաժարական տալ»:
XS
SM
MD
LG