Մատչելիության հղումներ

Բանտարկյալների` բերանները կարելու եւ ճկույթը կտրելու փաստերով նյութեր են նախապատրաստվում


«Նուբարաշեն» քրեակատարողական հիմարկ

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմարկ

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նախօրեին ի նշան բողոքի մի քանի դատապարտյալների եւ կալանավորների ինքնախեղման փաստերի առիթով նյութեր են նախապատրաստվում:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ այդ նյութերի արդյունքում պարզ կդառնա կատարվածի առիթով քրեական գործ կհարուցվի, թե` ոչ:

Հացադուլի մեջ գտնվող Կարեն Թառոյանի կտրած ճկույթը, որը դատապարտյալը որպես բողոքի ապացույց կտրել եւ հինգշաբթի օրը ուղարկել էր «Հենարան» լրատվական կայքին, առգրավվել է: Հացադուլ հայտարարած եւս երկու բանտարկյալներ` Սերոբ Մխիթարյանն ու Վարդան Դեմիրճյանը կարել են բերանները, իսկ չորրորդը` Արթուր Խաչատրյանը սպառնացել է, որ ինքն էլ կկտրի իր ճկույթը, եթե իրեն առաջադրված մեղադրանքը չմեղմացվի:

Մամուլին հասցեագրված նամակում, որին կցված էր Թառոյանի կտրված ճկույթը, կալանավորները դժգոհել էին եւ իրենց նկատմամբ կայացված դատավճիռներից ու առաջադրված մեղադրանքներից, եւ կալանավայրում տիրող մթնոլորտից:

«Ազատություն» ռադիոկայանն այցելեց բերանը կարելու միջոցով իր բողոքն արտահայտող դատապարտյալ, 20-ամյա Սերոբ Մխիթարյանի ծնողներին: Երիտասարդը 6 տարվա ազատազրկման է դատապարտված գողության եւ անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելու մեղադրանքներով: Նրա մայրը` Մարիետա Մխիթարյանը, պնդում էր, որ որդին մշտապես հերքել է հանցագործությանն իր առնչությունը, որ մեղադրանքը «սարքված է», անչափահասի ազդեցիկ ծնողներն ամեն ինչ արել է կատարվածը Սերոբի գլխին կոտրելու եւ իրենց զավակին պատժից ազատելու համար: Հիմա էլ այլ գողություններ են փորձում որդուս գլխին բարդել, ասաց մայրը:

«Բերանը կապած ամսի 21-ից իմ երեխեն նստած ա էնտեղ, ինչքա՞ն կդիմանա, բա՞ որ ուժասպառ լինի, ինչ ուզեն բարդեն վրան… առողջականը առանց այդ էլ լավ չի», - ասաց մայրը:

Նշելով, որ որդին դեռ պատանեկությունից հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, մայրը կարծիք հայտնեց, թե այս հանգամանքը «հեշտացնում է բոլորի մեղքերը նրա վրա գցելը»: Մայրը պահանջում է որդուն շտապ տեղափոխել կամ քաղաքացիական հիվանդանոց, կամ գոնե դատապարտյալների հիվանդանոց` ահազանգելով, որ կալանավայրերի խցերում 9 ամիս շարունակ մնալով նրա վիճակն ավելի է վատանում: Մայրը նաեւ կասկածելի էր համարում իր որդուն մեղսունակ ճանաչելը:

«Հիվանդության հետ կապված նոպաներ ունի, «վերջ, ուրեմն ինքն է»` էս սկզբունքով են առաջնորդվել: «Փսիխոտիկ խանգարում», «էմոցիոնալ վարքագծի խանգարում» ու «սրտի հիպոքսիա» է ախտորոշումը. Ինձ բացատրեցին, որ կանգնած է շիզոֆրենիայի շեմին, եթե չբուժվի` շիզոֆրենիան կունենա: Ես անընդհատ ասել եմ` խնդրում եմ, տարեք հիվանդանոց բուժեք, թեկուզ փակ պայմաններում, բայց գոնե բուժեք: Հիմա կալանավայրերում ո՞վ է նրան հետեւում: Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս նրան մեղսունակ ճանաչեցին: Էնպիսի գումարների գողություն են գրել, ախր սուտ է էլի: Իսկական գողերը փողոցներում X5-եր ու X-6-եր են քշում, թող իսկական գողերին տանեն դաստիարակեն», - ասաց Մխիթարյանը:

Սերոբ Մխիթարյանը եւս կալանավայր մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբի այցելության ժամանակ խնդրել էր իրեն տեղափոխել հիվանդանոց:

Օմբուդսմենի աշխատակազմը հինգշաբթի օրը հանդիպել էր ինչպես նրա, այնպես էլ բերանը կարած Վարդան Դեմիրճյանի եւ մատը կտրած Կարեն Թառոյանի հետ:

«Թառոյանը բողոքում էր, որ իրեն չեն տեղափոխում «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ: Նա նախկինում իր պատիժը կրում էր այնտեղ: Պատճառաբանում էր, որ իր ընտանիքի անդամները գտնվում են ֆինանսապես ծանր վիճակում եւ չեն կարողանում գալ իրեն այստեղ տեսակցել: Նա մեզ հայտնեց, որ մի քանի անգամ դիմել է քրեակատարողական հիմնարկի պետին եւ մերժում է ստացել, դրա համար էլ դիմել է այդ քայլին», - փոխանցեց օմբուդսմենի աշխատակազմի քրեակատարողական վարչության պետ Ռուբեն Մարտիրոսյանը:

(Կարեն Թառոյանը դիտավորությամբ մարդու առողջությանը ծանր վնասվածք հասցնելու եւ անզգուշությամբ տուժողին մահ պատճառելու մեղադրանքով 9 տարվա ազատազրկման է դատապարտված):

Բերանը կարած մյուս կալանավորը` Վարդան Դեմիրճյանը մեղադրվում է այս տարվա գարնանը «Ալեն Էլեն» դիսկոտեկային համալիրի ուղղությամբ նռնակ նետելու գործով: Նա օմբուդսմենի գրասենյակին փոխանցել է, որ պահանջում է փոխել իր խուցը` ասելով, թե խցում իրեն վտանգ է սպառնում: Թե ինչ վտանգի մասին է խոսքը, մանրամասները չեն հրապարակվում:

Բողոքի այս ծայրահեղ ակցիային դիմած կալանավորները լրատվամիջոցներին հասցեագրված նամակում նաեւ գրել էին, որ շաբաթասկզբից հացադուլի մեջ են, բայց անուշադրության են մատնված, բժշկի երես չեն տեսնում, կալանավայրի ներսում ամենաթողություն է: Ուստի ստիպված են այս քայլով ուշադրություն հրավիրել:

Սակայն նախարարության քրեակատարողական վարչությունը հերքում է ամենաթողության եւ ուշադրությունից դուրս մնալու մասին պնդումները:

Օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչներ ասում են, որ արագ արձագանքման խմբի այցելության ժամանակ բանտարկյալները նման ահազանգ չեն հնչեցրել:

Այնուհանդերձ, գրասենյակը հարցումներ է ուղարկել արդարադատության նախարարին եւ համապատասխան եզրակացությամբ հանդես կգա պատասխանը ստանալուց հետո:

Քրեակատարողական վարչությունն ու դատախազությունը հիմնավորում են, որ հացադուլով եւ բողոքի նման ծայրահեղ միջոցներով դատապարտյալներն ու կալանավորվածները փորձում են ճնշում բանեցնել նախաքննական եւ դատաքննական մարմինների վրա, որպեսզի իրենց դատավճիռները կամ մեղադրանքները մեղմացվեն:
XS
SM
MD
LG