Մատչելիության հղումներ

logo-print

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը չի կարեւորում բերանները կարած եւ մատ կտրած դատապարտյալների բողոքը, ակնարկելով, որ նրանց պահանջները չեն կատարվելու։

«Մատ կտրելն ու բերան կարելը սովորական է։ Նոր բան չէ», - արձագանքելով մի քանի օր առաջ ի նշան բողոքի մատ կտրած եւ բերան կարած դատապարտյալների քայլին, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը։

Նախարարը նշեց, որ այդպիսի դեպքեր նաեւ եվրոպական երկրներում են տեղի ունենում, վերջերս Էստոնիայում եւ Հունգարիայում են եղել։

«Մի մասը, որը բերանն է կարում, այդ մարդկանց մոտ այդ անցքերը արդեն կան։ Իրենց համար սովորական ինչ-որ բան է դարձել։ Այսինքն, ինչպես որ աղջիկները ականջօղ են կրում, այդպես էլ իրենց համար այդ կարելն է», - մեկնաբանեց Թովմասյանը։

Մի քանի օր առաջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները նամակ էին ուղարկել Henaran.am կայքին, որտեղ բողոքել էին քրեակատարողականի վատ պայմաններից։ Դատապարտյալները տեղեկացրել էին, որ հացադուլ են հայտարարել, սակայն իրենց պատշաճ ուշադրություն չեն դարձնում, պահանջներն էլ չեն կատարում, այդ իսկ պատճառով դատապարտյալներից երկուսը կարել էին բերանները, մեկը՝ կտրել էր ճկույթը եւ նույն նամակով ուղարկել լրատվամիջոցին (ավելի ուշ պարզվեց նա 9 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Թառոյանն է)։

Նախարարը Թառոյանին չի հանդիպել, բայց գիտի, որ դրա համար դատապարտյալը միշտ էլ կգտներ պատճառաբանություններ․ - «Այդ մարդը 20 անգամ պատասխանատվության է ենթարկվել, իսկ ավելի փակ ռեժիմը մեզ մոտ «Գորիս» քրեակատարողական հիմնարկն է։ Ուղարկում ենք «Գորիս»՝ ինքը չի ուզում, որովհետեւ գիտի, որ պայմանները այնտեղ ավելի խիստ են լինելու, եւ ինքը այդպիսի քայլերի է դիմում»։

Քրեակատարողական հիմնարկում կան խնդիրներ։ Նախարարն ասում է՝ «չեմ թաքցրել երբեք»։ Բայց Հրայր Թովմասյանը կարծում է՝ քննադատությունը ժամանակավոր է․ քրեակատարողական նոր հիմնարկներ կկառուցվեն, այսօրվա 4 հազար 600 դատապարտյալները նոր պայմաններում կապրեն։ Այդ հիմնարկներից մեկը՝ 1200 հոգանոց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը, հաջորդ տարի պատրաստ կլինի․ - «Դա շռայլություն է մեզ համար այդպիսի հիմնարկներ ունենալը։ Պետք է գնալ օպտիմալացմանը, ինչին գնում ենք»։

Լրագրողների հետ ճեպազրույցում նախարարն ասաց՝ դատապարտյալները սիրում են ասել՝ մենք անմեղ ենք։ Լրագրողներից մեկը, հիշեցնելով դատախազության աշխատանքի վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած քննադատությունը, Հրայր Թովմասյանին հարցրեց՝ գուցե ոմանք իսկապե՞ս անմեղ են, դրա համար են գնում նման ծայրահեղ քայլի։

«Որեւէ դատական համակարգ դատական սխալներից երաշխավորված չէ։ Չկա այդպիսի համակարգ», - հակադարձեց նախարարը։

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով մեկնաբանելով Գլխավոր դատախազությունում նախագահ Սարգսյանի հնչեցրած քննադատությանը, Հրայր Թովմասյանը կարծիք հայտնեց, որ թերությունների պատճառը ոչ թե համակարգն է, այլ վատ կադրերը։

«Կադրերը ամենագլխավոր խնդիրներից մեկն է։ Որակյալ կադրեր ունենալը՝ ամենագլխավորը», - նշեց նա։

Արդարադատության նախարարն այսօր մասնակցում էր հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկումներին։ Տեղեկացանք, որ դատավորների աշխատավարձը հաջորդ տարի չի բարձրանա։ Նախարարը կարծում է՝ արդարադատություն իրականացնելու համար դատավորի բարձր աշխատավարձը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ Ավելին՝ համոզված է՝ մեզ մոտ աշխատավարձային համակարգում անհամամասնություն կա։

«Առաջին ատյանի դատավորը ավելի շատ է ստանում, քան թե նախարարը», - նշեց նա։
XS
SM
MD
LG