Մատչելիության հղումներ

«Մի փոքր ցանկանում էի լավատես լինել այս անգամ, բայց, ցավոք, ճիշտ դուրս եկավ իմ այն պնդումը, որ Հայաստանում ամեն մի ընտրություն ավելի վատ է անցնում, քան նախորդը», - քաղաքական ուժերի ձեւավորած ընտրությունների վերահսկման միասնական շտաբում այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսին հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Ասուլիսին, որին մասնակցում էին նաեւ ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը եւ ՀՅԴ ներկայացուցիչ Սպարտակ Սեյրանյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ նշեց, որ բարձր է գնահատում շտաբի գործունեությունը, որը, վերջինիս խոսքով, հետեւանքներ է ունենում։

Այսօր ավելի վաղ, հիշեցնենք, միասնական շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ, որում ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբը «հրավիրում է Հայաստանի պետական մարմինների եւ միջազգային դիտորդների ուշադրությունը այն խիստ մտահոգիչ փաստի վրա, որ առավոտյան ժամը 8-ից սկսված Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում տեղի է ունենում կազմակերպված լայնածավալ մեքենայություն»։

Դարձյալ խոսելով ընտրակեղծիքների մասին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը իբրեւ շտաբի հաջողություն մատնանշեց Սահմանադրական դատարան ներկայացված հայցը։ Այն թեեւ մերժվեց, բայց, ՀԱԿ առաջնորդի խոսքով՝ «համենայնդեպս մի քայլ կատարվեց, որ գոնե այդ ստորագրված ընտրացուցակները այլեւս, գոնե դատարանների համար գաղտնիք չեն մնալու։ Սա դուռ է բացում նույնիսկ, առանց չափազանցության, ամբողջ ընտրացուցակները բացելու»։

Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ կրկնաքվեարկություններ թույլ չտալու վերջին հնարավորությունը մնացել էր չջնջվող դրոշմակնիքների առկայությունը անձնագրում, սակայն, ըստ նրա, իշխանությունները դա էլ վերացրեցին։

«Որո՞նք էին այն միջոցները, որոնք թույլ չէին տա կրկնաքվեարկությունը կամ բացակաների փոխարեն քվեարկությունը․ մեկը՝ բացակաների անունները ցանկից հանելն էր, որ չարվեց, երկրորդը՝ ստորագրված ընտրացուցակները հրապարակելը, որ չարվեց: Երրորդը՝ թանաքոտումն է մատների, որ չի արվում։ Այս մեկն էր մնացել՝ այս մեկն էլ այսօր ոչնչացրին։ Դուք արդեն ձեր եզրակացություններն արեք այս իշխանությունների եւ նրանց հավատալու, որ կարող են փոխվել՝ այդ ամենի մասին», - նաեւ ասաց Կոնգրեսի առաջնորդը։

«Ո՞ւմ նկատմամբ են հաղթանակ տանում։ Մե՞ր նկատմամբ, «Բարգավաճ»-ի՞ նկատմամբ, Դաշնակցությա՞ն նկատմամբ», - հարցեր հնչեցրեց Տեր-Պետրոսյանն ու ինքն էլ պատասխանեց․ - «Ոչ, այդ հաղթանակը նրանք տանում են այս ժողովրդի, այս երկրի նկատմամբ»։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ որո՞նք են լինելու հետագա քայլերը, Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց․ - «Գուցե անելու ենք այն, ինչ արվել է բոլոր ընտրություններից հետո` բոլոր օրինական միջոցներով բողոքարկել բոլոր խախտումները։ Թե որքա՞ն դա մեզ կհաջողվի․․․ առաջ քիչ է հաջողվել, որովհետեւ ընդդիմադիր ուժերը առանձին են գործել, եւ նրանց բողոքները չեն ստացել մյուս ընդդիմադիրների վստահված անձանց աջակցությունը»։

Մեր ճշտող հարցին՝ կլինե՞ն արդյոք հանրահավաքներ, Տեր-Պետրոսյանն այսպես արձագանքեց․ - «Բոլոր օրինական միջոցներ»։

Հնչեց հարց՝ «հետընտրական ցնցումներ՝ 2008-ի օրինակով, ակնկալո՞ւմ եք», որին Կոնգրեսի առաջնորդը պատասխանեց․ - «Մենք արել ենք հանրահավաքներ օրենքներին եւ Սահմանադրությանը համապատասխան։ Եվ դա ես չեմ ասում․ անգամ փետրվարի 29-ին դա Ամերիկայի Միացյալ Նահանգների հավատարմատարի հայտարարությունն է, եւ դա ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ղեկավարի հայտարարությունն է, որ մինչեւ ամսի 29-ը բոլոր ցույցերը եղել են խաղաղ, ոչ մի օրենք չի խախտվել։ Հենց դրա հաջորդ օրը ցնցում արեցին։ Ցնցումը արեց իշխանությունը»։

ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ արագ անհետացող դրոշմակնիքների շնորհիվ կրկնակի քվեարկություններից բացի, եղել են նաեւ վստահված անձանց ծեծելու, տեղամասերից բռնությամբ դուրս վռնդելու, բաց քվեարկության, ընտրակաշառքի զանգվածային բաժանման դեպքեր, լցոնումներ եւ այլն։

ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը բոլորին ի տես ցուցադրեց իր անձնագիրն ու ասաց․ - «Ես այսօր քվեարկել եմ ժամը 12-ին։ Պատրաստ եմ ձեզ հետ կիսել, դուք բացեք-նայեք՝ եթե կգտնեք իմ կնիքը»։

Օսկանյանին այսպիսի հարց ուղղվեց․ - «Ի վերջո՝ Բարգավաճն այսօր ո՞ր դաշտում է՝ ընդդիմադի՞ր, թե՞ իշխանական»։

«Ամեն ինչ սեւ ու սպիտակով մի պիտակեք։ Ամբողջ ընտրարշավի ընթացքում, եթե նկատել եք, մենք հստակ ասել ենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը այլընտրանք է իշխող կուսակցությանը։ Դա ինչպես ուզում եք մեկնաբանեք։ Մենք համագործակցում ենք ե՛ւ Հայ ազգային կոնգրեսի, ե՛ւ Դաշնակցության հետ՝ ապահովելու ազատ, արդար ընտրություն։ Կկարողանանք՝ լավ, չե՞նք կարողանա, արդեն պետք է քաղաքական որոշում կայացվի, թե ի՞նչ է արվելու։ Լինի դա համատեղ, առանձին՝ դա արդեն հաջորդ քայլն է», - պատասխանեց Օսկանյանը։

Ամփոփենք Լեւոն Տեր-Պետրոսյանի մի դիտարկմամբ։ Ըստ նրա, ընտրական հանձնաժողովները պարզապես հրաժարվում են բազմաթիվ բողոքներն ընդունելուց՝ հետագա բողոքարկման ընթացակարգերը կանխելու համար»։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG