Մատչելիության հղումներ

Ոստիկանապետը կրկին պնդում է, որ Խալաֆյանին չեն խոշտանգել


Հայաստանի ոստիկանապես Ալիկ Սարգսյանը:

Հայաստանի ոստիկանապես Ալիկ Սարգսյանը:

Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում երեքշաբթի օրը կրկին հայտարարեց, թե իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, որ ոստիկանության Չարենցավանի բաժնում 24-ամյա Վահան Խալաֆյանին խոշտանգել ու սպանել են:

24-ամյա երիտասարդի մայրը՝ Անահիտ Խալաֆյանը, երեկ «Ազատություն» ռադիոկայանին պատմել էր, որ որդու մարմնի վրա կան բռնության ու խոշտանգումների հետքեր:

«Ուղղակի հայտարարում եմ՝ նման խոշտանգում չի եղել», - ասաց Սարգսյանը:

Հարազատների պնդումների վերաբերյալ ոստիկանապետը ասաց. - «Ամեն անգամ նման տեղեկություններ տարածվում են, մանավանդ՝ ժողովրդի լայն խավերի շրջանում. որ ծեծել են, խոշտանգել են եւ այլն: Ես չեմ հիշում մի դեպք, որ նման լուրեր չտարածվեն: Նրանք եղել են չորս-հինգ հոգով, նրանք բոլորը խոստովանական ցուցմունքներ են տվել: Խոստովանական ցուցմունքներ տալուց, իրեղեն ապացույցները ներկայացնելուց հետո խոշտանգման ենթարկելու ուղղակի իմաստը չկա»:

Ոստիկանության Չարենցավանի բաժանմունքում ապրիլի 13-ին մահացած Վահան Խալաֆյանը:
Խալաֆյանի մահված առթիվ, հիշեցնենք, հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով:

Դիտարկմանը, թե, ըստ պաշտոնական հաղորդագրության, Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող գործով առաջ քաշված վարկածների թվում է նաեւ ոստիկանության Չարենցավանի բաժնի աշխատակիցների կողմից Վահան Խալաֆյանին սպանելու վարկածը, Ալիկ Սարգսյանը արձագանքեց. -«Ի՞նչ ծեծելու, ի՞նչ սպանելու մասին է խոսքը: Ինքնասպանությունն ու սպանությունը շատ պարզ մենք կարողանում ենք միմյանցից զատել, ու այստեղ սպանության մասին խոսելը համարում եմ ավելորդ»:

«Ուսումնասիրվում է [սպանության վարկածը]: Թող մասնագետները ուսումնասիրեն, իրենք էլ հրապարակեն իրողությունը», - այդուհանդերձ շարունակեց նա՝ հավելելով, որ պետք է սպասել դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը: Ոստիկանապետը վստահեցրեց, որ որեւէ կերպ չի միջամտել այդ փորձաքննությանը:

«Եզրակացությունը կլինի ռեալ եւ օբյեկտիվ», - ասաց նա: - «Դիահերձման այդ ամբողջ գործընթացին ես ինքս չեմ մասնակցել, չեմ էլ ուզում, որ մերոնք մասնակցեն: Բացառապես որեւէ միջամտություն ուղղակի բացառում եմ... Եթե ոստիկանները մեղավորություն ունեն՝ բոլորը կպատժվեն: Ես ընդամենը սպասում են եզրակացությանը, որը մի քանի օրից կլինի»:

Ալիկ Սարգսյանը հավելեց, որ այժմ ինքը ծառայողական քննություն է անցկացնում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ:

Հարցին, թե արդյոք անցած շաբաթ օրը Նոր Նորքում տեղի ունեցած միջադեպը, երբ թաղային հեղինակություններն ու քրեական տարրերը զինված «ռազբորկայի» էին հավաքվել, չի վկայում անպատժելիության մթնոլորտի մասին, ոստիկանապետը պատասխանեց. - «Սա անպատժելիության հետ եկեք չկապենք, որովհետեւ այսպիսի դեպքեր մշտապես եղել են: Չի բացառվում, որ նորից լինեն: Ես ուղղակի հորդորում եմ ամեն անգամ ոստիկաններին է'լ ավելի շատ ուշադիր լինել, է'լ ավելի շատ օպերատիվ տեղեկատվություն ունենալ, որպեսզի նման մարդկանց նույն պահին կարողանանք վնասազերծել»:

Ոստիկանները «ռազբորկայի» վայրում (Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի)
Հարցին, թե որն է եղել պատճառը, Ալիկ Սարգսյանը պատասխանեց. - «Ուղղակի գումարային ճշտումներ են եղել. մեկը մյուսին գումար է տվել, որից հետո՝ տոկոսների հաշվարկ եւ այլն... Մի խոսքով, որոշել են իրենք թաղային հեղինակությունների միջոցով այս խնդիրը լուծել, որը միանգամից կանխվեց ոստիկանության կողմից: Իսկ թե նրանք կպատժվեն, թե ոչ՝ խնդրում եմ, չկասկածեք: Այս պահին ձերբակալված անձինք ունենք, բոլորը ըստ արժանվույն ստանալու են իրենց պատիժը: Ուղղակի հսկողության տակ է ե'ւ իմ կողմից, ե'ւ դատախազի կողմից, ե'ւ այդ մասին մանրամասն արդեն զեկուցել եմ երկրի ղեկավարին: Նման հանցագործությունների մասնակից կամ ուղղակի նախապատրաստող, մտահղացում ունեցող բոլոր մարդիկ պատժվելու են»:
XS
SM
MD
LG