Մատչելիության հղումներ

logo-print

Շաբաթօրյա «ռազբորկա»-ի առնչությամբ ձերբակալվել է 36 մարդ


Առգրավված զենքի մի մասը: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի:

Առգրավված զենքի մի մասը: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի:

Շաբաթ ուշ երեկոյան Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի շրջակայքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ պաշտոնական աղբյուրները տեղեկացնում են, որ «զանգվածային անկարգություններ կատարողների միջեւ վեճը ծագել է գումարային խնդիրների շուրջ»:

Հայաստանի ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սայաթ Շիրինյանը «Ազատություն» ռադիակայանին հայտնեց նաեւ, որ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով «խուլիգանության» եւ «ապօրինի զենք զինամթերք կրելու» հատկանիշներով:

«Դեպքի վայրից ոստիկանության բաժին բերման են ենթարկվել 55 անձ, որոնցից 36-ը ձերբակալվել են», - ասաց Շիրինյանը՝ հավելելով, որ այս պահին դեռեւս որոշված չէ, թե խափանման ինչ միջոց է ընտրվելու ձերբակալվածների նկատմամբ:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի:
Շիրինյանը ասաց նաեւ, որ դեպքի վայրից հայտնաբերվել է տարբեր մակնիշների 12 ատրճանակ՝ բոլորը լիցքավորված:

Ականատեսների վկայությամբ, ոստկանությունը բավականին օպերատիվ արձագանքել է եւ կանխել է հնարավոր լուրջ արյունահեղությունը: Դեպքի վայր են ժամանել բարձրաստիճան ոստիկաններ:

Թեեւ հայտնաբերվել են լիցքավորված ատրճանակներ, դանակներ.լսվել են կրակոցների ձայներ, այդուամենայնիվ, զոհեր ու վիրավորներ չկան:

Արդեն շաբաթ օրը ինտերնետային որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ էին տարածել, թե միջադեպին մասնակցած անձանց շարքում եղել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կրշքանշանով մարդիկ: Որոշ աղբյուրներ չեն բացառում, որ վիճաբանությունը ծագել է «Բարգավաճ Հայաստան» եւ Հանրապետական կուսակցությունների անդամների միջեւ:

Պաշտոնական աղբյուրները մանրամասներ դեռեւս չեն հայտնում:

«Բարգավաճ Հայաստան»-ի անդամների մասնակցությունը միջադեպին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կտրականապես հերքեց կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ հայտարարելով, թե «Բարգավաճ Հայաստան»-ը որեւէ առնչություն չունի միջադեպին:

ՀՀԿ-ի մամուլի խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը «Ազատություն ռադիոկայանին ասաց, թե «կուսակցությունների [«Բարգավաճ Հայաստան» եւ ՀՀԿ] միջեւ որեւէ խնդիր չկա»:

Այս առնչությամբ Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետը ասաց. - «Խուլիգանություն կատարողները հիմնականում նախկինում դատապարտվածներ ու թմրամոլներ են: Ի պատասխան որոշ լրատվամիջոցներում տեղ գտած շահարկումների, հայտնում եմ, որ անկարգության մասնակիցները որեւէ կուսակցության կամ հասարակական կազմակերպության անդամ չեն»:
XS
SM
MD
LG