Մատչելիության հղումներ

Հարազատները համոզված են, որ Խալաֆյանը մահացել է խոշտանգումներից


Վահան Խալաֆյանի մայրը՝ Անահիտ Խալաֆյանը:
Վահան Խալաֆյանի մայրը՝ Անահիտ Խալաֆյանը:

Ապրիլի 13-ին Չարենցավանի ոստիկանության բաժնում մահացած 24-ամյա Վահան Խալաֆյանի հարազատները այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեցին, որ ոստիկանության բաժնում Վահանը աննկարագրելի խոշտանգումների է ենթարկվել։

Մահացած երիտասարդի մոր խոսքերով, որդու կրծքավանդակին սուր գործիքով արված խաչաձեւ կտրվածքներ են եղել, որովայնի շրջանում 2 անցք է եղել, իսկ ամբողջ մարմինը պատված է եղել կապտուկներով։

Հայաստանի ոսստիկանապետ Ալիկ Սարգսյանը, հիշեցնենք, անցած շաբաթ հրավիրած ասուլիսում հայտարարել էր, թե Վահան Խալաֆյանը ինքնասպան է եղել Պրոֆիլակտիկայի բաժնի պետի պահարանից վերցրած դանակով։

Հեռակա դիմելով ոստիկանապետին, մահացած երիտասարդի մայրը արցունքն աչքերին հարցնում էր, թե այդ ինչպես կարող էր իր որդին դանակով իր վրա խաչաձեև կտրվածքներ անել, հետո էլ 2 անգամ ինքն իրեն հարվածել։ Մայրը վստահ է, որ իր որդուն ոստիկանությունում ուղղակի խոշտանգնել ու սպանել են։

«Դանակով խաչ են արել դոշին, երկու հատ էլ փորն է մտցրած», - հուզված պատմեց նա: - «Թող իմ երեխան գող լիներ, տանեին նստացնեին, ոչ թե սպանեին, դիակը բերեին տանս մեջ դնեին: 2-3 հոգով կանգնել են, մինչեւ երեխաս արյունաքամ է եղել: Առաջին օգնություն ցույց տայիք...»:

Վահան Խալաֆյան
Վահան Խալաֆյանը, նշենք, ոստիկանության բաժին էր տարվել գողության կասկածանքով, սակայն մայրը պնդում է, որ իր որդին այդ գողության հետ կապ չի ունեցել։ Իսկ ոստիկանները նրան բերման են ենթարկել «փող աշխատելու համար»:

Մահացած երիտասարդի հարազատները «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ ոստիկանության աշխատակիցները Վահանին տանից տարել են առավոտյան ժամը 10-ի սահմաններում՝ առանց ծանուցագրի, առանց որեւէ փաստաթղթի՝ ասելով, թե ինչ-որ ծեծկռտուք է եղել, տանում են հարցաքննելու։ Մինչդեռ, ընդգծենք, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը նույն ասուլիսում պնդում էր, թե երիտասարդին բերման են ենթարկել ժամը 16-ն անցն 50-ի սահմաններում։

«Առավոտվա 10-ն անց կեսից մինչեւ 5-ը պահել են երեխային, ինչքան են զխկել… Ոտքերը լրիվ կապտած, երեսը՝ կապտած, տանջելով են սպանել», - հուզված պատմում էր Վահանի մայրը:

Մահացած 24 ամյա երիտասարդի հարազատները փոխանցեցին նաեւ, որ Վահանին այդ օրվա ընթացքում 2 անգամ այցելել են. առաջին անգամ՝ մինչեւ կեսօր, երկրորդ անգամ՝ ժամը 16–ի սահմաններում, երբ նրա համար ուտելիք են տարել։ Ըստ հարազատների, Վահանի հետ իրենց վերջին տեսակցությունից հետո ոստիկանության բաժին է եկել Չարենցավանի քրեական բաժնի պետը։

Հարազատների խոսքով, երբ իրենք մոտ մեկ ժամ անց կրկին վերադարձել են բաժնին՝ այս անգամ ուտելիք բերելով ոստիկանների համար, ոստիկանության Չարենցավանի բաժնի պետի տեղակալ Տոնոյանը իրենց տեղեկացրել է, որ Վահանն ինքն իրեն դանակով խփել է եւ նրան տարել են հիվանդանոց։

Վահան Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցել էր քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Գործն այժմ տեղափոխվել է Հատուկ քննչական ծառայություն։ Անցկացվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Գործով առաջ են քաշվել մի շարք վարկածներ, այդ թվում` ոստիկանության Չարենցավանի բաժնի աշխատակիցների կողմից Վահան Խալաֆյանին սպանելու վարկածը։

Հիշեցնենք, որ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը անցած շաբաթ հրավիրած ասուլիսում հայտարարեց, թե ոստիկանության բաժնում Վահան Խալաֆյանին շատ հանգիստ հարցաքննել են եւ որեւէ բռնություն նրա նկատմամբ չի իրականացվել։

«Պաշտոնապես հայտարարում եմ. որեւիցե մարմնական վնասվածք նրա վրա չկա, որեւիցե ոստիկան նրա վրա ձեռք չի բարձրացրել, չի վիրավորել եւ չի հարվածել», - ասել էր Ալիկ Սարգսյանը:

Առաջիկայում պիտի հրապարակվի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը: Վահանի հարազատները ասացին, որ ամեն ինչ անելու են, որպեսզի ճշմարտությունը բացահայտվի եւ մեղավորները խստագույնս պատժվեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG