Մատչելիության հղումներ

Հայաստանը էներգակիրների գների վերանայման հարցով դիմել է Ռուսաստանի իշխանություններին


Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ էներգակիրների հարցով ՀՀ իշխանությունները դիմել են Ռուսաստանի Դաշնության իշխանություններին և ակնկալում են ստանալ հարցի դրական լուծում:

Այս մասին վարչապետը հայտարարել է հունվարի 16-ին՝ կենցաղային ապրանքների և սննդամթերքի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող մի շարք տնտեսվարողների հետ հանդիպմանը: Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպումը կայացել է տնտեսվարողների խնդրանքով, դրան ներկա են եղել նաև կառավարության տնտեսական բլոկը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարները:

Հայրենական արտադրողները ներկայացրել են իրենց մտահոգությունները՝ տեղական արտադրանքի մրցունակության և աշխատատեղերի պահպանման վրա էներգակիրների գների բացասական ազդեցության վերաբերյալ: Գործարարները խնդրել են վարչապետին՝ ելնելով էներգակիրների գների համաշխարհային դինամիկայից, ԵՏՄ անդամակցության շրջանակներում դիմել Հայաստանի Հանրապետության ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությանը` ներմուծվող գազի սակագնի նվազեցման և արտադրողների համար ազգային արժույթով գնագոյացման խնդրանքով: Գործարարները ներկայացրել են նաև իրենց ծրագրերը, հնարավորություններն ու դիտարկումներն աշխատատեղերի պահպանման և արտահանման խթանման վերաբերյալ:

Վարչապետ Աբրահամյանն անթույլատրելի է համարել որևէ աշխատատեղի կրճատումը: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության և այլ գործընկերների հետ տնտեսական հարաբերությունների առաջընթացն էապես կախված է տնտեսական մրցունակությունը չսահմանափակող էներգակիրների գներից, և նշել է, որ էներգակիրների հարցով ՀՀ իշխանությունները դիմել են Ռուսաստանի Դաշնության իշխանություններին և հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության հետ մեր գործընկերության ռազմավարական բնույթը, ակնկալում ենք ստանալ հարցի դրական լուծում:

Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում ներկայացված բոլոր առաջարկությունները կքննարկվեն կառավարությունում և դրանց հիման վրա կմշակվեն տնտեսվարողներին աջակցության նոր քայլեր և ուղիներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG