Մատչելիության հղումներ

Կարմիր Խաչը հաստատում է՝ կազմակերպության մեքենայի ուղղությամբ կրակել են


Կարմիր Խաչը հաստատում է՝ կազմակերպության մեքենայի ուղղությամբ կրակել են
please wait

No media source currently available

0:00 0:04:41 0:00

Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունը հաստատում է լուրն այն մասին, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանագծում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով կրակել են նաև կազմակերպության ավտոմեքենայի ուղղությամբ։ Կրած վնասների մասին մանրամասներ կազմակերպությունը չի հաղորդում։

Միջազգային կառույցի հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրի ղեկավար Զառա Ամատունին «Ազատության» հետ զրույցում նշեց, որ Չինարի գյուղի բնակիչների խնդրանքով էին կազմակերպության ներկայացուցիչները մեկնել սահմանային գոտի՝ աջակցելու բերքահավաքին։ Կարմիր Խաչը տեղեկացրել էր կողմերին իր առաքելության մասին սահմանային այդ շրջանում։

Միջազգային կոմիտեն ձեռնպահ է մնում հայտարարել, թե կոնկրետ որ կողմն է խախտել հրադադարը։ Ամատունին միայն նշում է, որ հրադադարի ռեժիմը չի պահպանվել, ու երկու կողմերից էլ կրակոցներ են հնչել։

«Երկկողմանի կրակոցների պատճառով մեր կազմակերպությունը որոշում կայացրեց մեր մեքենան անմիջապես դուրս հանել, որպեսզի ոչ մենք, ոչ էլ գյուղացիները վտանգվեին»,- ասաց Ամատունին։

Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն «Ազատությանը» փոխանցեց, որ երբ կոմիտեի ներկայացուցիչների հետ դաշտում էին, ադրբեջանական կողմից կրակոցներ են հնչել։ Կրակել են դաշտում աշխատող կոմբայնի վրա։

Գյուղապետը նշեց, որ Կոմբայնը Չինարի էին բերել հարևան Մովսես գյուղից։ Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը «Ազատության» հետ զրույցում պատմեց, որ կոմբայնը դաշտից դուրս են բերել կրակահերթի տակ։

«Կոմբայնը տարելի էի Չինարի գյուղին երկու օր օգնության, Կարմիր Խաչի պայմանավորվածությունը կար, ժամը լրանալուց երեք րոպե առաջ, այսինքն երեկոյան 7-ին 3 պակաս, սկսեցին կրակոցները, կոմբայնը մնացա դաշտում, երեկ ենք տեղափոխել։ Տեղափոխելու պահին էլ հետևից մի քանի կրակոցներ եղան»,- ասաց Ավալյանը։

Բարեբախտաբար, գնդակոծության արդյունքում վիրավորներ չկան, մինչդեռ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանի խոսքով՝ եթե դաշտում չկարողանան աշխատանքներ կատարել, գյուղացիները առանց հացի կմնան։

Հիշեցնենք, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ էր ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը խորը մտահոգություն հայտնել շփման գծում սահմանային լարվածության ու բռնությունների աճի, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, իրենց բնորոշմամբ, թիրախավորված սպանությունների կապակցությամբ։

Համանախագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքն ու Պիեռ Անդրիոն կողմերին կոչ էին արել կատարել մարդկային զոհերից խուսափելու իրենց պարտավորությունները և անընդունելի էին որակել գյուղերի և քաղաքացիական անձանց նպատակաուղղված թիրախավորումը:

Այս հայտարարությանը հաջորդեց սահմանային լարված իրավիճակի էլ ավելի սրացումը։ Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները հատկապես համանախագահների հայտարարությունից հետո պատահական չէին։

Ալիևը թքած ունի համախագահների կոչերի ու հորդորների վրա, ասում է փորձագետը, նշում, որ Ալիևը որպես դրոշակ շարունակում է ծածանել իր նավթային ռեսուրսները՝ վտանգելով միջազգային իրավիճակը։

«Այստեղ խոսքը այդ նավթային և գազային խողովակից ուղղակի եկած անաշխատ եկամուտներից ուռճացած մի ռեժիմի լկտիության հետ գործ ունենք 21-րդ դարում։ Սա, ես կարծում եմ, անախրոնիզմ է, և դա սպառնալիք է միջազգային անվտանգությանը»,- ասաց Մեհրաբյանը։

Փորձագետի գնահատմամբ, հայկական կողմի նախաձեռնությունը՝ խաղաղության պահպանմանն ուղղված, առանց բռնության սպառնալիքի գործադրման, պատերազմի սպառնալիքի լուծել հարցերը՝ բախվում է ադրբեջանական լկտիության հետ։ Եվ այս պարագայում «Մինսկի խումբը խաղաղասիրական կոչեր անելուն զուգահեռ սպառնալիքները պետք է կոչի իրենց անուններով, հակառակ դեպքում այդ հայտարարությունները որևէ ազդեցություն չեն ունենա Ադրբեջանի վրա»։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի համոզմամբ` դիվերսիոն փորձի կրկնությամբ ու սահմանամերձ գյուղերի ռմբակոծությամբ Ադրբեջանը շանտաժի է ենթարկում միջազգային հանրությանը:

Վերլուծաբանը անդրադառնում է նախորդ շաբաթվա մի շարք հանդիպումներին՝ Բրյուսելում կայացած ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումներին, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Սալբերի Բաքվում տեղի ունեցած բանակցություններին:

Վերլուծաբանը նշում է, որ Ալիևը սպառնացել է միջազգային հանրությանը, որ չի հանդարտվի.- «Կտեսնենք բացահայտ սպառնալիք, շանտաժ միջազգային հանրությանը, որ եթե իրենք Ադրբեջանի պահանջները չբավարարեն, ապա իրավիճակը ավելի կխորանա։ Ալիևը գրեթե սպառնացել է միջազգային հանրությանը, որ ինքը չի հանդարտվի»։

Ադրբեջանի ագրեսիայի մեծացումը, Հայաստանին վախեցնելու փորձն է,նկատում է Սաֆարյանը․- «Փորձում են ոչ միայն սեփական հանրության մոտ բարձրացնել իրենց բանակի համբավը՝ որպես հակառակորդին լուրջ ձեռնոց նետող, այլ նաև փորձարկում են Հայաստանին վախեցնելու, խուճապի մատնելու իրենց ռազմավարությունը»:

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով, Ալիևը դարձել է Հարավային Կովկասի Պուտինը՝ նրան, ինչպես և Պուտինին ձեռնտու է ղարաբաղյան խնդրի չկարգավորված լինելը, որով փորձում է ապահովագրել իր կոռումպացված ռեժիմի հետագա գոյությունը։

«Շահագրգռվածություն դրսևորում է Արևմուտքը, ինչի մասին նրանք բաց տեքստով են ասում, և Ադրբեջանի կողմից այսպիսի խափանարար գործողությունները միանգամայն տեղավորվում են Ռուսաստանի այն քաղաքականության մեջ, ըստ որի Արևմուտքի ցանկացած ջանքերը հետխորհրդային տարածքում պետք է խափանվեն»,- ասաց Մեհրաբյանը։

«Արևմուտքը պետք է խիստ վերաբերվի Ադրբեջանի հետ այնպես, ինչպես Ռուսաստանին է վերաբերվում՝ միջազգային հանրության համերաշխ դիրքորոշումն է հարկավոր Ռուսաստանի զսպման հարցում»,- ամփոփում է փորձագետը։

XS
SM
MD
LG