Մատչելիության հղումներ

Շահնազարյանը կարծում է՝ Ղրիմի հանրաքվեն «օրինականության հետ որևէ կապ չունի»


Մայդանի հետ համերաշխության կոմիտեի ներկայացուցիչ, ընդդիմադիր Դավիթ Շահնազարյանը «Ազատության» հետ զրույցում գնահատելով Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտարարեց, որ Ռուսաստանը իր վարած քաղաքականությամբ հակադրվում է միջազգային հանրությանը և միջազգային իրավունքին:

«Ղրիմում նախ Ռուսաստանի հատուկ ծառայությունները զավթեցին Ղրիմի խորհրդարանի շենքը, այնուհետև Ռուսաստանն իրականացրեց ագրեսիա, օկուպացրեց Ղրիմը, և ընդունվեց հանրաքվեի մասին որոշումը, որը օրինականության հետ որևէ կապ ունենալ չի կարող: Առավելագույնը, որին կարող է հասնել Ռուսաստանը, Ղրիմը կստանա Հարավային Օսեթիայի չճանաչված կարգավիճակը: Իսկ ըստ միջազգային իրավունքի՝ դա ագրեսիա է և օկուպացիա Ռուսաստանի կողմից»,- ասաց Շահնազարյանը:

Հարցին, թե այդուհանդերձ կարծո՞ւմ է, որ Ղրիմը հանրաքվեով կառանձնանա Ուկրաինայից, Շահնազարյանը պատասխանեց․- «Ընդգծում եմ՝ հանրաքվեն որևէ օրինական ուժ չունի»:

Անդրադառնալով Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակի հնարավոր ազդեցություններին տարածաշրջանում, և մասնավորապես Հայաստնում՝ ընդդիմադիր գործիչը նկատեց, որ «Հայաստանը դե ֆակտո մաս է կազմել ռուսական կայսրապետությանը, իսկ Ռուսաստանը գնում է միջազգային քաղաքական և տնտեսական մեկուսացման»:

«Ես կարծում եմ՝ այն, ինչ անում են Հայաստանի իշխանությունները, պահպանել այս իրենց գնահատականը, որ ունեն՝ չեզոք գնահատականը Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, դա միակ ճիշտ որոշումն է: Բայց ինչքան կկարողանան պահել այդ գնահատականը, դժվար է ասել: Անկասկած է, որ Ռուսաստանը քանդվելու է, տրոհվելու է: Հուսանք, որ Հայաստանը կկարողանա պահպանել այդ դիրքորոշումը, որովհետև Ռուսաստանի այդ քաղաքականությունը պաշտպանվել է միմիայն Սիրիայի ռեժիմի կողմից, նույնիսկ Ղազախստանի և Բելառուսի կողմից չի պաշտպանվել: Եթե հանկարծ Հայաստանը պաշտոնապես սատարի Ռուսաստանի այդ քաղաքականությունը, մենք էլ կդառնանք միջազգային հանրության համար լուսանցքային, մարգինալ պետություն»,- ասաց Շահնազարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG