Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Ադրբեջանը ամենառազմականացված երկրների առաջին տասնյակում են


Ռազմաքաղաքական հետազոտություններով զբաղվող Բոննի Կոնվերսիայի Միջազգային կենտրոնը հրապարակել է Ռազմականացման 2013 թվականի ինդեքսը` աշխարհի 149 երկրների համար, որը արտահայտում է 2012 թվականի իրադրությունը: Այստեղ Հայաստանը և Ադրբեջանը հայտնվել են ամենառազմականացված երկրների առաջին տասնյակում. Հայաստանը 4-րդ տեղում է, իսկ Ադրբեջանը` 8-րդ:

Զեկույցի հեղինակները նշում են, որ այս տարվանից իրենց հասանելի է նաև Հայաստանում պահեստազորայինների թվի մասին տեղեկությունը, և, նոր տվյալները հաշվի առնելով, իրենք վերահաշվարկել են նաև նախորդ երկու տասնամյակում Հայաստանի ունեցած միավորները, ինչի հետևանքով Հայաստանի դիրքը զեկույցում զգալիորեն բարձրացել է: Անցյալ տարի, օրինակ, առանց պահեստազորայինների թիվը հաշվի առնելու, զեկույցը Հայաստանը ռազմանականացված երկրների առաջին տասնյակից դուրս էր թողել, մինչդեռ այս տարի արդեն ամբողջական տեղեկատվության հիման վրա Հայաստանը 4-րդն է:

Զեկույցում նշված է, որ ռազմական պոտենցիալի արագ աճը Կովկասում զուգորդվում է հոխորտալի դիվանագիտական հռետորաբանությամբ և Լեռնային Ղարաբաղի երկարատև հակամարտության վերսկսման վտանգով:

Պարզելու համար, թե որքանով է ռազմականացված երկիրը, զեկույցի հեղինակները համեմատել են տվյալ երկրի ռազմական ծախսերը համախառն ներքին արդյունքի և առողջապահությանն ուղղվող ծախսերի հետ, այսինքն` հաշվարկել են, թե իր ողջ տնտեսությունից որքան է տվյալ երկիրն ուղղում ռազմական ոլորտին:

Երկրորդ չափանիշը զինվորականների թիվն է. զեկույցի հեղինակները համեմատել են զինծառայողների և պահեստազորայինների թիվը տվյալ երկրի ընդհանուր բնակչության թվի հետ` պարզելու համար, թե բնակչության քանի տոկոսն է ներգրավված ռազմական ոլորտում:

Երրորդ չափանիշը տվյալ երկրում մեկ շնչին ընկնող ծանր զինատեսակների քանակն է:

Տեղեկատվությունը Բոննի կենտրոնը վերցնում է Ստոկհոլմյան ինստիտուտի ուսումնասիրություններից, Արժույթի միջազգային հիմնադրամի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տրամադրած տվյալներից:

Երկրները գնահատվում են զրոյից մինչև հազար միավոր սանդղակում, որտեղ հազարը առավել ռազմականացվածությունն է ցույց տալիս:

Ուշագրավ պատկեր է ստացվում մի քանի տարիների տվյալները համադրելիս. եթե Հայաստանի ռազմականացումը վերջին տարիներին դանդաղ է առաջընթաց ապրել, ապա Ադրբեջանի դեպքում տարեցտարի ռազմականացման թռիչքային տեմպերն ակնհայտ են: Օրինակ, դեռ 2010 թվականին Ադրբեջանը 15-րդ տեղում էր, իսկ ահա 2012 -ի տվյալներով արդեն 8-րդն է:

Ի տարբերություն Հայաստանի եւ Ադրբեջանի, Հարավային Կովկասի երրորդ երկիրը` Վրաստանը այդքան ռազմականացված չէ. գտնվում է 54 -րդ տեղում` Ֆրանսիայի և Մալազիայի միջև:

Մեր մյուս հարեւաններից Թուրքիան 23-րդ տեղում է, իսկ Իրանը՝ 28-րդ:

Ըստ զեկույցի` 2007 թվականից ի վեր ամենառազմականացված երկիրը Իսրայելն է, Սինգապուրը եւս 2007 թվականից պահպանում է երկրորդ հորիզոնականը, երրորդ տեղում Ռուսաստանն է, հնգյակը եզրափակում է Սիրիան:

Զեկույցը փաստում է, որ Մերձավոր Արեվելքը նախկինի պես ամենա ռազմականացված տարածաշրջանն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG