Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը բացառել է վաղը Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովում Հայաստանի նկատմամբ սահմանափակող միջոցների կիրառումը։
«Խոսքը պայմանագրի փոփոխման մասին չէ։ Պայմանագրում փոփոխություններ կատարելու համար կոնսենսուս է անհրաժեշտ, և Հայաստանը, ինչպես գիտենք, ԵԱՏՄ-ից դուրս գալ չի պատրաստվում: Այնտեղ շատ լավ գիտակցում են ինչպես արտոնությունների, այնպես էլ ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հետ առևտրի ծավալը, ինչը մեծապես հնարավոր է դարձել հենց այն արտոնյալ ռեժիմների շնորհիվ, որոնք գոյություն ունեն Հայաստանի համար»,- ասել է Ռուսաստանի փոխվարչապետը։
Օվերչուկը միաժամանակ պնդել է, թե Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու ծրագրերի շուրջ ստեղծված իրավիճակը զգալի անորոշություն է ստեղծում, այդ թվում՝ ռուս ներդրողների համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Օվերչուկ. Ոչ ոք Հայաստանին ԵԱՏՄ-ից դուրս չի մղում, բայց պետք է արագ կողմնորոշվել«Մենք, անշուշտ, գոհ չենք դրանից, և ձգտում ենք, որ մեր տնտեսական հարաբերություններում որոշակիություն լինի որքան հնարավոր է շուտ», - ասել է ռուսաստանցի պաշտոնյան։
Աստանայում Հայաստանը ներկայացնելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Պաշտոնական Երևանը Մոսկվայից հնչող դժգոհություններին ի պատասխան՝ հայտարարում է, որ Եվրամիության և ԵՏՄ-ի միջև ընտրություն կատարելու պահը չի հասունացել: